Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԵՍ ՄԻԶԱՐԱՆ ԵՎ ՄԵԿ ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔ՝ 30 ՏՂԱՅԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 29,2010 00:00

Եթե սահմանված սանիտարական չափորոշիչներով նայենք՝ Հայաստանում նորմալ դպրոց չկա ու դժվար թե առաջիկայում լինի:

«Աղջիկների եւ տղաների հանդերձարանները պետք է լինեն 10,5 քմ տարածքով, ցնցուղարանները՝ 9 քմ տարածքով, զուգարանները պետք է նվազագույնը լինեն 8 քմ տարածքով, ննջարանային մասը պետք է ներառի առանձին լվացարաններ, զուգարաններ, կոշիկները եւ հագուստը մաքրելու համար, ինչպես նաեւ հիգիենայի սենյակներ: Ննջասենյակներին կից նպատակահարմար է տեղակայել ցնցուղարաններ…»,- սա մեր օլիգարխներից մեկի անձնական մարզասրահի հարմարությունների նկարագրությունը չէ, այլ հանրակրթական դպրոցների կառուցվածքի եւ պահպանման համար սահմանված սանիտարական կանոններն են, որի համար կա առողջապահության նախարարի հրամանը: Ըստ այդ նորմերի՝ մեր դպրոցներում աշակերտների համար պետք է ստեղծվեն իդեալական պայմաններ, մինչեւ իսկ սահմանված է, որ բարձր դասարանի աշակերտուհիների համար պետք է լինեն հարդարման, կանանց հիգիենայի սենյակներ՝ յուրաքանչուր 70 հոգու համար մեկ խցիկ՝ 3 քմ-ից ոչ պակաս տարածքով, էլեկտրաչորացուցիչներով պետքարաններ, այնպիսի պայմաններ, որոնք այսօր միայն շքեղ ռեստորաններում ու ժամանցի օբյեկտներում կարելի է գտնել: Դպրոցը պետք է ունենա մեկ զուգարանակոնք՝ 20 աղջկա, մեկ լվացարան՝ 30 աղջկա համար, մեկ զուգարանակոնք, լվացարան եւ 0,5 միզարան՝ 30 տղայի համար: Պարզ է, որ հանրապետության ոչ մի դպրոցում այս չափանիշները չեն պահպանվում: Սա «Առավոտի» հետ զրույցում հաստատեցին նաեւ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից. «Առ այսօր գոնե մի դպրոց չի ապացուցել, որ նորմալ է եւ համապատասխանում է այդ նորմերին»: Այդ դեպքում, թե ինչու ստուգումներ չեն անում ու չեն տուգանում դպրոցներին՝ տեսչությունից պարզաբանեցին, որ չեն կարող նման ստուգումներ անել. «Կառավարության որոշմամբ՝ մինչեւ 70 մլն դրամի շրջանառություն ունեցող օբյեկտներում ստուգումներ արգելվում է իրականացնել, դրա համար պետք է ստանալ կառավարության հատուկ թույլտվությունը, ուստի, հաշվի առնելով, որ դպրոցներն առեւտրային կազմակերպություններ չեն ու չեն կարող 70 մլն-ից ավելի շրջանառություն ունենալ, փաստորեն, մեզ այլեւս չի թույլատրվում դպրոցներում առհասարակ ընթացիկ ստուգումներ անել ու տուգանել»: Նշենք, որ եթե վարչապետի որոշումը չլիներ՝ տեսչությունն անխտիր բոլոր դպրոցներին պետք է առնվազն 30 հազար դրամով տուգաներ, որովհետեւ մի դպրոցում պետքարանն է փոքր, մյուսում՝ գրատախտակներն են մուգ ներկած, երրորդում՝ լուսավորություն չկա կամ աշակերտների թիվն է շատ եւ այլն:
2006-ի մայիսին Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը սկսեց խստորեն ստուգումներ իրականացնել, ինչը, բնականաբար, հարուցեց տնօրեններից շատերի դժգոհությունը, քանի որ արձանագրված ցանկացած խախտման համար տուգանքը տնօրենը պետք է վճարի իր գրպանից: Շատ դպրոցների տնօրեններ տեսչությանը մեղադրում էին, թե փող հավաքելու տեղ են գտել, որ պետք է չափորոշիչները փոխել, որովհետեւ հնարավոր չէ 45-50 քմ դասասենյակներում մինչեւ 25 աշակերտի հետ պարապել: Ըստ տնօրենների՝ «Եթե մենք խտություն չապահովենք, աշակերտի թվով ֆինանսավորումը չի բավարարի. չենք կարող հոգալ դպրոցի ծախսերը՝ ոչ գազի, ոչ լույսի, ոչ կենսաթոշակի, ոչ էլ աշխատավարձի փող կունենանք։ Ինչպե՞ս անենք: Պատերը հետուառա՞ջ տանք»:
Տեսչության ստուգումներն ու տուգանքներն ինքնանպատակ չեն կարող լինել, որովհետեւ դպրոցների պայմաններից է կախված մեր երեխաների առողջությունը. բավական է պետքարանում հիգիենան լավ չպահպանվի՝ երեխաները լուրջ հիվանդություններով կարող են վարակվել: Ըստ սահմանված նորմերի, դպրոցի անձնակազմը՝ տնօրենը, ուսուցիչները, պետք է ունենան իրենց առանձին պետքարանը եւ իրավունք չունեն օգտվել երեխաների պետքարանից, մինչդեռ այսօր մեր դպրոցների պետքարաններն ընդհանուր են բոլորի համար, եթե ուսուցչուհիներից մեկը, ասենք, որեւէ սեռավարակ ունենա, դա նշանակում է, որ վտանգված է նաեւ աշակերտների առողջությունը:
Սանիտարական կանոնների համաձայն՝ առաջին նստարաններից մինչեւ գրատախտակը հեռավորությունը պետք է լինի 2,4-2,7մ, լույսը պետք է տեղադրել՝ հաշվի առնելով, որ նստած աշակերտների մարմնի եւ ձեռքերի ստվերը 3-ից 4 անգամ իջեցնում է աշակերտական նստարանների վրա բնական լուսավորության մակարդակը եւ այլն: Այս ամենը հաշվարկվել է մասնագետների կողմից, որովհետեւ դրանից է կախված երեխաների տեսողությունը, եթե մեր դպրոցահասակները 30-40 տարեկանում ասեղ թելել եւ առանց ակնոցի կարդալ չկարողանան՝ չպետք է զարմանանք:
Երբ տարիներ առաջ տեսչությունը մայրաքաղաքի դպրոցներից մեկին տուգանել էր, ինչ է թե բակի կողմից ծառերի ճյուղերը շատ մոտ են եղել պատուհանին եւ լուսավորությունը նվազեցրել են՝ տնօրենը լուրջ դժգոհություններ էր ներկայացրել այդ «աննորմալ պահանջների» համար: Հիմա ծառը կարող են տնկել հենց պատուհանին կպած, որովհետեւ այլեւս դասասենյակների լուսավորությամբ եւ երեխաների տեսողական խնդիրներով հետաքրքրվողներ չկան: Ստացվում է, որ առողջապահության նախարարի հրամանը ձեւական գրված է թղթի վրա ու չի գործում: Եթե սահմանված է, որ գրատախտակները պետք է ունենան մուգ կանաչ գույն՝ լույսի ճիշտ անդրադարձման համար, մեր դպրոցներում շարունակում են օգտագործել սեւ, շագանակագույն գրատախտակներ, որտեղ ուզում՝ նստարանները դնում են, երեխաներին էլ ինչպես ուզում՝ տեղավորում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել