«Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողների նամակի կապակցությամբ երեկ նկատեց Հանրային խորհրդի
նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հանրային խորհրդի երեկ կայացած փոքր խորհրդի նիստի օրակարգային հարցերից մեկն առնչվում էր կրթական ոլորտին եւ օտարալեզու դպրոցներին: Ընդհանուր կրթական համակարգի վերաբերյալ ՀԽ-ին Վազգեն Մանուկյանի ուղղած բաց նամակը քննարկվել էր մի քանի ենթահանձնաժողովներում: Եվ Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը առաջարկությունների փաթեթ է ներկայացրել, որը կքննարկվի սեպտեմբերին եւ կտեղադրվի ՀԽ պաշտոնական կայքում:
Անդրադառնալով Հանրային խորհրդին «Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողների ուղղած բաց նամակին՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ հիշեցրեց. «Մենք այդ որոշմանը դեմ ենք քվեարկել: Բայց քննարկումը Հանրային խորհրդում ընթացել է օտարալեզու դպրոցների մասին: Այսինքն՝ քննարկման արդյունքում այդ քվեարկության հիմքում ընկած է «Լեզվի մասին» օրենքը չփոխելու հարցը»: Եվ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբերդի նամակին՝ նշեց. «Կարծում եմ, այն կարելի էր ավելի լուրջ կազմել: Բայց նամակում արծարծված են բավական լուրջ հարցեր: Եթե խոսքը համաշխարհային կառույցներում հայերի ինտեգրման մասին է՝ ինտեգրումը օտարալեզու դպրոցներով չէ: Բայց հիմա չեմ ուզում դա քննարկենք: Նամակ են գրել, եւ փաստորեն ստացվում է, որ օրենքի անցկացման կամ չանցկացման պատասխանատվությունն իրենց կողմից դրվում է Հանրային խորհրդի վրա: Ես միայն ուրախ եմ դրա համար»:
Նշեց, որ դրանից հետո բաց նամակ են ստացել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբից. «Եվ այդ նամակում բավականին սառնասրտորեն, առանց էմոցիաների որոշակի պատասխաններ են տրվում Ռուբեն Վարդանյանի նամակին»: Նշեց նաեւ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի, Վանաձոր քաղաքի մտավորականների նամակը: Այստեղ նման տողեր կան. «Մենք տեղյակ ենք, որ Հանրային խորհուրդ են հասնում նաեւ օրենսդրական այդ փոփոխությունը գովերգող շինծու նամակներ»: «Առավոտի» հարցին, թե իրո՞ք նման նամակներ են ստացել՝ Վազգեն Մանուկյանը պատասխանեց բացասաբար. «Ոչ, մենք բաց նամակները երբ ստանում ենք՝ կայքում հրապարակում ենք, առանց որեւէ խտրականության»:
Հիշատակելով այս բոլոր նամակները՝ պրն Մանուկյանը նիստի ընթացքում ասաց. «Կարծում եմ, որ մենք պետք է չշտապենք: Մենք դեռ տարբեր կազմակերպություններից, տարբեր կոլեկտիվներից նամակներ կստանանք: Այդ նամակների հիման վրա մենք կքննարկենք: Ես կարող եմ, ասենք, անձնական նամակ ուղղել Ռուբեն Վարդանյանին՝ ասելով, թե մենք այդ հարցը կքննարկենք, բայց մեր նախորդ դիրքորոշումն այսպիսին է: Սեպտեմբերին մի անգամ էլ կքննարկենք այս հարցը»: Եվ հավելեց. «Նամակի մեջ բավական հետաքրքիր մտքեր կան, որոնց կա՛մ պիտի համաձայնես, կա՛մ լուրջ պատասխան տաս, բայց չի կարելի արհամարհական վերաբերվել»:
Հ. Գ. Բավական հետաքրքիր էր նաեւ ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգային մեկ այլ՝ Երեւանի քաղաքաշինական ու բնապահպանական հարցերի քննարկումը, որի նախաձեռնողը Կարինե Դանիելյանն էր: «Երեւանի հիմնախնդիրը Սեւանից պակաս չէ, ինչո՞ւ չառաջարկել ՀՀ նախագահին՝ Երեւանի հիմնախնդրով զբաղվելիք հանձնաժողով եւս ստեղծել»,- ասաց տիկին Դանիելյանը: Նա եւ ՀԽ բնապահպանության ենթահանձնաժողովը բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել՝ մասնավորապես վերանայել Երեւանի գլխավոր հատակագիծը, վերականգնել քաղաքի էկոլոգիական ոստիկանությունը, ընդունել օրենքներ Երեւանի կայուն զարգացման եւ Էկոլոգիական փորձաքննության մասին: Վլադիմիր Մովսիսյանի կարծիքով, պետք է նաեւ օրենք ընդունվի, որով կդադարեցվի Երեւանի մեխանիկական աճը: ՀԽ փոքր խորհուրդը Կարինե Դանիելյանին, Վլադիմիր Մովսիսյանին, Վազգեն Սաֆարյանին, Յուրի Ջավադյանին եւ Ռոբերտ Ամիրխանյանին առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ: Եվ քննարկումներից հետո՝ մինչեւ սեպտեմբերի կեսերը, կներկայացվեն արդեն լրամշակված առաջարկություններ: