Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ հարսի «…»-ով փեսուն լավություն անելու

Հուլիս 31,2010 00:00

Երեկ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչները, ովքեր «ՍՕՍ Արգիճի» նախաձեռնող խումբ են ստեղծել, եկել էին Երեւան՝ լրագրողների հետ կիսելու Արգիճի լճի Գայլաձոր վտակի հունի տեղափոխման վերաբերյալ իրենց մտահոգությունները։

Ըստ tert.am-ի՝ նրանցից Պայծառ Աղաբաբյանն ու Վարդան Գալստյանը նշեցին, որ թեպետ այդ վայրում շինարարական աշխատանքները բնապահպանության նախարարությունը դադարեցրել է, սակայն իրենք չեն հավատում պետական պաշտոնյաներին եւ տարածքում հերթապահություն են սահմանում։ Ըստ գյուղացիների՝ մարզում համառ լուրեր են պտտվում, թե Գայլաձոր վտակի հունը դեպի Վայոց Ձոր է ուղղվում՝ հիդրոէլեկտրակայան աշխատեցնելու կամ շշալցման նպատակով օգտագործելու համար։ Նրանք նշեցին, որ այդ ջրից օգտվող Գեղարքունիքի մարզի 5 գյուղերն էլ ունեն ոռոգման խնդիր։ Այս գյուղերում 1764 հա հողատարածք չի ոռոգվում։ Բնապահպանության նախարարությունը ժամանակին վերոնշյալ հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու թույլտվություն չի տվել՝ պատճառաբանելով, թե ջրային ռեսուրսները սահմանափակ են։ Հետեւաբար, ըստ բնակիչների, ջուրը ոռոգման նպատակով չի ուղղվում Վայոց Ձոր։ «Այնտեղ տեղադրվել են 530 միլիմետրանոց խողովակաշարեր, լեռան կուրծքը քանդել են, կառուցել են խրամուղի, որի միջոցով պետք է տեղափոխվի այդ ջուրը»,- մանրամասնեց Վարդան Գալստյանը՝ նշելով, որ քանի դեռ այդ խողովակներն այդտեղ են, Գայլաձորի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակված։ Բնակիչները հերքեցին բնապահպանության նախարարության պնդումները՝ ԽՍՀՄ տարիներին այդ գետի ջրերը Վայոց Ձոր չեն ուղղվել։ «Խողովակը հուշում է, որ փոքր խողովակ է եղել, ընդամենը արոտի գնացող անասուններին ջրով ապահովելու համար է ջուր բաց թողնվել»,- ասացին նրանք։ Գեղարքունիքի մարզպետը խոստացել է բնակիչների հարցերին պատասխանել 5-10-օրյա ժամկետում, սակայն լրացել է 11-րդ օրը, իսկ պատասխան չկա։ Գյուղացիները տեղեկացվել են, որ հարցը քննարկելու նպատակով բնապահպանության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել։ Սակայն դրա կազմում ընդգրկված չեն գյուղերի բնակիչները, հասարակական կազմակերպությունների, «ՍՕՍ Արգիճի» նախաձեռնող խմբի անդամները։ «Մենք հանձնաժողով չենք տեսել, ամեն օր հերթապահում ենք տարածքում, ոչ մեկը չի եկել։ Կարող է եկել, սեղանի շուրջը կամ ափին՝ ինչ-որ տեղ նստել-գնացել են»,- վրդովված ասացին գյուղացիները։ Նրանք նախազգուշացրին՝ ժողովուրդը չի հանդուրժի ջրի տեղափոխումը եւ կպայքարի մինչեւ վերջ։ Մարզի բնակչությանը զարմացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի պահվածքը, ով, ըստ նրանց, գետի վերաբերյալ հարցին խուսափել է լիարժեք պատասխան տալ։ «Ուրեմն հարցը լուրջ է»,- եզրակացրել են նրանք։ Գյուղացիները հիշեցին նաեւ նախագահի՝ «Սեւանին պարտք ենք» խոսքերը։ «Սրանով ոչ թե Սեւանի պարտքն ենք վերադարձնում, այլ սնանկացնում ենք»,- հիշեցրին նրանք։ Արգիճի գետը Սեւանա լիճ թափվող ամենամեծ գետն է։ Ջրաբանական հաշվարկները փաստել են, որ միայն Արգիճի գետի ջրի շնորհիվ Սեւանի մակարդակը տարեկան բարձրանում է 12 սմ-ով։ «ՍՕՍ Արգիճի» նախաձեռնող խմբի անդամներն ահազանգում են՝ գետի ջուրն այլ մարզ ուղղելով՝ ոչ միայն ոռոգման ջրի, այլեւ բնապահպանական խնդիրներ են առաջանում։ Գայլաձոր վտակը Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակների՝ իշխանի, բեղլուի, բոջակի, ինչպես նաեւ բադերի բազմացման վայր է հանդիսանում։ Այդ վայրում են աճում նաեւ հազվագյուտ բույսեր՝ հայկական սխտորը, հովտաշուշանը, բուժիչ ավելուկը։ «1-2 տարի անց այդ գողտրիկ վայրը կվերածվի անապատի»,- ահազանգեցին բնակիչները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել