Հուլիսի 30-ին եւ 31-ին Կուբանում տեղի կունենա ամենամյա հայկական ավանդական «Սեւ ծովը պարում եւ երգում է» փառատոնը, որն այս տարի նվիրվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին եւ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի 90-ամյակին: Ըստ aysor.am-ի, միջոցառումները կսկսվեն հուլիսի 30-ին Տուապսե քաղաքի Մշակույթի տանը։ Այդ օրը ծրագրված է, մասնավորապես, «Հյուսիսային Կովկասի հայերը» գիտաժողովի եւ գրքերի, գեղանկարչության, կիրառական արվեստի, սպասքի, ազգային խոհանոցի ցուցահանդեսների անցկացում։ Հաջորդ օրը տեղի կունենա Ազգային խոհանոցի տոն եւ Տուապսե քաղաքի եւ Տուապսեի շրջանի ազգագրական եւ էստրադային կոլեկտիվների ելույթը։ Փառատոնը կփակվի հրապարակում՝ տոնական հրավառությամբ։ Ինչպես տեղեկացնում է aysor.am-ը, հայկական մշակույթի փառատոնը կազմակերպվել է Տուապսեի շրջանի «Համշեն» հայկական բարեգործական կրթամշակութային միության կողմից։ Նշենք, որ փառատոնին աջակցելու կամ մասնակցություն ցուցաբերեու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունը ոչ մի գրություն չի ստացել: Ինչպես aysor.am-ին հայտնել են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարությունը միջոցառման հետ որեւէ կապ չունի: