Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էս ծառերը հորդ տնի՞ց ես բերել»

Հուլիս 30,2010 00:00

Փայտե սեղան-աթոռը՝ 8000 դրամ

«Էս սարը իմն է, էս ծառը իմն է».- երեւի թումանյանական այս տողերով են առաջնորդվում այն մարդիկ, ովքեր, իրենց համարելով Հայաստանի անտառների տերն ու տիրակալը, գումար են հավաքում այնտեղ հանգստացող մարդկանցից: «Էդ մարդկանց թվում է, որ եթե փայտե սեղան եւ աթոռ են դրել ծառերի տակ, իրավունք ունեն մեզանից պահանջել 8000 դրամ՝ «տեղի փող»: Չեմ հասկանում, իսկ ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը, այդ ծառերն իրենց հոր տնի՞ց են բերել»,- զայրացած ասում է 43-ամյա Աիդան, ով ընտանիքի հետ որոշել էր կիրակի օրն անցկացնել Աղավնաձորում: «Գուցե մարդիկ մեծ հնարավորություններ չունեն եւ իրենց տնից հաց ու պանիր են վերցնում եւ գալիս անտառ, ինչո՞ւ նրանք պետք է 8000 դրամ մուծեն, դրա փոխարեն՝ միս կառնեին»,- ասում է տիկին Աիդան: Տարածքը ոչ մի հարմարություն չունի՝ շուրջբոլորը աղբ է: «Եթե տարածքը մաքուր լիներ, մարդիկ ստիպված չլինեին իրենց բնական կարիքները հոգալ այս կամ այն թփի տակ, գոնե կհասկանայի, թե ինչի համար եմ վճարում»,- ասում է Աիդան: Շատերը, հեռանալուց առաջ, աղբը թափում էին մոտակա գետը, իսկ նկատողություն անողին էլ ասում, թե փող ենք տվել, թող հավաքեն: Բայց հաջորդ օրը այդ աղբը ստիպված կհավաքի մեկ այլ հանգստացող: Ոմանք էլ սակարկում էին եւ 5000-ով «բարիշում»:
Մոտեցանք գումար հավաքողներից մեկին եւ փորձեցինք պարզել, թե ինչի՞ համար է հավաքվում գումարը եւ ո՞վ է իրենց այդ իրավունքը տվել: «Սեղան-աթոռ ենք ստեղ դրել, լավ կլինե՞ր, որ գետնին նստեիք: Համ էլ տարածքն ենք խնամում»,- ասաց նրանցից մեկը եւ հապշտապ հեռացավ՝ խուսափելով մնացած հարցերից: Տարածքը մաքրելու մասին պնդումները, մեղմ ասած, չափազանցված էին:
«Ո՞վ է տվել էն լրբին սար, սարն ամենքիս է հավասար, ո՞վ կթողնի վեր կենա նա, ամբողջ սարին գա տիրանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել