Կամ նոր ներկայացում՝ «Սարերում կյանք կա…»
Վերջերս «Նորք» թատրոնը՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, ներկայացրեց հերթական առաջնախաղը: Թատերասեր հանրության դատին հանձնվեց «Սարերում կյանք կա…» պիեսը՝ ըստ Լիանա Անթառանյանի, ով ոչ միայն պիեսի հեղինակն է, այլեւ ներկայացման հերոսուհիներից մեկը:
«Սա իմ առաջին գործն է: 16 տարի ապրել եմ Մոսկվայում, ծնողներիցս հեռու, ինչի պատճառով խիղճս անընդմեջ տանջում էր… Իսկ երբ ստացա հորս մահվան լուրը, որոշեցի ընդմիշտ վերադառնալ ու ստեղծագործել հայրենիքում»,- պատմում է Լ. Անթառանյանը:
Մեզ հետ զրույցում նա ասաց նաեւ, որ շարունակելու է սցենարներ գրել, գրածներից մեկի հիման վրա էլ շուտով կինոֆիլմ է նկարահանվելու, որի մասին առայժմ չցանկացավ բարձրաձայնել:
Անրադառնալով «Սարերում կյանք կա…» ներկայացմանը, ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը ընգծեց, որ այն հիմնականում կրելու է կոմերցիոն բնույթ: «Չենք պատրաստվում ներկայացումը «սառեցնել» Սունդուկյանի բեմում: Ավելին, փակ դահլիճներից ցանկություն ունենք տեղափոխել բացօթյա տարածք: Օրինակ՝ ցանկություն ունենք ներկայացումը խաղալ սարերում, անտառներում…»,- ասում է ռեժիսորը ու նշում, որ ժամանակին ունեցել են նման փորձ: Բացօթյա խաղացել են «Ախ, ներվեր, ներվերը»:
Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ «Նորք» թատրոնի ուժերով վերականգնվել է Հ. Մաթեւոսյանի «Աշնան արեւը»:
Տեղեկացնենք, որ «Սարերում կյանք կա…» ներկայացումը դուր եկավ հանդիսատեսին. հատկապես գլխավոր հերոսին մարմնավորած Կարեն Ջանիբեկյանի յուրաքանչյուր ռեպլիկից հետո դահլիճում թնդում էին բրավոներն ու բիսերը:
«Առավոտի» հետ զրույցում դերասան Կարեն Ջանիբեկանը հայտնեց. «Ժողովուրդը հոգնել է էժանագին հումորներից ու թիթիզություններից, որ հրամցվում են հեռուստատեսությամբ: Անհրաժեշտ է մի ուժ, որ մարդկանց հոգիները շարժի: Այս ներկայացումը յուրատեսակ դեղատոմս է մեր այն հայրենակիցների համար, ովքեր ծվարել են հայրենիքից հեռու կամ այսօր էլ շարունակում են բռնել օտարության ճամփան: Վստահ եմ, որ այս թեման կհուզի յուրաքանչյուր հայի»:
Տպավորիչ էր ու անկեղծ Ժենյա Մկրտումյանի, Վեներա Թերզյանի, Սամվել Բաղինյանի, Գուրգեն Արզումանյանի, Մխիթար Մելքոնյանի, Գագիկ Ադիլխանյանի, Արթուր Տիգրանյանի խաղը: Նշենք նաեւ, որ հանդիսատեսներից շատերը ներկայացումից հեռանում էին արցունքոտ աչքերով: