Բարսելոնում մեկնարկել է աթլետիկայի Եվրոպայի 20-րդ առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացնում է երեք հոգի՝ Արմեն Անդրեասյանը (100 մետր վազք), Ամալյա Շառոյանը (400 մետր արգելավազք) եւ Արսեն Սարգսյանը (հեռացատկ):
Մեր մարզիկներից առաջինն ասպարեզ է մտել Արմեն Անդրեասյանը, որը խիստ անհաջող մրցելույթ է ունեցել: Հայաստանցի արագավազորդը նախնական մեկնարկում ցույց է տվել 11,01 արդյունք եւ գրավել է վերջին տեղը:
Հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանից հետո, մենք մեր աթլետների հետ նման բարձր մակարդակի մրցումներում լուրջ հույսեր չենք կապում: Բայց, որ նրանք պետք է աշխատեն գերազանցել, կամ թեկուզ կրկնել իրենց իսկ լավագույն ցուցանիշերը, երկու կարծիք լինել չի կարող: Արմենի պարագայում հակառակը կատարվեց: Մարզաձեւի ֆեդերացիայից երեկ մեզ ասացին, որ նա 100 մետրը հաղթահարում էր 10,45 վայրկյանում: Իսկ որպես վատ մասնակցության պատճառ՝ բերեցին երկու հիմնավորում: Առաջինը, որ Արմենը ծառայում է բանակում: Իսկ այդ պարագայում ոչ մի մարզիկ, որքան էլ բարձրակարգ լինի եւ որ մարզաձեւն էլ ներկայացնի, լավ մարզավիճակ պահպանել ի վիճակի չէ: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ հունիսին Մալթայում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունից (այստեղ էլ մեր ներկայացուցիչներն առանձնապես աչքի չեն ընկել) վերադառնալու ճանապարհին Արմենը, «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետն անցնելիս, անձնագիրը կորցրել էր, որի պատճառով մնացել է Երեւանում ու զրկվել մյուս թիմակիցների հետ ուսումնամարզական հավաքներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: