Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԻՐԱԿԸ» ԱՆԴՈՒՆԴՆ Է ԳԼՈՐՎՈՒՄ

Հուլիս 29,2010 00:00

\"\"Հուլիսի 25-ին Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրից հետաձգված «Շիրակ»-«Բանանց» հանդիպումը: Գյումրեցիները հերթական պարտությունը կրեցին՝ բաց թողնելով երեք անպատասխան գնդակ: Սա թիմի 13-րդ պարտությունն էր առաջնությունում: 14 խաղերում «Շիրակը» 37 գնդակ է բաց թողել՝ կարողանալով խփել միայն 3-ը, ինչը բացարձակ անհաջող ցուցանիշ է: Այս ամենի հիմքում, սակայն, ընկած են ոչ այնքան մարզական, որքան տնտեսական, ֆինանսական խնդիրները:
Թիմի ֆուտբոլիստները տեւական շրջան աշխատավարձ չեն ստանում, նրանցից շատերը անգամ չեն էլ մասնակցում մարզումներին, քանի որ ընտանիք պահելու համար գումար վաստակելու այլընտրանքային միջոցների են դիմում: Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, թե թիմը նոր սեփականատեր է ունենալու: Որպես հավանական տարբերակ, նշվում էր Գյումրիի քաղաքապետարանը, ինչպես նաեւ Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկի անունը: Սակայն այդ հեռանկարը դեռ խոսակցությունների մակարդակում է, մինչդեռ, թիմն արդեն անդունդն է գլորվում՝ քայքայվածության պատճառով անգամ փրկության փորձ չկարողանալով անել: Armsport.am կայքին տված հարցազրույցում «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշել է, որ թիմը, հավանաբար, կդադարեցնի ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում, եթե մոտ ապագայում հովանավորության հարցը չլուծվի, քանի որ «Շիրակն» անգամ մրցավայր մեկնելու համար վառելանյութի գումար չունի:
Եթե դա տեղի ունենա, ինչն ամենեւին էլ ցանկալի չէ, ֆուտբոլի Հայաստանի առանց այն էլ աղքատիկ առաջնությունը կարող է զրկվել իր սակավաթիվ մասնակիցներից մեկից՝ անորոշ ժամանակով ու հեռանկարով, իսկ հայկական ֆուտբոլը՝ իր ավանդական դարբնոցից: Ի՞նչ է սպասվում հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակրին ու, արդյո՞ք, կլուծվեն նրա խնդիրները: Այժմ, ցավոք, դժվար է կանխագուշակել: Սա է հայկական ֆուտբոլի այսօրվա դառը դեմքն ու վաղվա ոչ այնքան կայուն հենարանը: Նման իրավիճակում դժվար թե Եվրոպայի դռան բանալիները մենք հեշտությամբ գտնենք:
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը 14 տուրից հետո հետեւյալ տեսքն ունի.
Բանանց 14  11 2 1 34-13 35
Ուլիս 14  10 2 2 24-7 32
Փյունիկ 14 9 2 3 34-14 29
Միկա 14 6   4 4 22-14 22
Իմպուլս 14 5 2 7 11-22 17
Գանձասար 14 4 1 9 11-22 17
Կիլիկիա 14 3 1 10 14-30 10
Շիրակ 14 1 0 13 9-37 3

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031