Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԵԿԵՏՆ ԷԼ Ո՞ՆՑ Է ԼԻՆՈՒՄ

Հուլիս 31,2010 00:00

\"\"Ագարակի սահմանակետում նստած քսայուղերի եւ զտիչների ներկրմամբ
զբաղվող մի ընկերություն «օրինականորեն» թալանում է հայ գործարարներին:

Հունիսի 24-ին «Առավոտը» մի քանի գործարարներից բողոք ստացավ, որ Ագարակի մաքսակետում Իրանից Հայաստան մտնող յուրաքանչյուր մեքենայից ինչ-որ մի «Վիլա Տրանս ՍՊԸ» գանձում է 6000-ական դրամ գումար: Ընդ որում, գանձումը կատարվում է «օրինականորեն». պահանջում են Ագարակի «Արարատ» բանկի մասնաճյուղում «Վիլա Տրանս» ՍՊԸ-ի հաշվեհամարին մուծել 6000 դրամ (5900 դրամ գումարած 100 դրամ՝ բանկի ծառայության համար)՝ այլապես մաքսային ձեւակերպումները չեն արվի, եւ մեքենան կմնա կանգնած սահմանակետին այնքան ժամանակ, մինչեւ «չմուծվի»: Ըստ ներկրող գործարարների՝ այս թալանը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերից: Ընդ որում, մինչեւ «Առավոտին» դիմելը նրանք փորձել են տարբեր ատյաններից ճշտել՝ հանուն ինչի՞, մատուցած ո՞ր ծառայությունների համար պետք է ՀՀ մտնող յուրաքանչյո՛ւր մեքենա այդ ՍՊԸ-ին նվիրի 6000 դրամ գումար: Իրենց պնդմամբ՝ «Վիլա Տրանսը» բացարձակապես ոչինչ չի անում, ուղղակի նստած է սահմանակետին եւ սպասում է բանկից բերված տեղեկանքին այն մասին, որ իր հաշվեհամարին գումարը մուծված է, որից հետո նոր մեքենաներին թույլ են տալիս սահմանն անցնել:
Տեղեկացնենք, որ գործարարները շեշտում էին՝ չնայած չենք հասկանում, թե ինչու ենք այդքան գումար մուծում, բայց եթե իմանանք, որ մեր մուծած գումարները պետբյուջե են մտնում, մեր երկրին գոնե մի օգուտ տալիս են, ինչ-որ տեղ կհամակերպվենք, սակայն այսպիսի բացահայտ ռեկետին չենք ուզում ենթարկվել:
2009թ. դեկտեմբերին այս թալանից վրդովված գործարարները հարցումով դիմել են կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանին, այս տարվա մարտին դիմել են պետական եկամուտների կոմիտեի պետ Գագիկ Խաչատրյանին, դրանից հետո՝ վարչապետի վերահսկողական ծառայությանը, թեժ գծին… Որեւէ պատասխան մինչեւ մեկ շաբաթ առաջ ներկրող ընկերությունները չէին ստացել: Ահազանգը ստանալուն պես՝ նույն հարցումով՝ մատուցած ո՞ր ծառայությունների համար են այդ ընկերությունները գումար մուծում «Վիլա Տրանսին», եւ ի՞նչ կապ ունի մաքսային ծառայությունը այդ ՍՊԸ-ի հետ, դիմեցինք Պետեկամուտների կոմիտե: Չնայած մեր պարբերաբար հիշեցումներին եւ ՊԵԿ-ից ստացված խոստումներին, որ շուտով կպատասխանեն՝ հարցումից ավելի քան մեկ ամիս անց էլ այդ գերատեսչությունից որեւէ պատասխան չստացանք: Միայն այդ հանգամանքն արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս «Վիլա Տրանսի» գործունեության օրինականության կապակցությամբ:
Մի քանի օր առաջ բողոքող ընկերություններին վարչապետի վերահսկողականից պատասխանել են, թե համաձայն ՊԵԿ-ից ստացված պարզաբանման՝ այդ ՍՊԸ-ն վերջերս ինչ-որ լիցենզիա է ստացել (այսինքն՝ մինչեւ հիմա գործում էր անօրինականորե՞ն), պայմանագրեր է կնքել տրանսպորտային ընկերությունների հետ, եւ որ իբր այդ ընկերությունները չափազանց գոհ են «Վիլա Տրանսից», որի գործունեության շնորհիվ մաքսանենգությունը նվազել է… Մի խոսքով, բոլոր հիմքերը կան, որ «օրինական ռեկետը» կշարունակվի: Նկատենք, որ այս ընթացքում մենք տարբեր ընկերություններից ճշտեցինք, որ, օրինակ, Բագրատաշենի սահմանին ոչ մի ՍՊԸ էլ չկա նստած, եւ մեքենաները պարտավորված չեն աներեւույթ ծառայությունների համար գումարներ մուծել չգիտես ում:
Ամենահետաքրքիրն այն է, որ այս ընկերությունը «Սփյուռ» տեղեկատուում, այն էլ 2010թ. ապրիլի 30-ին թարմացված տվյալների համաձայն, գրանցված է որպես «յուղերի, քսանյութերի, զտիչների ներմուծում եւ վաճառք» գործունեություն իրականացնող ընկերություն: Իսկ ըստ «Գործարար տեղեկատու» դասակարգչի՝ «Վիլա Տրանսն» իրականացնում է «ոչ պարենային ապրանքների առեւտուր եւ ներմուծում», այդ թվում՝ «զտիչներ (ֆիլտրեր)՝ հիդրավլիկ, ավտոմեքենաների համար, զտիչներ՝ յուղի, ավտոմեքենաների համար, զտիչներ՝ վառելիքի, ավտոմեքենաների համար, զտիչներ՝ օդի, ավտոմեքենաների համար, իլիկայուղ, հակասառիչներ, հեղուկներ՝ մեղմիչի, յուղ՝ արդյունաբերական, յուղ՝ հիդրավլիկ, յուղ՝ շարժիչի, յուղ՝ տուրբինի, յուղ՝ փոխհաղորդակի (տրանսմիսիոն), քսուքներ՝ բազմաֆունկցիոնալ, քսուքներ՝ ընդհանուր նշանակության, քսուքներ՝ ջերմակայուն, քսուքներ՝ սարքի»: Բացի այդ՝ իրականացնում է տրանսպորտային ծառայություններ՝ «փոխադրումներ եւ հարակից ծառայություններ՝ բեռնափոխադրումներ՝ ավտոմոբիլային (ԱՊՀ), բեռնափոխադրումներ՝ ավտոմոբիլային (Հայաստան, Մեղրի), բեռնափոխադրումներ՝ ավտոմոբիլային (Ռուսաստան), բեռնափոխադրումներ՝ ավտոմոբիլային (Վրաստան), բեռնափոխադրումներ՝ ավտոմոբիլային (Ուկրաինա)»:
Համաձայնեք, որ այս ծառայություններից ոչ մեկն արժանի չէ, որ Ագարակով ՀՀ մտնող յուրաքանչյուր մեքենա «Վիլա Տրանսին» որպես շնորհակալություն 6000 դրամ մուծի:
Այդուհանդերձ, որոշեցինք զանգահարել այս ընկերություն, որպեսզի իրենցից պարզենք որոշ մանրամասներ: Մեր նախնական տեղեկություններով՝ «Վիլա Տրանսի» տնօրենի անունը Դավիթ Հարությունյան էր: Զանգահարեցինք ընկերության հեռախոսահամարով: Հաջորդող խոսակցությունը մեջբերում ենք բառացի.
– Բարեւ Ձեզ, «Վիլա Տրա՞նս» եմ զանգահարել:
– Այո:
– Կներեք, Դավիթ Հարությունյանի հետ կարո՞ղ եմ խոսել:
– Դավիթն է:
– Պարոն Հարությունյան, Ձեզ «Առավոտ» օրաթերթից են զանգահարում: Ինձ հետաքրքրում է, թե ձեր ընկերությունը մատուցած ո՞ր ծառայությունների համար է հանրապետություն մտնող մեքենաներից 6000-ական դրամ գանձում:
– Բայց ինչի՞ եք հարցնում:
– Ուղղակի հետաքրքիր է, քանի որ գործարարներն էլ չեն հասկանում, թե ինչու են ձեզ վճարում:
– Գիտեք, ես գործ չունեմ:
– Այսի՞նքն:
– Ես էլ կապ չունեմ այդ ընկերության հետ, արդեն յոթ ամիս է՝ տնօրեն չեմ (նկատենք, որ «ռեկետը» սկսվել է հենց յոթ ամիս առաջ- Մ. Բ.):
– Իսկ ո՞վ է տնօրենը:
– Ի՞նչ կարեւոր է:
– Շատ կարեւոր է:
– Էմին Զաքարյանը:
– Բա որ տնօրենը չեք, կապ չունեք այդ ընկերության հետ, ի՞նչ եք անում այդտեղ, ես հարցրեցի, չէ՞՝ «Վիլա-Տրանսից» է, ասացիք՝ այո:
– Հա, բայց հիմա ստեղ ուրիշ հիմնարկ էլ կա:
– Լավ, բայց մինչեւ յոթ ամիս առաջ տնօրեն եք եղել, չէ՞, չգիտե՞ք, թե ինչ գործունեություն եք ծավալել, ի՞նչ ծառայություններ եք մատուցել, որ փող եք վերցրել:
– Չէ, ես ոչ մի բան չգիտեմ:
– Իսկ ե՞րբ զանգեմ Էմին Զաքարյանի հետ խոսելու համար:
– Ես չգիտեմ:
Հ. Գ. Ի դեպ, Էմին Զաքարյանը Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի զարմիկն է: Իսկ Մ. Զաքարյանը Սյունիքի մարզպետի ամենամտերիմ մարդկանից մեկի համբավն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել