Նոյեմբերյանի համայնքների միության նախաձեռնությամբ, նորոգվել է Կարմիր գյուղ սարից մինչեւ Սառնաղբյուր (Կոթի գյուղի հեռավոր սար) տանող 4,5 կմ ճանապարհը եւ այդ ճանապարհին գտնվող կամուրջը:
Հեռավոր ամառանոցներ, սարերում գտնվող խոտհարքներ, արոտավայրեր տանող այդ ավտոճանապարհը տարիներ շարունակ չէր նորոգվել, անձրեւներից առաջացել էին փոսեր եւ հեղեղատներ, ճանապարհը դժվարանցելի էր դարձել: 15 օր շարունակ Սամվել Հանիսյանի վարած «Տ-170» տրակտորը հարթեցնում էր ճանապարհը, վերացնում թեքությունները, ճանապարհի եզրին բացում սելավատարներ, ճանապարհը խճապատում: Տրակտորը, բարեգործական հիմունքներով, տրամադրել էր Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն Երկրորդ» ընկերությունը (տնօրեն՝ Ֆլորա Անտոնյան): Իսկ վառելանյութը տրամադրել էին Նոյեմբերյանի, Կոթիի, Դովեղի, Կողբի, Բերդավանի եւ Ջուջեւանի համայնքապետարանները: