Արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատճառը պետք է փնտրել պետության ներսում
Տարբեր առիթներով ես ասել եմ, որ Հայաստանում գործող իշխանությունները իրենց գործունեության արդյունքում ստեղծել են եւ շարունակում են ստեղծել իրավիճակներ, որոնք հետագայում պետության ու ժողովրդի համար ունենալու են աղետալի հետեւանքներ, որոնք անպայմանորեն մեզ կանգնեցնելու են կորուստների առաջ եւ, որ ավելի վատ է՝ դրանց անխուսափելի լինելու գաղափարին համակերպվելու հետ:
Ես հիմնական շեշտը նորից դնելու եմ ղարաբաղյան խնդրի վրա, բայց դա բնավ չի նշանակում, թե իմ ասածը վերաբերվում է միայն արտաքին քաղաքականությանը: Որովհետեւ արտաքին քաղաքականությունը ոչ թե ինչ-որ խնդիրների շուրջը արտաքին աշխարհի հետ հարաբերվելը կամ մեր խնդիրներն աշխարհին գեղեցիկ ձեւով ներկայացնելն է, ինչպես կարող է թվալ շատերին, այլ մեր առաջ ծառացող խնդիրների՝ մեզ հարմար լուծումները արտաքին աշխարհի համար ընդունելի, ցանկալի, անհրաժեշտ դարձնելն ու այդպիսին ներկայացնել կարողանալն է:
Իսկ դա հենց այնպես չի լինում: Դա լինում է միայն այն դեպքերում, երբ պետությունը եւ իշխանությունը կյանքի բոլոր ոլորտներում իրականացնում են հզոր ժողովուրդ ունենալու քաղաքականություն, երբ իշխանություններն իրենց թիկունքում զգում են ժողովրդի շունչը եւ վստահությունը, իսկ յուրաքանչյուր քաղաքացի համարում է, որ իշխանություններն աշխատում են իր համար:
Այդպիսի դեպքերում պետության կողմից միջազգային ատյաններում բարձրացվող հարցերը լուծվում են պետության ներսում, իսկ արտաքին աշխարհը ընդունում է իրեն մատուցված լուծումը որպես անհրաժեշտություն, որպես օբյեկտիվ իրողություն:
Մեր դեպքում, սակայն, մոտեցումը այլ է եղել: Իշխանությունները երկրին վերաբերվել են որպես կոոպերատիվի, որով փող են աշխատում: Եվ ժողովուրդը դա հասկացել է: Դա հասկացել են նաեւ արտաքին աշխարհում: Իսկ փող աշխատող մարդկանց հետ հարաբերությունները կառուցվում են հենց փողի բազայի վրա, նյութական շահի բազայի վրա: Այդպիսի մարդկանց հետ նաեւ հոգեւոր ու բարոյական ոլորտի հարցերը կարող են տեղափոխվել ու ներկայացվել փողային հարթություն, գնահատվել ու արժեւորվել փողի միջոցով:
Դրա լավագույն օրինակը Հայ-թուրքական արձանագրություններն են, այն տեսքով, ինչ տեսքով ստորագրվել են: Այդ արձանագրություններով հայկական կողմը ստանում է տնտեսական դաշտի զարգացման (խիստ կասկածելի) ինչ-որ հեռանկարներ, այսինքն՝ փող, փոխարենը՝ հրաժարվում է այն արժեքներից, որոնցով վերջին հարյուր տարում աշխարհասփյուռ հայությունը կարողացել է պահպանել իր դեմքը, պահպանվել է որպես միավոր, ճանաչելի է դարձել աշխարհին ու ներկայացել է որպես պահանջատեր:
Իհարկե, արձանագրություններում այդ ամենը այս բառերով չեն գրված: Սակայն մի քիչ գրագետ յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ այնտեղ գրված է հենց այդ: Հայ-թուրքական արձանագրությունները օդից չեն հայտնվել, պատահականորեն չեն ստեղծվել: Դրանք վերջին տասնամյակի մեր երկրի կյանքի, իշխանությունների կողմից մեզ պարտադրված քաղաքականության տրամաբանական արդյունքն են: Դրանք արտացոլումն են այն «արժեհամակարգի», որը դավանում, որով սեփական ժողովրդին ու աշխարհին ներկայանում են Հայաստանի իշխանությունները: Իսկ այդ «արժեհամակարգը» բնորոշվում է «չծախվող բան չկա» արտահայտությամբ, որը իշխանական խավերից կամաց-կամաց իջնելով ու տարածվելով՝ սկսել է ամրապնդվել նաեւ հասարակության տարբեր շերտերում:
Վերադառնանք, սակայն ղարաբաղյան հարցին:
2000-ից 2005թթ իմ բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում ես բազմիցս անդրադարձել եմ այն վտանգավոր մարտահրավերներին, որոնք առաջացան ղարաբաղյան խնդրում Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի, մանդատը սեփականացնելու եւ Հայաստանը հակամարտության կողմ դարձնելու անհեռատես ավանտյուրայի արդյունքում: Զարմանալին այն է, որ այդ բոլորը շատ լավ հասկանում էին նաեւ այն ժամանակվա իշխանությունները, սակայն ոչ միայն կանգ չառան, ոչ միայն հետ չդարձան, այլ շարունակեցին ավելի առաջ գնալ եւ իրենց բռնած գիծը հիմնավորել տարբեր տրամաչափի գործիչների մտքի «հանճարեղ» փայլատակումներով:
Դրանցից ես կրկին առանձնացնելու եմ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի թեթեւ լեզվով ազատագրված տարածքների միասնական անվանափոխումը «գրավյալ տարածքներ» անունով: Այն ժամանակ իշխանական վերնախավի սուբյեկտներից որեւէ մեկը չուզեց հասկանալ, որ դրանով ոչ թե անուն փոխվեց, այլ կարգավիճակ: Որեւէ մեկը չուզեց հասկանալ, որ դա կորուստների տանող ճանապարհ է:
Արդյունքը այսօր է երեւում: Այսօր միջազգային հանրության գիտակցության մեջ ազատագրված տարածքները դիտվում են որպես գրավյալ տարածքներ: Իսկ դա նշանակում է, որ այդ տարածքների ապագան արդեն ուրվագծված ու որոշված է, անկախ նրանից, թե մեզ ինչ են ասում Հայաստանի Հանրապետության իշխանությունները:
Երկրորդ «միամիտ» արտահայտությունը, որը ես կուզենայի հիշել, այն ժամանակվա պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի «Աղդամը իմ հայրենիքը չէ» արտահայտությունն է: Թվում է, թե բան էր, ասվեց ու անցավ: Սակայն բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ դա այդպես չէ: Դրա համար էլ, այսօր լինելով գործող նախագահ, Սերժ Սարգսյանը չի կարող ասել, որ Աղդամը ազատագրված տարածք է: Դրա համար էլ մեր դիվանագիտությունը ոչ թե հայտարարում է, որ տարածքները ազատագրվել են, այլ ընդամենը խեղճուկրակ ձեւով փորձում է հիմնավորել այդ տարածքները, մինչեւ կարգավիճակի խնդրի լուծումը, որպես անվտանգության գոտի պահպանելու անհրաժեշտությունը:
Բնական է, որ վիճակը նման ձեւով պահպանելը օր-օրի առավել դժվարանալու էր: Որովհետեւ օբյեկտիվ դժվարություններին գումարվելու էին նաեւ սուբյեկտիվ ընկալումներից բխող խեղաթյուրումներն ու այլանդակությունները: Ես նկատի ունեմ իշխանությունը զբաղեցնող մարդկանց աշխարհընկալումն ու դավանած «արժեհամակարգը»:
Հայոց իշխանական էլիտայի համար «արժեհամակարգի» բարձրագույն նիշերը զբաղեցնում են փողը եւ իշխանությունը: Իսկ հասարակության համար այդ համակարգը խորթ է: Դրա հետեւանքը պիտի լիներ պետությունից հասարակության խորթացումը: Ինչո՞ւ եմ ասում պետությունից. որովհետեւ վերջին տասնամյակի բոլոր մեծ ու փոքր ընտրությունների արդյունքում հասարակության համար պետությունը նույնացել է գործող իշխանությունների հետ:
Ոմանք գուցե մտածեն, թե իմ գնահատականները խիստ են: Սակայն երկրի կյանքի ցանկացած ոլորտում մի թռուցիկ հայացքը բավարար է հասկանալու համար, որ մեր պետությունը դադարել է ժողովրդին սպասարկող լինելուց: Այն դարձել է ժողովրդին ծառայեցնող պետություն, որի համար ժողովուրդը ընդամենը աշխատող ուժ է, նյութական արժեքների ստեղծման միջոց:
Այդպիսի պետությունների հետ արտաքին աշխարհը իր հարաբերությունները այդ հարթության վրա էլ կառուցում է: Ընդ որում, այդ հարթության վրա ստեղծված հարաբերությունների արդյունքում նորից տուժում է ժողովուրդը:
Փորձենք Հայ-թուրքական արձանագրությունները դիտարկել այդ տեսանկյունից: Եվ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, եւ թե Թուրքիան շատ լավ հասկանում էին, որ պատրաստվող արձանագրությունների յուրաքանչյուր կետ Հայաստանի ղեկավարներին կարելի է ստորագրել տալ, եթե այդ կետի գոյությունը հիմնավորվի նյութական շահով: Արձանագրությունների պարագայում նյութական շահը ցույց տրվեց բացվող սահմանի տեսքով: Արդյունքը բոլորիս հայտնի է: Հայաստանի ղեկավարները հանուն փողի (որպես իշխանության պահպանման միջոց) փաստորեն ստորագրեցին դավաճանության եւ ուրացման փաստաթղթի տակ: Նույնիսկ Սերժ Սարգսյանի Սփյուռքի գաղթօջախներում խայտառակ լինելը չկարողացավ կասեցնել այդ խայտառակ գործընթացը:
Այսօր ՀՀ իշխանությունները միաբերան հայտարարում են, թե թուրքերը նախապայմաններ են դնում: Վերցրեք եւ ուշադիր կարդացեք այդ արձանագրությունները եւ կտեսնեք, որ թուրքերի կողմից այսօր դրվող բոլոր պահանջներն արդեն իսկ գրված են այդ արձանագրություններում: Հարց է առաջանում. մի՞թե Ս. Սարգսյանը եւ իրեն շրջապատողները այդ պարզ բաները չէին հասկանում: Ցավալին այն է, որ շատ լավ էին հասկանում:
Սակայն Ս. Սարգսյանին շրջապատողները, հեռու լինելով պատասխանատվությունից, երեւի մտածում են, որ եթե սահմանը բացվի, կմեծանան իրենց բիզնես հնարավորությունները: Մնացած բաների համար միեւնույն է պատասխան տվողը իրենք չեն: Պատասխան տվողը Ս. Սարգսյանն է: Իրենք հրաման ու հանձնարարություն կատարող են: Իսկ պատասխան տալու ժամանակը, որ հանկարծ գա, այդպիսիները իրար հրմշտելով անպայման փորձելու են Ս. Սարգսյանին հայհոյողների առաջին շարքերում տեղավորվել:
Ս. Սարգսյանն էլ շրջապատված լինելով այդպիսի մարդկանցով եւ նրանցից անընդհատ լսելով, որ իր որոշումներն ու քայլերը ճիշտ են, ժողովրդանպաստ ու հանճարեղ են, վաղուց արդեն բոլոր բնագավառներում կորցրել է իրատեսությունը: Բնական է նաեւ այն, որ այլ կարգի մարդկանցով Ս. Սարգսյանը շրջապատված լինել չէր կարող, որովհետեւ միայն այդպիսիներով նա կարող էր ընտրությունների գնալ:
Այս բոլորի արդյունքում ՀՀ իշխանությունները հանուն փողի եւ իշխանության պահպանման, ոչ միայն հիմք դրեցին դարասկզբի հակահայ պայմանագրերի ընդունման գործընթացին, ոչ միայն ցեղասպանության փաստի ուրացման գործընթացի սկիզբը դրեցին, այլեւ ԼՂՀ խնդրում ակտիվ դերակատարման հնարավորություն տվեցին Թուրքիային՝ Ադրբեջանի թիվ 1 դաշնակցին:
Եվ այդ ամենը «սահմանը կբացվի՝ լավ կապրենք» լոզունգի տակ:
Հետեւությունը մեկն է: Գործող իշխանությունները հանուն փողի եւ իշխանության պահպանման չեն խորշում ոչ միայն հանցագործ, այլեւ դավաճանական քայլերից:
Քայլը անելու համար իրենց ընդամենը լոզունգը գտնել է պետք, ինչպես այս դեպքում եղավ:
Այժմ շարունակենք այն, ինչ տեսնում ենք որպես անխուսափելի զարգացում:
Սերժ Սարգսյանը հասկացել է, որ մենք իրենց ընտրած ընթացքով եկել ու կանգ ենք առել հերթական կորուստները ունենալու հեռանկարի առաջ: Նա շատ լավ գիտի, որ այդ կորուստների համար հող են նախապատրաստել իրենք, իրենց խայտառակ ընտրություններով, ժողովրդին իրենց հետ թշնամացնելով, կենսական կարեւորության խնդիրները նյութական արժեքների դաշտ բերելով: Հասկացել է, որ գերտերությունները իրենից քայլ են սպասում ու քայլ են պարտադրում:
Սակայն, այդ ամենով հանդերձ, նա նաեւ հասկանում է, որ ժողովրդի կողմից վստահության լրիվ բացակայության պայմաններում ազատագրված տարածքներից թեկուզ մի թիզ հանձնելը չի ներվելու ոչ ներկայի, ոչ էլ պատմության կողմից:
Հեռանալու համար անհրաժեշտ հոգեւոր արիություն էլ չունի: Ի՞նչ պետք է անի այդպիսի մարդը ստեղծված իրավիճակում: Այդպիսի մարդը ստեղծված իրավիճակում, որպես կանոն, մտնում է պայմանավորվածությունների դաշտ, որի արդյունքում, թեեւ լինում են ավելի մեծ կորուստներ, բայց դրանց համար ինքը պատասխանատվությունից հեռու է լինում:
Դրանից ելնելով, ես ոչ միայն չեմ բացառում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը, այլեւ դա համարում եմ շատ հավանական:
Իմ ենթադրությունները ունեն իրենց տրամաբանական հիմնավորումները: Սակայն ես ավելի շատ ուզում եմ անդրադառնալ այն պատճառներին, որոնք հող էին նախապատրաստելու թե ներկա իրավիճակի, թե, որ ավելի վատ է, դրա հետ հասարակության հոգեբանորեն հարմարվելու համար:
Ինչու եմ դա համարում ավելի վատ:
Որովհետեւ նույնիսկ ամենավնասակար գաղափարը հրապարակ նետելով եւ որպես անխուսափելի իրողություն ներկայացնելով, կարելի է հանրությանը բերել դրա հետ հարմարվելու եւ դա որպես միակ տարբերակ ընդունելու մտքին:
Օրինակ ընտրությունների ժամանակ հրապարակ նետվող՝ «մեկ է, ինչ ուզեն անելու են», «մեկ է, ոչինչ չի փոխվելու» գաղափարներին հարմարվելուց հետո հասարակությունը ոչ թե պայքարում է իր իրավունքների համար, այլ ընտրակեղծիքները եւ դրանց արդյունքները ընդունում է որպես անխուսափելի իրողություն: Սակայն այսօր ես այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:
(Շարունակելի)