Երեկ անդրադարձել էինք ՊԵԿ-ի հրապարակած 2010թ. 1-ին կիսամյակի 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկին: Մասնավորապես, նշել էինք, որ ամենաշատ հայտարարագրված աշխատողներ ունի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը՝ 7617, նրան հաջորդում է «ՀայՌուսգազարդը»՝ 6017, ապա «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 4411, 4-րդը «ԱրմենՏելն» է՝ 3227 աշխատող, որից հետո «Հայփոստը»՝ 3168, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 3087, «Նաիրիտը»՝ 3074, 8-րդը Ղ-տելեկոմն է՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը՝ 1852, 9-րդում ՀԱԷԿ-ը՝ 1798 գրանցված աշխատողով եւ 10-ում՝ «Հայջրմուղկոյուղին»՝ 1762 աշխատակցով:
Սակայն երեկ, երբ կրկին փորձեցինք նայել այդ ցանկը, որը տեղադրված է ՊԵԿ-ի պաշտոնական կայքում՝ taxservice.am, նկատեցինք, որ ցուցակը ինչ-որ փոփոխություններ է կրել, ընդ որում՝ անտրամաբանական: Մասնավորապես, ՀԷՑ-ի աշխատակիցների թիվը դարձել էր 7616՛՛8, «ՀայՌուսգազարդինը»՝ 6016՛՛6, ՀԵԿ-ինը՝ 4411՛՛4, «ԱրմենՏելինը»՝ 3226՛՛5, իսկ, ասենք, 40-րդ տեղը զբաղեցրած «Ռուսալ-Արմենալի» դիմաց գրված էր՝ 718,83333333…
Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ այս թվերը ցույց են տալիս մարդկանց քանակը, ինչը նշանակում է, որ, օրինակ, նույն այդ «Ռուսալում» աշխատում է 718, 8333333 մարդ…
Դա մի կողմ, սակայն այդ ցանկն ակնհայտորեն ցուցադրում է, թե որքան շատ են այն ընկերությունները, որոնք, պարզապես, թաքցնում են իրենց աշխատակիցներին՝ չեն գրանցում: Օրինակ, ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մայրաքաղաքում 6 սուպերմարկետ, 2 այլ խանութ եւ մեկ գլխամասային գրասենյակ ունեցող «ՍԱՍ գրուպը», որը նաեւ որոշ ապրանքների ներմուծմամբ է զբաղվում, գրանցել է ընդամենը 242 աշխատակից (ի դեպ, այս ընկերությունից երեկ զանգահարել էր աշխատակիցներից մեկը՝ բանվոր, եւ դժգոհում էր, որ չնայած մի քանի տարի է աշխատում է այդ ցանցում, բայց միայն այն պատճառով, որ իրեն չեն գրանցել՝ աշխատանքային ստաժ չունի): Դժվար է հավատալ, որ այստեղ ավելի քիչ մարդ է աշխատում, քան Մարտունու բժշկական կենտրոնում կամ թիվ 12 պոլիկլինիկայում, կամ Անանիա Շիրակացի ճեմարանում, իսկ «Փեթակ» ընկերությունում, իբրեւ թե, աշխատում է ընդամենը 106,666667 մարդ, ավելի քիչ, քան «Մարալիկի առողջության կենտրոնում», Ծաղկահովիտի բժշկական կենտրոնում, «Վան» ստոմատոլոգիական կենտրոնում եւ այլն, Ջերմուկի մայր գործարանում աշխատում է նույնքան մարդ, որքան «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում, եւ ավելի քիչ, քան Երեւանի թիվ 9 եւ թիվ 22 մանկական պոլիկլինիկաներում: Հնարավո՞ր է պատկերացնել, որ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում ավելի քիչ մարդ է աշխատում, քան թիվ 8 պոլիկլինիկայում կամ Մեծամորի բժշկական կենտրոնում: Որքանո՞վ է հավատարժան, որ Մալաթիայի բժշկական կենտրոնում ավելի քիչ մարդ է աշխատում, քան թիվ 19 պոլիկլինիկայում կամ Արմավիրի ու Կապանի բժշկական կենտրոններում: