Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի ու Սարգիս Գեւորգյանի գործով դատաքննությունը: ՀԱԿ ակտիվիստները առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր չեն ճանաչել: «Ա1+»-ի մատուցմամբ, այն բանից հետո, երբ մեղադրող Հարություն Հարությունյանն իր մեղադրական եզրակացության մեջ նշել է, թե ամբաստանվողները մասնակցել են օրենքով սահմանված կարգի խախտումով կազմակերպված հրապարակային զանգվածային միջոցառումներին, Ս. Գեւորգյանը դատավորի հարցին, թե՝ արդյոք հասկանալի՞ է իրեն առաջադրված մեղադրանքը, պատասխանել է. «Ոչ, ինձ համար ընկալելի չէ այն, որ Հայաստանում զանգվածային կամ ոչ զանգվածային միջոցառումներին մասնակցելը քրեորեն պատժելի է: Ես գտնում եմ, որ քրեական հետապնդումն ապօրինի է»:
Երեկվա դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանի՝ մեղադրողին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Ըստ պաշտպանի, դատախազը չպետք է հաստատեր մեղադրական եզրակացությունը, պետք է վարույթը կարճեր ու դատարան չուղարկեր: Դատական երեկվա նիստը հետաձգվել է դրա վկաներից 3-ի եւ մեկ տուժողի բացակայության պատճառով: