Գործը դատարան է ուղարկվել
«Արայի» տիրոջ անառիկ տունը:
2009թ.-ին «Նո Քոմենտ» ՍՊԸ տնօրեն Կարեն Կարապետյանը մորեղբոր որդու՝ 17-ամյա Արմեն Մարտիրոսյանի եւ նրա ընկերոջ՝ Պ. Հակոբյանի հետ ստեղծել է կազմակերպված զինված խումբ, ղեկավարել է՝ ավազակային հարձակումներ գործելու նպատակով:
Հանցավոր խումբն ավազակային հարձակում է կատարել 4 բնակարանի սեփականատերերի նկատմամբ: Նախաքննության տվյալներով՝ հանցավոր խմբի գործողություններից տուժել են Արսեն Լալայանցը, Սուրեն Շահգալդյանը, Մանվել Բադալյանը, որոնց տներից հափշտակվել է շուրջ 16 մլն դրամի գույք (կանխիկ գումար եւ ոսկեղեն): Խմբի անդամներից մեկը ձերբակալվել է այս տարվա հունվարի 16-ին՝ փախուստի դիմելիս: Մյուս երկուսն էլ դիմել էին փախուստի, սակայն մի քանի օր անց նրանք հայտնաբերվել եւ կալանավորվել էին:
«Նո Քոմենտ» ՍՊԸ նախագահ Կարեն Կարապետյանը ավտոտնակ-արտադրամասում մինչեւ 2008թ. նոյեմբերը ծավալել է հյութերի եւ սուրճի արտադրություն: 2008-ի սեպտեմբերին ՍՊԸ-ն «Ակբա Կրեդիտ» բանկից ստացել է $51 000 վարկ, որի դիմաց մեղադրյալ Կ. Կարապետյանը գրավադրել է իր բնակարանը, սակայն չի կարողացել կատարել շուրջ $41 000 վարկային պարտավորությունները եւ որպես հետեւանք ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցրել է:
Կարեն Կարապետյանն անչափահաս մորեղբոր որդուն՝ Արմեն Մարտիրոսյանին, հայտնել է ավազակային հարձակումներ կատարելու իր մտադրության մասին եւ նրան է տրամադրել գազային ատրճանակ: 2009թ. նոյեմբերի 30-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Ա. Մարտիրոսյանը բարձրացել է թիրախ ընտրվածներից մեկի 5-րդ հարկի տանիքը: Պատշգամբից անցել է դեպի խոհանոց, ապա՝ հյուրասենյակ, որտեղ ատրճանակով հարձակվել է Ելենա Վարդազարյանի ու նրա երկու անչափահաս դուստրեր՝ Ա. եւ Մ. Լալայանցների վրա: Ատրճանակը հանցագործը դրել է սեղանի շուրջ նստած Ելենա Վարդազարյանի գլխին, պահանջել չաղմկել եւ իրեն շտապ հանձնել գումարներն ու ոսկյա զարդերը՝ հակառակ դեպքում, սպառնալով, որ կսպանի: Ելենա Վարդազարյանը, հասկանալով, որ իր եւ երկու դուստրերի կյանքին վտանգ է սպառնում, ենթարկվել է Ա. Մարտիրոսյանի պահանջին, նրան ուղեկցել է ննջասենյակ, որտեղից Ա. Մարտիրոսյանը հափշտակել է $645 եւ 1,5 մլն դրամի արժողությամբ ոսկյա, արծաթյա զարդեր, արծաթյա հուշանվերներ, հասարակ մետաղից զարդեր եւ ժամացույցներ… ընդհանուր հաշվով՝ խոշոր չափերի հասնող 1 763 816 դրամի կանխիկ գումար եւ գույք, որից հետո դիմել է փախուստի: Շենքից քիչ հեռու հանդիպել է իրեն սպասող Կարեն Կարապետյանին, որին տվել է հափշտակածն ու տաքսիով հեռացել է:
2009թ. դեկտեմբերին մեղադրյալներ Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Հակոբյանը եւ Կարեն Կարապետյանը, քաղծառայության պետ Մանվել Բադալյանի բնակարան մտնելիս, կրել են դիմակներ, ձեռնոցներ, կարճեցված փողով երկփողանի հրացան եւ ատրճանակ: Նրանք պարսպի վրայով մուտք գործելով բակ՝ թաքնվել են ավտոտնակում: Ըստ նախաքննության մարմնի ձեռք բերած ապացույցների՝ Երազիկ Ալեքսանյանը անչափահաս դստեր՝ Ա. Բադալյանի հետ եղել է բակում, իսկ երբ ցանկացել է վերադառնալ տուն, Ա. Մարտիրոսյանը եւ Պ. Հակոբյանը նրանց հրելով մտցրել են ներս եւ փակել մուտքի դուռը, այնուհետեւ զենքերի գործադրմամբ Ե. Ալեքսանյանին, վերջինիս քրոջը՝ Ռ. Ալեքսանյանին, դուստրեր՝ Ա., Ա. եւ Ն. Բադալյաններին սպառնացել են: Հանցագործները տան տարբեր սենյակներում շրջելով՝ հափշտակել են $7500, 100 եվրո, 10 000 դրամ, 7,6 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, 330 000 դրամ ընդհանուր արժողությամբ երեք բջջային հեռախոս, ընդհանուր առմամբ՝ առանձնապես խոշոր չափերի հասնող 10 807 044 դրամի գույք եւ գումար՝ դիմել են փախուստի:
Բացի այդ, հանցագործները 2010թ. հունվարի 15-ին երեկոյան փորձել են մտնել «Արայ» ՍՊԸ սեփականատեր Արմեն Պետրոսյանի տունը: Պարսպի վրայով ապօրինի մուտք գործելով բակ՝ նրանք թաքնվել են: Քիչ անց, տեսնելով տան անվտանգության աշխատակից Սամսոն Չիչակյանին, զենքերի օգտագործմամբ հարձակվել են նրա վրա, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել, պահանջել են գումար, իսկ քիչ անց նույն տան բակ ահազանգով ժամանած «Արայ» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության պետ Արսեն Խաչատրյանին եւ նրա ընկեր Արմեն Հարությունյանին պառկեցրել են գետնին, բռնության ենթարկել, հափշտակել են վերջինիս 22 000 դրամ գումարը, 80 000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, իսկ Ա. Խաչատրյանից հափշտակել են 73 000 դրամ ընդհանուր արժողությամբ երկու բջջային հեռախոս, ապա պահանջել են բացել առանձնատան դռները եւ մատնացույց անել տանը պահվող գումարի եւ ոսկյա զարդերի գտնվելու վայրը՝ կարծելով, թե նրանք են առանձնատան տերերը:
Նույն պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին տեսնելով՝ Պետրոս Հակոբյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, իրենց մոտ եղած զենքից կրակոց արձակելով, դիմել են փախուստի: