Ձու արտադրող ընկերությունները տուգանվեցին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր երեկվա նիստում միաձայն որոշեց ձվի շուկայում գործող 5 խոշոր ընկերությունների՝ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա», «Զանգափ», «Արզնու տոհմային ԹՏՖ» եւ «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա», տուգանել 500 հազարական դրամով: Վարույթը հարուցվել էր 6 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, փաստորեն, չտուգանվեց միայն «Աշտարակ» ֆաբրիկան: Հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ 5 ֆաբրիկաների կողմից արտադրված եւ իրացված հավկիթների վրա բացակայել է պիտանելիության ժամկետը, իսկ տուփերի վրա՝ տեսակավորման քանակը, ինչը, ըստ հանձնաժողովի, կարող է որակվել որպես հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն: Չնայած այս հանգամանքին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ ոչ մի սուբյեկտ իրենց դժգոհություն մինչ այժմ չի ներկայացրել եւ միայն մամուլի հրապարակումների վրա հիմնվելով են որոշել վարչական հարույթ հարուցել: «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» կոմերցիոն բաժնի պետ Վահագն Գեւորգյանը փաստը չհերքեց, բայց ասաց, որ միայն տնտեսվարողները չեն մեղավոր: Ըստ նրա՝ իրենք պիտանելիության ժամկետը չեն նշել, որովհետեւ վաճառակետերը համատարած հրաժարվում են ամսաթվով հավկիթներ ընդունելուց. «Նույնիսկ 2-3 օրվա հնությամբ հավկիթները, որոնք մակնշում ունեն, չեն սպառվում, իսկ ավելի հները, որ մակնշում չունեն, ավելի հեշտ են սպառվում: Խնդիրը համատարած պետք է նայել՝ վաճառակետից մինչեւ արտադրող»: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը համաձայն չէր Վ. Գեւորգյանի այս կարծիքին: Նա գտնում է, որ այն ընկերությունները, որոնք կիրականացնեն մակնշում, անպայման կգնահատվեն սպառողների կողմից եւ շուկայում ավելի լավ իրացում կունենան: Նիստին ներկա «Արզնու տոհմային ԹՏՖ» տնօրենի օգնական Կարեն Հարությունյանը նույնպես չառարկեց, որ առանց մակնշման են արտադրանքն իրականացրել, բայց՝ ոչ միտումնավոր. «Մեխանիզմի փչացման, պահեստապետի անփույթ աշխատանքի հետեւանքով է եղել, նրան այս փաստով ենթարկել ենք տույժի»:
«Ձվի մեջ մազ եք ման գալիս: Հասկանում ենք՝ մոնոպոլիա է, ուզում են ընդլայնվել, մեզ էլ շուկայից հանել»,- դժգոհում էր «Զանգափ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Մնացականյանը: Նա նշեց, որ օրական 5000 ձու արտադրող ընկերությունը սպառման խնդիր ունենալ չի կարող, եւ հանձնաժողովին առաջարկեց ստուգել ձվի որակը, ոչ թե այլ հարցերի հետեւից ընկնել. «Անբարեխիղճ մրցակցության պատճառով մորթել եմ 2500 դրամանոց վառեկները, քանի որ շուկայում 10 դրամով ձու են վաճառում, եթե ինքնարժեքը 30 դրամ է, ո՞նց է լինում, որ 10 դրամով են վաճառում, եկե՛ք խոսենք դրա մասին»: Տուգանված մյուս ընկերությունների ներկայացուցիչները առանց հարցերի ու բացահայտ դժգոհությունների ընդունեցին իրենց մեղքը: Հարցին՝ արդյոք շուկայում գին «գցելով» հող չի՞ նախապատրաստվել խոշոր ընկերությունների կողմից մանրերին կլանելու համար, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «6 տնտեսվարող սուբյեկտներից ոչ ոք մինչ այսօր չի դիմել հանձնաժողովին՝ համակենտրոնացման հայտով: Երբ կստանանք, կքննարկենք եւ կկայացնենք համապատասխան որոշում»:
Հիշեցնենք, որ ԱՎԾ-ից ստացված պաշտոնական վիճակագրությունը այս տարվա հունվար-մայիս ամիսներին արձանագրել էր ձվի արտադրության ծավալների 30% աճ, իսկ տնտեսվարողների՝ հանձնաժողովին ներկայացրած տվյալներով, արտադրության աճը կրկնակի պակաս է ներկայացված: Հանձնաժողովի նախագահն ասաց, թե իրենք հավատում են պաշտոնական տվյալներին: «Թռչնաբույծների միություն» կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեփանյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ ներկայիս պայմաններում մանր եւ միջին ընկերությունները մրցակցությանը չդիմանան ու դուրս գան շուկայից. «Ավելի լավ կլինի մտածենք, որ վաղը այսպիսի գերարտադրության պայմաններում նույնիսկ կարող ենք արտադրանքը թափել: Լավ կլիներ, որ քննարկումը ավելի ծավալուն լիներ, եւ այն խնդիրները, որ առաջացել են արտադրողների մոտ, լուրջ քննարկման դրվեին, հակառակ դեպքում 6 ամիս հետո նորից նույն խնդրի առջեւ ենք կանգնելու, օգոստոսին, մեր կանխատեսմամբ, ավելի լուրջ ճգնաժամ կարող ենք ունենալ, որովհետեւ ձվի սպառման համար ամենադժվար շրջանն է»:
Հ. Գ. Իսկ ալյուրի եւ դրա հետեւանքով նաեւ հացի թանկացման խնդրին հանձնաժողովը դեռ չի շտապում անդրադառնալ: