Հարցազրույց մնջախաղաց, բեմադրիչ Համլետ Չոբանյանի հետ
Համլետ Չոբանյանին չի գոհացնում մշակույթի նախարարության վերաբերմունքը:
Հ. Չոբանյանն ու Լ. Ստեփանյանը՝ «Մագաղաթը» ներկայացման մեջ:
Երեւանի մնջախաղի պետական թատրոնը շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո երեկ մեկնեց մարզային հյուրախաղերի: Գյումրեցի ու վանաձորցի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումներից մեկը՝ «Մագաղաթը», որի սցենարի եւ բեմադրության հեղինակն է թատրոնի առաջատար մնջախաղաց ու բեմադրիչ Համլետ Չոբանյանը: Ժամանակին՝ «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում, լատվիացի մնջախաղային արվեստի գիտակ Մոդրիս Թենիսոնը գովեստի խոսքեր շռայլեց հատկապես հիշյալ ներկայացման մասին:
– Վերջերս հեռուստաելույթներից մեկի ժամանակ զայրույթով խոսեցիք թատերական անարդարությունների, ինչպես նաեւ մեզանում որոշ ժանրերի, այդ թվում՝ մնջախաղի, հանդեպ տածվող անտարբերության մասին…
– Համոզված եմ՝ ոչ միայն մնջախաղային արվեստը, այլեւ թատերարվեստն ընդհանրապես, անտարբերության է մատնված հենց մշակույթի նախարարության կողմից: Ի դեպ, դրա համար չեմ զարմանում այն բանից հետո, երբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Երկաթ» ակումբում արտահայտեց հետեւյալ միտքը՝ եթե ինձ տրվի հնարավորություն որեւէ շենք կառուցելու, ապա ես այն ոչ թե կտրամադրեմ թատրոնի, այլ թանգարանի: Կարող եմ թարմ օրինակ էլ բերել. նախարարության անտարբեր եւ անլուրջ վերաբերմունքն ակնհայտ էր մեր թատրոնի՝ Գյումրիի եւ Վանաձորի հյուրախաղերի առնչությամբ: Քանի որ նախարարությունը խոստացել էր հոգալ գործուղման ծախսերը, մենք էլ նախապես պատվիրել էինք հայտագրեր, գովազդային հոլովակ եւ այլն: Սակայն օրեր առաջ նախարարությունից ծախսերի մասով ստացանք պաշտոնական մերժում: Արդյոք սա, մեղմ ասած, անտարբերություն չէ՞…
– Մնջախաղը արվեստի այն եզակի ժանրերից է, որ չունի լեզվի ընկալման բարդություն: Սակայն ի՞նչն է պատճառը, որ ձեր թատրոնը չունի համապատասխան ճանաչում միջազգային թատերական արենայում:
– Կրկնում եմ. որովհետեւ բացակայում է համապատասխան լուրջ վերաբերմունք մեր թատրոնի նկատմամբ: Այ, եթե պետությունը մշակույթին վերաբերվեր այն չափով, որքան սպորտին, ապա աշխարհում հայ մշակույթն ավելի ճանաչելի կլիներ, այդ թվում՝ նաեւ մեր թատրոնը:
– Դերասան լինելուց զատ, հանդես եք գալիս նաեւ որպես բեմադրիչ: Արդյոք սա տուրք չէ՞ մեզանում արմատավորվող այն երեւույթին, երբ դերասանները վաղ թե ուշ մղվում են դեպի ռեժիսուրա:
– Վստահեցնում եմ՝ դա տուրքի հետ բացարձակ կապ չունի: Մնջախաղի թատրոնում գործեր արել եմ, սակայն «Մագաղաթը» առայժմ միակ ծավալուն ռեժիսորական աշխատանքս է: 2006թ. վերջին թատրոնն ուներ որոշակի ներքին ռեսուրսներ, ինչը պետք է իրացվեր ներկայացման տեսքով: Իհարկե, գումարը չնչին էր, ավելացրի նաեւ իմ սեփական միջոցներից: Ընդ որում, ներկայացում բեմադրելու առաջարկը եղավ թատրոնի տնօրեն Գայանե Ստեփանյանի կողմից: Թատրոնի խաղացանկային ներկայացումներից շատերը, այդ թվում՝ «Մագաղաթը», արժանանալով մեր եւ արտերկրի մասնագետների բարձր գնահատականին, չգիտես ինչու, մինչ օրս գոնե մեկ անգամ նախարարության պաշտոնյաները չեն դիտել:
– Հանդես եք գալիս նաեւ դրամատիկական ներկայացումներում: Ձեզ համար, այնուամենայնիվ, ի՞նչն է կարեւոր՝ խո՞սքը, թե՞ շարժումը:
– Ինձ համար շարժումն էլ է խոսք:
– Այսօր մեզանում միտումներ են նկատվում, երբ վերացվում է գեղարվեստական ղեկավարի հաստիքը ինչպես թատերական, այնպես էլ երաժշտական կոլեկտիվներում: Հնարավոր համարո՞ւմ եք Ձեր թատրոնի գործունեությունը առանց առաջնորդի:
– Աշխարհի առաջատար թատրոնները անուն են ձեռք բերում առաջնորդների շնորհիվ: Նրանք կարող են լինել թե՛ արտիստները եւ թե՛ գեղարվեստական ղեկավարները: Դատողությունները թողնում եմ ձեզ…