Դեմոգրաֆիկ պատկերը կստիպի՞ «ճիշտ» լուծումներ գտնել
ՀՀՇ համագումարի իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական շեշտադրումներից մեկն էլ Հայաստանի դեմոգրաֆիական վիճակն էր, որն, ըստ ՍԴՀԿ անդամ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի, մեզանում պատշաճ արձագանք չստացավ: Հիշեցնենք, որ առաջին նախագահը, մասնավորաբար, ասել էր, որ առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը. «Այս պարզագույն ճշմարտության չգիտակցումն արդեն իսկ հանգեցրել է անշրջելի կորուստների, որոնցից ամենավտանգավորը վերջին տասներկու տարիների ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության թվաքանակի զգալի նվազումն է, ինչի հետեւանքները, շուտափույթ լուծումներ չգտնելու պարագայում, աղետալի են լինելու։ «Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակումների պայմաններում» միտքը տրամաբանության հետ կապ ունի միայն մեկ իմաստով, այն է՝ «Հարյուր տարի հետո Հայաստանը կարող է զարգացած, բայց հայազուրկ տարածք լինել»։ Ցավալին այն է, որ սա ոչ թե պահի տակ արտահայտված պատահական միտք էր, այլ քոչարյանական վարչակազմի քաղաքական հավատամքը։ Հարցերի հարցն, այսպիսով, ժողովրդագրությունն է՝ դեմոգրաֆիան, որը, XI դարից սկսած, եղել է հայ ժողովրդին բաժին ընկած բոլոր դժբախտությունների պատճառը»:
Առաջին նախագահի այս ելույթից հետո եղած մեկ-երկու մեկնաբանություններում խնդիրը դիտարկվել էր միայն միգրացիոն երեւույթների, տեղաշարժերի մակարդակով: Պարոն Մկրտչյանը հիշեցնում է, որ ժողովրդագրությունը բազմաթիվ ցուցանիշների հիմք ունեցող գիտություն է, իսկ դրանցից մեկը ծնելիության մակարդակի կտրուկ անկումն է, ինչի հիմնական պատճառն, ըստ նրա, վերարտադրողական առողջության տարիքի մարդկանց բացակայությունն է երկրից: Նախորդ տարիների նկատմամբ ծնունդների թվի 3000-ով ավելացումը, որը շաղկապվեց ծննդօգնության բնագավառում սերտիֆիկատների ներմուծմամբ, նորաստեղծ ընտանիքներին որոշակի սոցիալական հատկացումների հետ, նախկին նախարարը, հղում անելով նույն պաշտոնական ժողովրդագրական տվյալներին, փաստում է, որ պայմանավորված է ընդամենն ամուսնությունների թվի որոշակի աճով: Իսկ 1990-ի ցուցանիշների հետ համեմատությամբ, ըստ մեր զրուցակցի, երբ ծնունդների թիվը հասնում էր 82 հազարի, հիմա կիսով չափ նվազել է՝ մոտ 42 հազար: Ըստ նախկին նախարարի, վերջին տարիների ընթացքում 3-4 տարով նվազել է նաեւ մարդու կյանքի միջին տեւողության ցուցանիշը: Եվ որ ոչ պակաս կարեւոր է՝ ՀՀ տարածքում տարիքասեռային բաշխվածության ցուցանիշը. «Սահմանամերձ շրջաններում ունենք ծերացող բնակչություն: Այն շերտը, որը պետք է ժողովրդագրական ցուցանիշների բարելավման ներդրում իրականացներ, բացակայում է հանրապետությունից: Սրանք, բնականաբար, չեն կարող մտահոգիչ չլինել, քանի որ եւ սոցիալական, եւ տնտեսական, եւ քաղաքական հիմքեր ունեն, ու առաջին նախագահն իր ելույթում միանգամայն ճիշտ նշեց, որ ժողովրդագրական նման պատկերն է նաեւ, որ անհրաժեշտ է քաղաքական ճիշտ լուծումներ գտնել, որպեսզի պետությունը գոյատեւի: Վերջապես հանրության հետ խոսվեց բաց՝ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին»: Պարոն Մկրտչյանը ռուսամետ չէ, բայց համամիտ է, որ այս տարածաշրջանում խնդիրները լուծելու համար առաջնային դերը պատկանում է ՌԴ-ին. «Ես հայամետ եմ, իմ երկրի քաղաքացին եմ, հայ եմ, շատ սիրում եմ իմ երկիրը, նվիրված եմ երկրիս եւ ուզում եմ, որ այն լավը լինի: Ես կողմնակից եմ համաշխարհային գործընթացներին ինտեգրվելուն, բայց մեր երկրի աշխարհագրական դիրքը եւ գործընթացները թելադրում են, որ հետխորհրդային տարածքում ՌԴ-ն թելադրող է»: