Որ հայերենը չդառնա համր խավի լեզու
Երեկ «Լոռին ընդդեմ լոռեցու» լուրով տեղեկացրել ենք, որ Հայաստանի գրողների միության Լոռու բաժանմունքի հրավերով մարզկենտրոն Վանաձորում էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները:
Օտարալեզու դպրոցների դեմ պայքարողները վտանգավոր են համարում մարզերում անիրազեկությունը: Նրանց կարծիքով, մարդը, կարդալով օրինագիծը, բարի տպավորություն է ստանում, քանզի խոսվում է որակյալ կրթության մասին: Թե ինչո՞ւ որակյալ կրթություն չի կարող հայերենով իրականացվել, օտարալեզու դպրոցների կողմակիցները չեն ասում, իսկ հակառակորդները պնդում են, որ եթե օտարալեզու դպրոցի որակը գոհացնի հայ ծնողին, ապա «մեր տաղանդավոր խելացի երեխաներին կներգրավեն, որոնք հետագայում կդառնան հանրապետության վերնախավը, կմտածեն ու կշփվեն այլ լեզուներով, հայերենը կդառնա համր խավի լեզու: Նման բան տեղի է ունեցել շատ լեզուների հետ»: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանը բերում է Լիբանանի փորձը, որտեղ արաբերենը համարվում է Համիդի լեզու եւ քիչ-քիչ դուրս է մղվում, օգտագործվելով միայն ծիսակատարությունների ժամանակ:
«Երբ սովորական քաղաքացուն բացատրում ես, որ հայերենը ետ է մղվելու եւ միայն սահմանափակ քանակի առարկաներ են իրենց երեխաները սովորելու հայերենով, նա մտածելու բան է ունենում»,- ասում է խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Իսկ լոռեցի մտավորականների կարծիքով, օտարալեզու դպրոցների բացումը արտոնող նախագծի դեմ պայքարում մեծ դեր ունեն հոգեւոր առաջնորդները: Մտավորականները կարծում են, որ միայն հախուռն ցույցեր չէ, որ պետք է կազմակերպվեն: Նաեւ նախօրոք ծրագրավորված, համաձայնեցված քայլեր են պետք: ՀՀ գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանի կարծիքով, մեր ազգային որոշ առանձնահատկություններից ելնելով, ծնողը կնախընտրի թեկուզ իր հարեւանից ետ չմնալու համար երեխային տանել օտարալեզու դպրոց: Այս դեպքում՝ բացի սոցիալական բեւեռացումը, առաջ կգա շատ կոշտ, խիստ կրթական շերտավորում: Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության եւ գրականության դասախոս, լրագրող Խորեն Գասպարյանն էլ մտահոգված է, որ օտարալեզու դպրոցների վերաբացմամբ, հայերենը ետ կմղվի, կրկին Խորհրդային Միությունում հանդիպող երեւույթներ կդրսեւորվեն, փողոցում կխոսեն օտար լեզուներով, եւ հայ մարդն իր մայրենի լեզվով նույնիսկ լրագիր ու գիրք չի կարդա. «չի կարդում հայերեն, նշանակում է, օտարանում է իր լեզվից, մշակույթից, ակունքներից, սա ազգային անվտանգության խնդիր է»: Խորեն Գասպարյանը կարծում է, որ անհրաժեշտ է տիրապետել մի քանի լեզվի, բայց ոչ ի հաշիվ մայրենիի: ՎՊՄԻ անգլերենի ամբիոնի ավագ դասախոս, թարգմանիչ Նինա Ջաղինյանն էլ կարծում է, որ ժողովրդին պետք է իրազեկել եւ հնարավորություն տալ հանրաքվեի միջոցով իր կարծիքն արտահայտել. «հաշվի առնելով, որ փոքրաթիվ ազգերը գոյատեւման խնդիր ունեն, պետք է նախ եւ առաջ պահպանենք մեր լեզուն: Մայրենիի հաշվին օտար լեզուներ սովորելը ոտնձգություն է մայրենիի նկատմամբ»: