Այդպիսի կոչ է, ըստ էության, անում ԱԺ նախագահը
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին: Նամակում, ըստ parliament.am-ի, մասնավորապես ասված է.
«Դիմում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հավանական զեկույցի առնչությամբ, որը նախատեսվում է պատրաստել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ նման քայլը կարող էր տեղի ունենալ առանց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ համապատասխան խորհրդակցության:
Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությամբ: Մեր համոզմամբ, նկատի ունենալով բանակցությունների գաղտնիությունը, առանձնահատկությունները եւ զգայուն բնույթը, Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս կայացած նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցային գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն: Հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված որեւիցե նախաձեռնություն ցուցաբերելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ եւ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են հանդիսանում:
ԼՂ հիմնախնդիրը տարբեր միջազգային ատյաններում բարձրացնելու Ադրբեջանի փորձերը նպատակաուղղված են հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի սեփական ընկալման տարածմանը՝ անտեսելով համանախագահների կողմից հռչակած՝ հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների ամբողջականությունը: Հատկանշական է, որ համանախագահ երկրները դեմ քվեարկեցին 2008թ. մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի առաջարկած բանաձեւին՝ պարզաբանելով, որ այն «ընտրողաբար քարոզում է հակամարտության կարգավորման միայն որոշակի սկզբունքներ՝ բացառելով մյուսները»: