Իրենց քաղաքի մասին այսպես են արտահայտվում Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները
Սա Մասիսի հրապարակն է, որը վերածվել է ավտոկայարանի:
Այստեղ են կայանում մայրաքաղաք եւ հարեւան գյուղեր մեկնող գազելները, ավտոբուսները, տաքսիները: Իսկ «ավտոկայարանի» միակ «կառույցը» երկաթյա փոքրիկ տաղավարն է, որի վրա գրված է «диспечерская»: Տրանսպորտին սպասող ուղեւորները, ստիպված, արեւից թաքնվում են մոտակա որեւէ ծառի ստվերում: Գյուղեր մեկնող գազելները աշխատում են մինչեւ ժամը 18:00, չնայած իրենց գյուղմթերքը Երեւան տարած գյուղացիները երեկոյան ժամը 9-10-ից հետո են միայն վերադառնում մայրաքաղաքի շուկաներից: Տաքսիստների աչքը լույս:
Սա Մասիսի միակ պուրակն է՝ քաղաքապետարանի
շենքի առջեւ: Ըստ մասիսցիների, այն սեփականաշնորհել է Մասիսի նախկին քաղաքապետ
Սաշա Հակոբյանը: Թեեւ, ըստ օրենքի, այդ տարածքը օտարման ենթակա չէ: Իսկ թե վերջին անգամ ե՞րբ է գործել պուրակի շատրվանը, մասիսցիները չեն հիշում:
Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված այս
գեղեցիկ հուշարձանի տարածքը ոչ միայն չի խնամվում, այլեւ
դարձել է շրջակայքի աղբը թաքցնելու «հարմար» տեղ:
Սալահատակը կիսաքանդ է, պատվանդանի սալաքարերը՝
գողացված: Իսկ հուշարձանի վրա փակցված է երեք սենյականոց բնակարանի վաճառքի մասին հայտարարություն: Հուշարձանը
նույնպես գտնվում է քաղաքապետարանի «քթի» տակ:
Կարդացեք նաև
Մասիսի ցամաքած լիճը: Հին ու բարի ժամանակներում այն գեղեցիկ հանգստավայր է եղել, այսօր լճում կարելի է հանդիպել տարբեր բուսատեսակներ, եւ, առհասարակ, շատ
բան՝ բացի ջրից: Լիճը սեփականաշնորհված է, սակայն բարեկարգելու համար ոչ մի ներդրում չի կատարվել:
Այս շենքը նախկինում առեւտրի կենտրոն էր, սակայն արդեն
երկար տարիներ կիսավեր վիճակում է եւ ոմանց համար դարձել է հասարակական զուգարան: Ըստ մասիսցիների՝ շենքը սեփականաշնորհվել է, հետո ձեռքից-ձեռք անցել, այժմ
պատկանում է մի ամերիկահայ գործարար-քահանայի, որն էլ
կառույցը իրենով արել, դռները փակել եւ մեկնել է ԱՄՆ:
Թեեւ Մասիս բնակավայրը բավականին մոտ է մայրաքաղաքին եւ քաղաքի կարգավիճակ ունի, սակայն շատ քիչ բանով է քաղաքի տպավորություն թողնում, հիմնականում՝ շնորհիվ մի քանի բազմաբնակարան շենքերի: Մասիսն ունի բազում խնդիրներ, որոնք երկար տարիներ մնում են անլուծելի: Համայնքում չկան մշակույթի տուն, մարզահամալիր, զբոսայգի, ժամանցի վայրեր: Համայնքի բնակիչները չեն հիշում, թե իրենց քաղաքում վերջին անգամ երբ է համերգ կամ ներկայացում եղել: Համերգներն էլ, որոնք սովորաբար լինում են ընտրությունից ընտրություն՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, կայանում են բացօթյա՝ հրապարակ կոչվող հատվածում, որը եւ հրապարակ է եւ ավտոկայարան եւ քաղաքի «գյուղամեջ»: Ինչպիսի՞ն է քաղաքի մշակութային կյանքը՝ մեր հարցին ի պատասխան մասիսցիներից մեկն ասաց. «Ի՞.. Մշակութային կյա՞նք, ինչի՞մասին է խոսքը: Էս քաղաքում մշակույթ չկա, չկա որեւէ ժամանցի վայր: Նույնիսկ, եթե անգամ համերգ գա ու տոմսեր վաճառեն, մարդիկ չեն գնա, հացի փող չունեն՝ գնալու են համե՞րգ: Համատարած գործազրկություն է, ամբողջ օրը պատերի տակ նստած բլոտ ու նարդի ենք խաղում, մեկ-մեկ էլ բամբասում քաղաքական թեմաներով ու պաշտոնավորներից: Մեր ապրուստն ի՞նչ է, մի կտոր չոր հաց, էն էլ երկնքից կախված… Վիճակը գնալով վատանում է: Կան ծայրահեղություններ, կան արտոնյալներ եւ իրավազուրկներ: Ուզում ենք մեր երեխաներին ամեն գնով դուրս հանել այս ճահճից: Եթե մնա ու չի աշխատելու, ստիպված հանցագործ կդառնա, գողություն կանի: Թող գնա այնտեղ, որտեղ կարող է աշխատել ու վաստակել: Էս դարը էն կանանց դարն է, ովքեր կանգնում են Երեւանյան լճի կամուրջների տակ: Մնացածներիս մնում է գնանք այդ կամուրջից ներքեւ ընկնենք»:
Հարցված մասիսցիները՝ իրենց բազմաթիվ բողոքները ներկայացնելով հանդերձ, խնդրում էին չհրապարակել իրենց անունները. «Մեր խոսալով ոչ մի բան չի փոխվի, մենք ու մեր քաղաքը ոչ մեկին չենք հետաքրքրում, ինչո՞ւ անտեղի թշնամի ձեռք բերեմ, վաղը կգան դուռս կծեծեն, կասեն՝ ինչի՞ ես ավել-պակաս խոսել: Մի երկու անգամ նման վիճակում եղել եմ, տեսել եմ, որ անտեղի իմ խոսելն է մնում, թշնամի եմ ձեռք բերում, իսկ սայլը տեղից չի շարժվում: Էլ ինչո՞ւ խոսեմ»,- ասաց քաղաքի կենտրոնական մասի բնակելի շենքերից մեկի բակում հարեւանների հետ բլոտ խաղացող մի տարեց տղամարդ:
Մասիսում վաղուց սեփականաշնորհվել են քաղաքի՝ խորհրդային տարիներից մնացած կարեւոր կառույցները՝ կինոթատրոնի շենքը, առեւտրի կենտրոնի շենքը, դատարկ լիճը, այգին, որտեղ եղել են կարուսելներ եւ խաղահրապարակ, սակայն այսօր տեղում ջերմոցներ են կառուցվել:
Մասիսում քայլելիս տպավորություն է ստեղծվում, թե այստեղ զարգացած է փոքր ու միջին բիզնեսը. շատ են խանութները, տաղավարները, փոքր սրճարանները: Սակայն, ըստ հարցվածների, այս տպավորությունը սխալ է: «Բազմաթիվ պրոբլեմներ կան, չկա աշխատանք: Չկա փոքր բիզնես ստեղծելու հնարավորություն: Խեղդում են անկախ ձեռներեցներին, տեր ունենաս՝ մի բանի կհասնես, թե չէ՝ կկորչես: Սրանց բոլորի տերերի մեջքին մարդ կա, ես մեջք չունեմ, դրա համար էլ իմ փոքր խանութը փակվեց, այսօր անգործ ման եմ գալիս»,- իր կարծիքը հայտնեց մեկ այլ մասիսցի: Հարցված մասիսցիներից շատերը համոզված են, թե Հայաստանի ամենաչքավոր տարածաշրջանը հենց իրենց տարածաշրջանն է: Օրինակ քաղաքային տրանսպորտ Մասիսում առհասարակ չկա: Մարդիկ քաղաքի մի ծայրից մյուսը կամ ոտքով են գնում, կամ տաքսիով:
«Առավոտի» հարցին, թե վերջին տարիներին իրենց քաղաքում զարգացման ի՞նչ միտումներ կան, հարցվողներից մեկը պատասխանեց. «Ոչ մի փոփոխություն՝ ոչ դրական, ոչ բացասական, քանի որ ոչ մի տարբերություն չկա նախկին ու ներկա քաղաքապետերի միջեւ: Ֆուտբոլի թիմի նման մեկը մյուսին է պաս տալիս: Մասիսում իշխանափոխություն չի եղել: Գյուղեր կան ավելի բարեկարգ են, քան Մասիսը, որ քաղաք կոչվելու պատիվն ունի»: Իսկ մեկ այլ մասիսցի, խոսելով նախկին եւ ներկայիս քաղաքապետերի մասին, ասաց, որ ներկայիս քաղաքապետի ձեռքին ոչինչ չկա, եւ նա ոչինչ անել չի կարող, քանի որ նախկինն ամեն ինչ ծախել է, ինչ հնարավոր էր՝ կերել-գնացել է:
Մասիսցիների հիմնական աշխատատեղը «Ինթերնեյշընլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որի մասին բնակիչների կարծիքները հակասական էին: Ըստ ընկերությունում աշխատող բանվոր ներկայացած մի կնոջ. «Մի «Մասիս Տաբակո» է աշխատում, այն էլ նեգրերի նման 16 ժամ աշխատում ենք չնչին աշխատավարձով, քանի որ ուրիշ ճար չունենք»:
Իսկ մեկ այլ մասիսցի ասաց. «Ովքեր կարողացել են աշխատանքի տեղավորվել «Մասիս Տաբակոյում»՝ բախտները բերել է: Համ կարգին աշխատավարձ են տալիս, համ էլ աշխատողներին լավ են նայում: Բայց ընկերությունում տեղերը սահմանափակ են, հո, չեն կարող բոլորին գործի ընդունել»:
«Առավոտը» Մասիսի խնդիրների մասին զրուցեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի Մասիսի գրասենյակի ղեկավար Լյովա Նազարյանի հետ: Վերջինս, սակայն, հակված էր ավելի շատ խոսելու երկրի արտաքին քաղաքական խնդիրներից, քան՝ ներքաղաքային-սոցիալական: Լյովա Նազարյանը Մասիսին առնչվող խնդիրների հարցում լավատես է: Նա դժգոհ էր միայն քաղաքի կեղտից ու փոշուց, որոնք մարդկանց զրկում են մաքուր օդ շնչելու հնարավորությունից: Իսկ մյուս խնդիրների մասին ասաց, որ ներկայիս քաղաքապետը, որն ընդամենը 2 տարի է ղեկավարում քաղաքը, չի կարող միանգամից բոլոր խնդիրները լուծել, քանի որ դրանք շատ-շատ են, իսկ լուծման համար ժամանակ ու միջոցներ են պետք:
Նաիրա ՎԱՆՅԱՆ