Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը օտարերկրացիների աչքերով

Հուլիս 29,2010 00:00

Պարզվում է՝ մեզ մոտ լավ է, բայց ոչ մշտական բնակության համար

\"\"

Աջայ Սինը Հայաստան եկել է Հնդկաստանից ու ցանկանում է դառնալ ատամնաբույժ: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Հայաստանում ուսումն ավելի մատչելի է ու բարձր որակ է ապահովում: Իհարկե, ավարտելուց հետո ստիպված եմ Հնդկաստանում հանձնել հատուկ քննություններ, հետո միայն ձեռք բերել օրդինատուրայում սովորելու իրավունք: Հայերդ լավ մարդիկ եք, պարզապես դժվար է ձեզ հետ շփվելը՝ դուք ռասիստ եք»: Աջայի կամ ինչպես ընկերներն են դիմում՝ Աջի, Հայաստանում ապրելու հիմնական դժվարությունը մաշկի գույնն է: Ըստ նրա՝ Հայաստանում իրեն նայում են տարօրինակ հայացքով, երբեմն զզվում, երբեմն էլ վախենում մոտենալ: Նման վերաբերմունք Աջը զգում է տարիքով ավելի մեծահասակներից. «Երեխաներն ավելի առաջադեմ են եւ ավելի լավ են պատրաստված այսօրվա կյանքին: Կարծում եմ, որ նրանք շատ ավելի զարգացած են, քան 30-60 տարեկան հայ մարդիկ»:
Սովորելու նպատակով Հայաստանում են նաեւ Աջի ընկերները, ովքեր նույնպես Հայաստանի մասին տեղեկացել են ինտերնետից: «Մինչ գալս չէի պատկերացնում, որ այսքան հետաքրքիր մշակույթ ունեք ու այսքան լավ խոհանոց»,- Հայաստանի մասին իր տպավորություններն է կիսում Գերմանիայից եկած Վիսամ Նաջին, ով առաջին անգամ տեսել էր Սեւանա լիճը: «Ճիշտ է, ձեր հայրենիքը գեղեցիկ է, բայց ոչ այնքան, որ այստեղ հավերժ ապրեմ»,- հավելեց Վ. Նաջին:
Շահրիար Ադելն էլ, ապրելով Չինաստանում, Հայաստանի մասին գիտի արդեն 10 տարի: Հայրը բիզնեսմեն է եւ, աշխատանքի բերումով, հաճախ է հայտնվել Հայաստանում: Երբեմն նրան ուղեկցել է Շահրիարը: «Հայրս միշտ ասում էր, որ սա հիանալի երկիր է բիզնեսի համար, պարզապես հայերը պետք է սովորեն ավելի ազնիվ լինել: Հաճախ կրկնում էր, որ հայերը չեն կարողանում գնահատել իրենց մշակույթի արժեքները: Երբ եկա Հայաստանում ապրելու, հասկացա, որ հայրս ճիշտ էր: Սակայն այսօր այստեղ շատ բան է փոխվել: Երբեմն նույնիսկ մտածում եմ, որ այն ազգը, որին ծանոթացա տարիներ առաջ, այլեւս նույնը չէ: Հայերը հոգով ավելի վատն են դարձել, բայց արտաքնապես գեղեցկացել են»,- պատմում է Շահրիարը:
Հայաստանում օտարեկրացի երիտասարդները ամենից շատ դիմում են բժշկական համալսարան եւ կոնսերվատորիա: Ուսանողները հիմնականում ապրում են հանրակացարանում կամ վարձում են բնակարաններ:
Մասնագիտությամբ ուրոլոգ, ազգությամբ հնդիկ Աբիջիդ Կհումարն արդեն ավարտել է բժշկական համալսարանը եւ մի քանի օրից մեկնելու է ԱՄՆ: Նա Հայաստանում անցկացրած իր ուսանողական օրերի մասին հիշում է ջերմությամբ: Հիանալի խոսում է հայերեն եւ կիրառում այնպիսի գրական բառեր, որոնցից խուսափում են նույնիսկ հայաստանաբնակները: «Հետաքրքիր է մի քանի հոգով մեկ բնակարանում ապրելը: Մեզանից ամեն մեկը խոհանոցի մեկ օրվա պատասխանատուն է, մյուսները տան մաքրության. բնակարանի վարձը վճարում ենք միասին: Այստեղ միայն մեկ բան է վատ՝ բակում առավոտից-երեկո բղավում են՝ «կարտոոոլ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031