Interfax-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրելու, որով փոփոխություններ են մտցվելու Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրում։ Մասնավորաբար՝ «Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազան, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթը կատարելուց, Հայաստանի զինված ուժերի հետ ապահովում է այդ հանրապետության անվտանգությունը»։ Նշված նպատակներին հասնելու համար Ռուսաստանը «աջակցություն է իրականացնում Հայաստանին ժամանակակից եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու հարցում»,- նշվում է արձանագրության նախագծում։ Արձանագրության նախագծում առաջարկվում է պայմանագրի 26 հոդվածը հետեւյալ խմբագրման ենթարկել. «Պայմանագիրը գործում է 49 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար երկարացվում է հաջորդող 5-ամյա ժամանակահատվածների համար, եթե կողմերից որեւէ մեկը ոչ պակաս, քան պայմանագրի հերթական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին»։