40 տարի անց ավերակ Գյումրին տեխնոքաղաքի վերածելու նպատակով ՀՀ կառավարությունն այս տարվա պետական բյուջեից 200 մլն դրամ է հատկացրել:
Արդեն 2-րդ տարին է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գյումրեցի մտավորականների ուշադրությունը կենտրոնացնում է մի նախագծի վրա, որի իրագործման հավանականությունը նրանց համար միֆ է թվում: Ինչպես հայտնի է՝ կառավարությունը 2008-ին հայեցակարգ է մշակել օտարերկրյա ներդրողների հաշվին Գյումրին գերժամանակակից քաղաք, ավելի ճիշտ տեխնոքաղաք դարձնել, աշխարհի լավագույն ուսանողներին կրթելու համար Գյումրի բերել: Երեկ այս ծրագրի հերթական քննարկումն էր Գյումրիի «Արաքս» հյուրանոցում: Գյումրեցի գիտնականներն այս անգամ չկարողացան թաքցնել իրենց թերահավատությունն ու վրդովմունքը: Մինչ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը հիացած ներկայացնում էր ծրագրի առավելությունները, նախագծի հեղինակներից մեկն էլ՝ Գյումրիի նախկին ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, մանրամասնում էր, թե ինչ է տեխնոպարկը, որտեղ է ստեղծվելու, ինչ հեռանկարներ ունի եւ այլն: Գյումրեցի գիտնական Գուրգեն Ավետիսյանը հարցրեց, թե մինչ այժմ ինչքա՞ն գումար է ծախսվել այդ ուտոպիստական գաղափարի համար: «Ես լավ գիտեմ՝ ինչքան եք ծախսել, ձեր հիշողությունն եմ փորձում»,- խայթեց գիտնականը: Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մոտ 50 մլն դրամ է ծախսվել:
Տեղեկացնենք, որ տեխնոպարկը սկզբում տեղադրելու են Գյումրիի մանկավարժական ինստիտուտի հին շենքում, այնուհետ տեղափոխելու են պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի տարածք՝ այստեղից 55 հա հողատարածք հատկացված է այդ նպատակի համար: Մասնակիցներին հետաքրքրում էր, թե ի՞նչ միջոցներով ու ինչքա՞ն ժամանակ կտեւի տեխնոպարկի կառուցումը, իրենք գոնե կենդանի կլինե՞ն ու կտեսնե՞ն: «Մեր հաշվարկներով, 55 հա տարածքի 30%-ը կառուցապատվելու է, 1քմ-ի արժեքը եթե $1000 հաշվենք, ապա 450 մլն կպահանջվի»,- պարզաբանեցին մասնակիցներին:
Սակայն «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը ընդհատեց՝ ասելով, որ նախապես սրա մասին խոսել չի կարելի: «Դեռ պիտի քննարկենք, տեսնենք՝ ի՞նչ մտքեր կարող ենք ներդնել, նոր կներկայացնենք ինվեստորներին, սա մի այնպիսի ռեալ գաղափար պետք է լինի, որ նրանց մոտ ցանկություն առաջանա ներդրումներ կատարել, 10-15 տարի սկիզբը կտեւի, իսկ 40 տարի անց կլինի վերջնական, էս բուհում լավագույն ուսանողներ են սովորելու, դա տեխնոպարկի բուհն է լինելու, բայց ոչ վաղը»: Գյումրեցի գիտնական Գ. Ավետիսյանն ասաց. «Գյումրիում 44 հիմնարկ-ձեռնարկություն կար, որոնց փոխարեն այժմ տներ են կառուցված, լավ չէ՞ր լինի նախարարությունը դրանցից մեկը վերցներ, տարածքը նպատակային օգտագործեր, արդյունքը տեսներ, նոր որոշեր Գյումրիին տեխնոպարկ է անհրաժեշտ, թե՞ կոսմոպարկ, այլապես կներեք, սա շոուի պես մի բան է»:
Գիտնականի քննադատությանն ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ գործարանները վաղուց մասնավորեցվել են: «Ի՞նչ է նշանակում, թե մասնավորեցվել են, դուք գիտե՞ք տեքստիլ կոմբինատը քանի հեկտար տարածք ունի»,-հակադարձեց գիտնականը: Ու լսելով նախարարության աշխատակցի՝ «չգիտեմ» պատասխանը, ավելի զայրացավ. «Ուսումնասիրեք, նոր Գյումրիում գործ սկսեք»: Մյուս մասնակիցները եւս քննադատեցին նախագիծը՝ հատ-հատ հիշեցնելով կառավարության մյուս խոստումները, ըստ որոնց, Գյումրիում բնամթերքների մթերման կենտրոն պիտի հիմնեին, Ամերիկյան համալսարան եւ այլն: «Գյումրիից մտավոր ներուժը գնում է, ինչո՞վ եք աշխատեցնելու տեխնոպարկը, ձեր ասածը նման է թագավոր՝ ավերակների վրա, կարող եք այնպես արեք, որ մարդիկ այս պահին գործազրկության պատճառով հարկադրաբար չլքեն քաղաքը, թե չէ արդեն 4-րդ անգամն է՝ գալիս, քննարկում, գնում եք, ո՞ւմ է պետք»,- դժգոհեց ներկաներից մեկը: