Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը միանշանակ նախընտրում է հանգստանալ Հայաստանում: Նրա խոսքերով՝ «Հայրենիքում հանգիստը լիակատար է այն ժամանակ, երբ ամբողջ տարին ազգիդ համար աշխատել ես: Ինձ մոտ միշտ այնպես է ստացվել, որ չեմ կարողանում ամառային արձակուրդների ժամանակ վայելել հանգիստս. միշտ շատ կարեւոր միջոցառումներ են լինում: Բայց, եթե կարողանում եմ հանգստի համար ժամանակ ապահովել, ապա նախընտրում եմ լինել այնտեղ, որտեղ բնություն կա. ինձ համարում եմ բնության մարդ: Սկզբունքորեն չեմ գնա Անթալիա, երբեք հանգստանալու համար ժամանակս այնտեղ չեմ վատնի: Դա ինձ համար սկզբունք է եւ, ըստ իս, բոլորի համար հասկանալի է՝ ինչու: Այն մարդն՝ ով հայրենիքի զգացողությունը իսկապես ունի, իրեն թույլ չի տա մեկնել Անթալիա: Չեմ ցանկանում ոչ ոքի մեղադրել: Համաձայն եմ, որ լիարժեք հանգստի համար լավ պայմաններ են պետք, բայց Հայաստանում էլ կան այնպիսի վայրեր՝ որտեղ պայմանները արդարացնում են սպասելիքներդ»:
Հարցին՝ Անթալիայում հանգստանալը որքանո՞վ է խոսում մարդու ոչ հայրենասեր լինելու մասին, Լ.Սարիբեկյանն ասաց. «Գուցե ինձ ծայրահեղական համարեն, բայց ինձ համար դա այդպես է: Ես ինձ չեմ պատկերացնում այդ երկրում»: