Մեր կենդանաբանական այգու արու կենդանիները ստիպված իրենց կյանքը
կապում են տանը մնացած ու տարիքն առած հարսնացուների հետ:
Ուկրաինայից բերած հովազը հաշմանդամ է:
Երեւանի կենդանաբանական այգին, որը պետական ֆինանսավորում է ստանում քաղաքապետարանից, ստեղծված է կենդանասեր հասարակությանը հաճույք պատճառելու, զվարճացնելու եւ կենդանիների հետ կապված նրանց հետաքրքրությունները բավարարելու համար: Սակայն մեր կենդանաբանական այգին, որքան էլ ֆինանսավորում ստանա կենդանիներ գնելու, նրանց կերի, աշխատակիցների աշխատավարձերի համար՝ չի կարող ծառայել ո՛չ կենդանիներ սիրող մեծերին, ոչ էլ երեխաներին: Հատկապես հոտառության հետ խնդիրներ չունեցող երեխաներն այնտեղից հեռանում են հեծկլտալով: Վանդակների մոտից այնպիսի տհաճ ու անտանելի գարշահոտ է «բուրում», որ շատերը, որքան էլ ծնողները համոզում են, կտրականապես հրաժարվում են մոտենալ վանդակներին ու տեսնել, թե ինչ է անում գայլը, աղվեսը, անգղը, ուղտը կամ արջը, էլ ուր մնաց, թե զվարճանան կամ հաճույք ստանան: Հատկապես գայլի, աղվեսի ու կատվի վանդակներին մոտենալիս՝ հոտից երեխաների աչքերը մրմռում են: Փոքրիկները ստիպված ծնողների ձեռքից քաշում էին ու խնդրում՝ էլ վերեւ չբարձրանալ: Երեխաներից մեկը մորը թախանձագին խնդրում էր իրեն ընդամենը պաղպաղակ առնել ու տանել տուն:
Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը «Առավոտի» հետ զրույցում չհերքեց, որ գազանանոցը, մեղմ ասած, վատ վիճակում է եւ «տհաճորեն բուրում» է: Նրա խոսքերով՝ «Չեմ առարկում, որ այդպես է, բայց մենք ոչինչ անել չենք կարող: Որ ասեմ՝ չենք լվանում, տակները չենք մաքրում, այդպես չէ. մեր աշխատակիցներն ամեն օր մաքրում են, բայց քանի որ տակը բետոն է՝ կենդանիները մի հատ միզում են, նորից գարշահոտ է լինում: Դա մեծ խնդիր է այգու համար, մանավանդ այս շոգին հոտն ավելի է սրվել, եթե կարողանայինք կենդանիներին հողի վրա պահել՝ այդպիսի հոտ չէր գա: Բայց դա մեծ ֆինանսների ու ծախսերի հետ է կապված, իսկ մենք այդքան փող չունենք: Ես էլ եմ շրջում ու տեսնում, որ հատկապես կատուների ու շնաձկների մոտ հոտն ահավոր է, բայց հուսով սպասում ենք, որ կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրով այդ խնդիրը վերջնականապես կլուծվի»: Նշենք, որ կենդանաբանական այգի այցելում են ոչ միայն մեր բնակչությունը, այլեւ շատ զբոսաշրջիկներ: Մի քանի ֆոտոապարատներով ու տեսախցիկներով զինված տուրիստները, որոնք, հիանալու ու զարմանալու տրամադրվածությամբ, գալիս են գազանանոց՝ նույնիսկ չեն ուզում տեսախցիկները միացնել:
Կիրակի օրը Ռուսաստանից մի քանի զբոսաշրջիկներ էին այցելել ու կարողացել էին միայն առյուծների վանդակի մոտ մի քանի րոպե կանգնել եւ լուսանկարվել: Նրանք խոստովանում էին, որ բացի այն, որ մեր կենդանաբանական այգու պայմանները վատն են ու առանձնապես շատ բան չունենք զարմացնելու, հոտը ստիպում է Հայաստանի մասին ունեցած բոլոր լավ տպավորությունները ջնջել: Սահակ Աբովյանը տեղեկացրեց, որ առյուծների վանդակների տակ հող է, դրա համար էլ այդ հատվածում մարդիկ հոտից մի փոքր ազատվում են:
Գազանանոցում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի ընդհանուր անտարբերության տեսարանում աչքի էր ընկնում հատկապես հովազի վանդակի մոտ հավաքված հանրությունը: Երբ մոտեցանք, պարզվեց՝ հովազի թաթը կտրած էր: Հաշմանդամ կենդանու տառապանքը կարողացել էր իր շուրջը այցելու հավաքել: Հաշվի առնելով, թե ինչպես վերջացավ հանրահայտ Մաշա փղիկի ու Գրանդիկի ամուսնությունն, ու նորահարսի վաղաժամ մահով ինչպես դժբախտացավ մեր փղիկի կյանքը՝ մարդիկ նայում էին վիրավոր հովազին ու մտահոգվում, որ մեր կենսդանաբանական այգին կենդանիներին այնքան էլ լավ չի նայում:
Սակայն Ս. Աբովյանը պարզաբանեց, որ հովազին հենց այդպես՝ թաթը կտրած էլ բերել են. «Մենք արու ունեինք, այս հովազին Ուկրաինայից բերեցինք, որ ընտանիք կազմեն, բայց, կարծես թե, մեր արուն այդ հովազին չի ուզում մոտենալ, ոչինչ չի ստացվում, քանի տարի է բերել ենք՝ չեն զուգավորվում ու ձագ չեն ունենում»: Մեր հարցին, թե գուցե հաշմանդամ հարսնացուն մեր փեսայի դուրը չի գալիս, սիրտը չի կպնում, մի լավ տեղից տնական հովազուհի չկա՞ր, որ հարս բերեիք՝ պարոն Աբովյանը պատասխանեց. «Նախ, մենք էդ հովազի համար փող չենք տվել՝ ձրի է, թե չէ նման վիրավոր կենդանու չէինք բերի: Նվեր է, մենք էլ մտածում էինք՝ փորձենք կապել մեր արուին, բայց զոռով չի, համոզելով չի՝ մեր արուն չի ուզում: Հետո հարսնացուն տարիքով մեծ է, հնարավոր է դրանից էլ է, որ չի ուզում»:
Հիշեցնենք, որ Մաշային հարս բերելուց հետո էլ մեր կենդանաբանական այգու տնօրինությունը շեշտում էր, որ նա տարիքն առած է եւ գուցե դրա համար է, որ Գրանդիկը նրան չէր մոտենում: Փաստորեն, մեր գազանանոցի չամուսնացած կենդանիները բավականին դժբախտ ճակատագիր ունեն. ջահել հարսնացուները «թանկ հաճույք» են, ու մեր աղքատ երկիրը չի կարող նման կենդանիների ձեռքը խնդրել, ստիպված բավարարվում է տանը մնացած, պառաված «օրիորդներով»: Դա էլ մեր «թառլան» փեսաների ճակատագրի, հետագա զարգացման վրա խաչ է դնում: