Մեր հանրապետությունում կան բավականին շատ մարդիկ, որոնք զբաղվում են կակտուսների աճեցմամբ, բազմացմամբ, ունեն բավականին հարուստ հավաքածուներ: Կակտուսների մեծ մասի հայրենիքը համարվում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան: Աշխարհում կա կակտուսների մոտ 3000 տեսակ, որոնք համարվում են բուսական աշխարհի ամենահետաքրքիր ներկայացուցիչները: Իսկ դրանց ծաղիկները համարվում են ամենագեղեցիկը: Դժվար թե լինի մեկը, որն անտարբեր նայի այդ «փշե հրաշքներին», հատկապես, երբ ծաղկած են: Ժամանակը, որը կակտուսաբույծն անցկացնում է իր կակտուսների հետ, հիանալի հանգստի միջոց է, չնայած որ կակտուսները, հատկապես վեգետացիայի (աճման) եւ ծաղկման շրջանում, պահանջում են ոչ քիչ աշխատանք եւ ժամանակ: Սակայն ոչ մի աշխատանք, թեկուզ ամենածանրը, տհաճ չի լինի, եթե այն բերում է բերկրանք: Կակտուսաբույծի այդ աշխատանքն էլ կակտուսները «վարձատրում» են իրենց առողջ աճով եւ հրաշք ծաղիկներով:
Հանրածանոթ կակտուսների թվին են պատկանում էպիֆիլյումները, էխինոկակտուսները, ռեբուցիաները, ցերեուսները, օպունցիաները, մամիլարիաները, աստրոֆիտումները, պարոդիաները:
Կակտուսների որոշ տեսակների բարձրությունը իրենց հայրենիքում հասնում է 12-15 մետրի, իսկ ցողունի հաստությունը (տրամագիծը)՝ 1,2-1,5 մետրի: Նրանք ծածկված են բազմաթիվ փշերով եւ մազիկներով, որոնք էլ բույսը պաշտպանում են արեւի կիզիչ ճառագայթներից, կենդանիներից, ավելորդ ջուր գոլորշիացնելուց: Կակտուսների ծաղիկների թերթիկները տարբեր գույնի են, իրենց բազմաթիվ նրբերանգներով, բացառությամբ մեկ գույնի՝ կապույտի: Կակտուսների հողախառնուրդը կազմված է գետի ավազից, հողից, փայտածուխի մանր կտորներից: Նրանց վերատնկման ամենալավ ժամկետը համարվում է ապրիլի կեսերից մինչեւ հունիսի առաջին տասնօրյակը: