Սայաթ-Նովա 33 շենքի բնակիչներն անհանգստացած են, որ տանիքի վերակառուցումից հետո իրենց շենքը 7 բալ երկրաշարժին էլ չի դիմանա:
Սայաթ-Նովա 33 շենքի տանիքում բուռն շինարարություն է ընթանում:
Տարիներ ի վեր չբավարարվելով պետական բնակարանային հարմարություններով, մեր քաղաքացիները միշտ փորձել են իրենց 1 սենյակը դարձնել 2, կամ 3-ը՝ 4 եւ այլն: Մի խոսքով, ով ինչպես կարողացել է՝ իր բնակելի տարածքն ընդլայնել է, պայմանները բարելավել: Սա մեզանում արմատավորվել է դեռեւս խորհրդային տարիներից: Իսկ անկախությունից հետո, պարզապես մեծ ուրախություն է շենքի վերջին հարկում բնակվելը, քանի որ շենքի ընդհանուր սեփականությունը համարվող տանիքը, վերջին հարկի բնակիչը տնօրինում է սրտի ուզածի պես: Այսօր մայրաքաղաքում քիչ շենքեր են մնացել, որոնց տանիքը չի օգտագործվում:
Արդեն մի քանի տարի է, ինչ Երեւանի քաղաքապետարանն արգելել է բնակիչներին՝ շենքերին սեփական նախաձեռնությամբ հարկեր ավելացնել:
Սայաթ-Նովա 33 շենքի բնակիչներն անհանգստացած են, որ իրենց 7-րդ հարկի բնակիչները, անտեսելով քաղաքապետարանի որոշումը, ծրագրել են տանիքում ինչ-որ շինարարություն անել: Տանիքում որոշ աշխատանքներ արդեն արվում են: Օրերս «Առավոտի» խմբագրություն դիմած այդ շենքի բնակիչները պատմեցին, որ մոտ 1 տարի առաջ վերջին հարկում նոր հարեւաններ են եկել եւ սկսել տանիքում շինաշխատանքներ կատարել: Բնակիչները նույնիսկ ուրախացել են. «Դե, ասացինք կրուտոյ տղա է, տանիքը նորոգում է, որպեսզի անձրեւաջրերը չլցվեն ներս: Բայց վերջերս, նոր թափով սկսեցին աշխատել: Մուտքի ծխնելույզի մեջ քարեր են թափվում: Հետո նկատեցինք, որ թափով շինարարություն են անում: Տանիքը բավականին բարձրացրել են, պատ են շարել: Դատելով շինաշխատանքներից՝ բնակելի տարածք են կառուցում»: Եթե Սայաթ-Նովա 33 շենքի տանիքում ընդամենը ձեղնահարկ կառուցվի, բնակիչները չեն անհանգստանա: Սակայն նրանք մտավախություն ունեն, որ իրենց առանց այն էլ ոչ սեյսմակայուն շենքի 7 հարկին եւս մեկ հարկ կավելանա: Շենքի բնակիչներից մեկի՝ Սեւակ Այվազյանի խոսքերով. «Դեռեւս խորհրդային տարիներին Մոսկվայից ժամանած մասնագետները մեր շենքի սեյսմակայունությունը ստուգել են եւ հաստատել, որ շենքը 7 բալի կայունություն ունի: Այսինքն, նոր հարկ ավելացնելը վտանգավոր է: Փոխանակ շենքերի ամրացման խնդիրը լուծեն, մի բան էլ խրախուսում են նման երեւույթները: Երբ մենք հետաքրքրվեցինք՝ շինթույլտվություն կա՞, թե՝ ոչ, այդպես էլ ոչ մի պատասխան չստացանք»:
Նշենք, որ մայրաքաղաքի շենքերի մեծ մասի, որոնք կառուցվել են 60-70-ական թվականներին, սեյսմակայունության առավելագույն սահմանը 7 բալ է, մինչդեռ այսօրվա պահանջվող նորմը 9 բալն է: Ինչը նշանակում է՝ մայրաքաղաքի բազմաթիվ շենքեր իսկապես ամրացվելու կարիք ունեն: Ինչ վերաբերում է Սայաթ-Նովա 33 շենքին, ապա Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» պարզաբանեցին. «Սայաթ-Նովա 33 շենքի 7-րդ մուտքի տանիքում մեկ հարկի ավելացում, ինչպես նշել են բնակիչները, չի նախատեսվում։ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն, հ.98, 99 եւ հ.101 բնակարանների մասով ընդամենը նախատեսվում է գոյություն ունեցող տանիքատակի ֆիզիկական չափերի մեջ ձեղնահարկի կազմակերպում։ Տանիքատակի մեջ ձեղնահարկի կազմակերպման քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման հիմք են հանդիսացել 1992թ. «ԸՐՎծԼհհ»-ի եւ 2009թ. լիցենզավորված փորձագետների կողմից կատարված շենքի տեխնիկական վիճակի մասին եզրակացությունները, համաձայն որիոնց՝ տանիքատակի մեջ ձեղնահարկի կազմակերպումը չի սպառնում շենքի սեյսմիկ անվտանգությանը: Որպես հիմք ընդունվել է նաեւ շենքի սեփականատերերի համաձայնագիրը, տվյալ շենքի համատիրության ընդհանուր ժողովի որոշումը (15.12.2009թ. հ.9/4 արձանագրության քաղվածք): Ձեղնահարկի կազմակերպման նախագիծը, սահմանված կարգի համաձայն, անցել է փորձաքննություն եւ երաշխավորվել է համաձայնեցման»։
Սակայն շենքի բնակիչները մեզ վստահեցրին, որ համատիրության ժողովին չեն մասնակցել եւ իրենց համաձայնությունն ու ստորագրությունը չեն տվել անգամ ձեղնահարկ կառուցելու համար. «Ինչպե՞ս կարող էինք մեր համաձայնությունը տալ, եթե մենք ստորագրել ենք այն դիմում-բողոքի տակ, որն ուղարկել ենք նախագահի վերահսկողական ծառայությանը, քաղաքապետարանին եւ այլուր»: