Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»

Հուլիս 30,2010 00:00

Արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատճառը պետք է փնտրել պետության ներսում

\"\"


Ես առավել հանգամանորեն կանդրադառնամ շրջափակմանը եւ ղարաբաղյան հարցին տրվող գնահատականներին:
Ոմանք համարում են, որ շրջափակման պայմաններում պետությունը կարող է գոյատեւել, ոմանք համարում են, որ նույնիսկ կարող է զարգանալ, իսկ մի մասին էլ թվում է, որ դրա արդյունքում մենք դատապարտված ենք կործանման:
Ասեմ, որ այդ բոլոր տեսակետներն էլ ճիշտ են: Սակայն դրանցից ամեն մեկը կարող է դառնալ ճշմարտություն միայն իշխանություն (պետություն)-հասարակություն որոշակի փոխհարաբերության դեպքում եւ այն դեպքում, թե քարոզչության միջոցով ի՛նչ են մատուցում հասարակությանը: Մեր հասարակությանը անընդհատ մատուցվում է, որ շրջափակումը քայքայում է մեր տնտեսությունը, որ մենք չենք զարգանում, որովհետեւ ճանապարհներ չունենք, որ մենք շուկա չունենք եւ այլն:
Սակայն ոչ մեկը չի ուզում խոստովանել, որ շրջափակումը չի խանգարում, որ մեր շուկան լինի առատ: Իսկ, որ մեր շուկայի գները բարձր են, պատճառը ոչ թե միայն շրջափակման, այլ առաջին հերթին մենաշնորհների մեջ է: Ոչ մեկը չի ուզում խոստովանել, որ մեր քաղաքացիները արտագաղթում են ոչ թե շրջափակման, այլ սոցիալական եւ հոգեբանական անբավարարվածության, անապահովության պատճառով, որ մեր տնտեսությունը չի զարգանում, որովհետեւ պետական եւ հարկային համակարգի խոչընդոտող վեկտորները առավել գերիշխող են, որովհետեւ տնտեսության՝ մասնավորապես ապրանքային արտադրության, զարգացման համար բարենպաստ պայմաններ չկան:
Ուզում եմ հարցնել, եթե սահմանը բացվի ու այս ամենը մնա նույնը, արդյո՞ք որեւէ բան փոխվելու է, բացի այն, որ մեր հայրենակիցների մի ստվար մասի համար գուցե նոր արտագաղթի գոտի է բացվելու, հեշտանալու է արտագաղթը:
Եթե իշխանությունը եւ հասարակությունը բարիկադի նույն կողմում են, եթե պետության ներսում տնտեսական դաշտը ազատ է մենաշնորհներից, իսկ հարկային համակարգը պարզ է եւ ապրանքարտադրությունը խրախուսող, կարելի է առավելագույնս մեղմել շրջափակման վնասները, նաեւ զարգացում արձանագրել։ Իսկ ընդհանրապես, շրջափակման պայմաններում կարող է զարգանալ այն պետությունը, որի քաղաքացին սոցիալապես ապահովված է, որի քաղաքացին իր նվիրյալն է, որի քաղաքացին հավատում է իր ապագային:
Հայաստանի իշխանությունները եւ իշխող քաղաքական ուժերը փոխանակ այս մասին մտածեին ու փորձեին այդ աղաղակող կործանարար իրողությունները փոխել, բերել-հասցրել են մի հանգրվանի, որից հետ դառնալը իրոք բարդ է, եւ դա փորձում են պատճառաբանել միայն ղարաբաղյան հարցով կամ միայն փակ սահմանով: Եվ այսօր էլ ոչ թե փորձում են գտնել լավագույն լուծումները, այլ անձերի ապագայի, կամ խմբերի շահերով պայմանավորված ձեռնտու լուծումները:
Այսօր նույնիսկ այնքան են առաջ գնացել, որ արդեն Հայաստանի համար կենսական հարցերում հայ ժողովրդին գործոն չեն համարում: Այնքան են առաջ գնացել, որ կարողացել են ժողովրդին էլ հավատացնել, թե ինչ անում են՝ անում են գերտերությունները, մեզանից ոչինչ կախված չէ, որ աշխարհը այսօր այսպես է ուզում, որ աշխարհում այսպես է ընդունված, որ իրենք են որոշելու: Ստացվում է, որ մեր հարցերը, մեր ապագան վճռում են Վաշինգտոնը կամ Մոսկվան: Իսկ Երեւանի եւ մեր անկախ պետության դերը միայն ինֆորմացիան աշխարհի տերերին տանելն ու նրանց վճռին սպասելն է:
Ժողովրդական զանգվածների հոգեբանության մեջ նման գաղափարների ներարկումը աղետաբեր է: Ժողովուրդը պետք է հավատա, որ ինքն է իր ճակատագրի տերը, որ ինքն է վճիռ կայացնողը, ինչը հնարավոր է միայն լեգիտիմ, ժողովրդի վստահությունը վայելող իշխանության պայմաններում: Այլապես իմաստազրկվում են ոչ միայն անկախության եւ անկախ պետականության գաղափարները, այլեւ իմաստազրկվում են այդ պետության մեջ ապրելու, այդ պետությանը վստահելու եւ այդ պետության հետ ապագան կապելու իրողությունները:
Եվ, եթե այսօր մենք բոլորս դա չգիտակցենք, ապա առկա մարտահրավերները ընդհանրապես չենք կարողանալու հաղթահարել: Ես համոզված եմ, որ ժողովուրդը պատրաստ է եւ կարող է այդ թմբիր ներարկող գաղափարներից ազատվել: Դժվարությունը իրականում իշխանություն կրող անհատներն ու քաղաքական ուժերն են, որոնց այն աստիճանի են զոմբիացրել, որ նրանք սեփական մաշկից առավել են հավատում այդ գաղափարներին:
Կրկին վերադառնանք ղարաբաղյան հարցին:
Պատերազմի տարիներին մենք գիտեինք, որ հողը հզոր է իր վրա ապրող ժողովրդով, իրեն կապված մարդկանցով: Եվ կռվում էինք, համոզված լինելով, որ այդ հողի վրա մարդ է ապրելու, որը իր գոյությամբ հաստատագրելու է հաղթանակը: Իսկ որպեսզի մարդը ապրեր, մարդը ոչ միայն պետք է համոզված լիներ, որ հողը սակարկության առարկա չի կարող դառնալ, այլեւ պետք է իրեն ապահով եւ ուժեղ զգար:
Այսքան տարիների ընթացքում, փոխանակ, Արցախը, ազատագրված տարածքները եւ ՀՀ սահմանամերձ շրջանները բոլոր հնարավոր միջոցներով դարձվեին տնտեսսավարման ու ապրելու համար գրավիչ գոտիներ, անընդհատ մարդկանց գլուխները լցրեցին ու շարունակում են լցնել անհասկանալի, ոչնչով չհատուցվող փոխզիջումներով:
Այս տարիների ընթացքում ես համոզված եմ, որ, իրոք, Հայաստանը կարող էր դառնալ տասնապատիկ ավելի հզոր, խիտ բնակեցված, բարեկեցիկ ու սոցիալապես ապահովված երկիր: Բայց դրա համար պետության ղեկը վերցնողները պետք է հավատային ժողովրդի ներուժին, չթալանեին նրան ու թույլ տային, որ ժողովուրդը կառուցեր իր պետությունը: Ոչ թե պարտադրեին այն, ինչ իրենք են տեսնում:
Այսօր էլ, այսքան բանից հետո, շարունակում են պարտադրել: Իրենք տեսնում են, որ պարտադիր պետք է ազատագրված տարածքները տալ, որպես փոխզիջում, թե ինչի դիմաց՝ հայտնի չէ: Իրենք տեսնում են, որ պարտադիր պետք է Հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչվեն: Իրենք տեսնում են, որ այլ ելք չկա, որովհետեւ աշխարհն այդպես է ուզում: Իսկ, եթե աշխարհն այդպես է ուզում, ապա միմիայն այն պատճառով, որ Հայաստանում ոչ լեգիտիմ եւ բազմակողմանի խոցելի իշխանություն է։
Բայց իրականում այդպիսի բան չկա: Իրականում մեր իշխանական համակարգը լցվել է մարդկանցով, որոնց հնարավոր է այս կամ այն միտքը ներարկել եւ ուղղորդել, որոնց հնարավոր է ղեկավարել: Այդ մարդիկ հավատացած են եղել, որ ղարաբաղյան հարցի լուծումը մեզնից կախված չի եղել եւ այսօր էլ մեզնից կախված չէ: Այդ մարդիկ հոգեբանորեն ընդունել են օտարի պարտադրանքը, օտարի ղեկավարումը:
Դրա համար էլ իրենց կողմից տարվող քաղաքականությամբ ոչ թե իրականացրել են պետության ու ժողովրդի հզորացման գործընթացներ, այլ, փողը հայտարարելով բարձրագույն արժեք, լծվել են փող աշխատելու գործին: Արդյունքը այսօրվա իրողություններն են:
Այժմ լուծումների կամ մեր առաջ ծառացած մարտահրավերների մասին: Այն, որ Ս. Սարգսյանը չի ուզենա տարածքներ տալ, դրանում ես որեւէ կասկած չունեմ: Սակայն բանն այն է, որ նա եւ իրեն շրջապատողները որեւէ այլ լուծում, որը իրականացնելի է առանց հասարակության մասնակցության եւ աջակցության, չեն տեսնում: Իսկ հասարակության մասնակցությամբ, ժողովրդի ներուժի օգտագործմամբ պայմանավորված որեւէ լուծում առաջարկել չեն կարող, որովհետեւ իրենց թիկունքում իրենց վստահող, իրենց հետեւող ժողովուրդ չեն տեսնում: Դրանում իրենք համոզվեցին նաեւ Հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ հայ գաղթօջախներում շրջելիս:
Հետեւաբար, իրենց մնում է միայն այնպիսի լուծման համաձայնվել, որը հնարավոր կլինի մատուցել ժողովրդին որպես անխուսափելի իրողություն, որով, իրենց կարծիքով, կգոհացնեն աշխարհի տերերին, որով իրենք հեռու կմնան կորուստների դեպքում որեւէ պատասխանատվություն կրելուց ու որով կպահպանեն իրենց իշխանությունը:
Այդպիսի լուծում չի կարող լինել տարածքների զիջումը, անկախ նրանից, թե ինչ մեկնաբանություն կկցվի դրան: Այդպիսի լուծումը միայն պատերազմի վերսկսումն է, ընդ որում՝ նախապես համաձայնեցված արդյունքով ու սցենարով պատերազմի: Որովհետեւ միայն այդ դեպքում է հնարավոր, որ հայ հասարակությունը համակերպվի տարածքների կորստի հետ, որ այդ կորուստը համարի ոչ թե դավաճանություն, այլ իրողություն, որի մեղավորը Ադրբեջանն է, որի մեղավորը պատերազմն է: Շատերին կարող է թվալ, թե սա անհավատալի սցենար է, սակայն Մարտի 1-ից հետո, Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ինձ համար անհավատալի որեւէ բան չի մնացել:
Սակայն այդ տիպի պարզագույն կոմբինացիաներով ոչ միայն որեւէ մեկին իրենք խաբել չեն կարողանալու, այլեւ առավել բարդացնելու են իրենց առանց այն էլ անելանելի վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել