Դրանք առիթ են դարձել դատաիրավական բարեփոխումների նոր փուլի համար
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հունիսին կայացած նիստում, երբ քննարկվում էր Հայաստանի հարցը՝ ներկաներին էր բաժանվել ՀՀ արդարադատության նախարարության կազմած ամփոփ ուղեցույցը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ՀՀ-ում «Դատավարությունների դիտարկում» զեկույցից բխող օրենսդրական եւ գործնական միջոցառումների մասին:
Բավական ծավալուն այս փաստաթղթից որոշ մեջբերումներ անենք, որոնք պատկերացում են տալիս, թե մարտի 1-ի գործերով դատավարությունների դիտարկման վերաբերյալ այլ զեկույցից հետո ինչ բարեփոխումներ են մտադիր իրականացնել իշխանությունները:
ՀՀ նախագահի ապրիլի 26-ի կարգադրությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը մեկամսյա ժամկետում պետք է քննարկեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում արտացոլված առաջարկություններից բխող անհրաժեշտ քայլերը: Մայիսի 26-ին կայացել էր հանձնաժողովի անդրանիկ նիստը, որտեղ այդ զեկույցի «Համակարգված առաջարկություններ» բաժնում ներառված բոլոր առաջարկությունների վերաբերյալ յուրաքանչյուր կետով կայացվել էր առանձին որոշում: Ահա մի քանիսն այդ 41 որոշումներից:
Այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու առնչությամբ դատական պրակտիկայի, ինչպես նաեւ համապատասխան օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու հարցը համարվել է միանշանակ ընդունելի:
Որոշվել է ներդնել այնպիսի ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան մեղադրյալին մինչդատական վարույթում հարցաքննելու իր դեմ վկայած անձանց:
Դատաքննության ընթացքում ցուցմունք չտված վկաների եւ փորձագետների գրավոր ցուցմունքները դատարանում որպես ապացույց չընդունելու վերաբերյալ առաջարկությունը համարվել է կիրառելի:
Պաշտպանի բացակայությամբ անձի հարցաքննության արդյունքները դատարանում (անգամ, եթե անձը հրաժարվել է պաշտպանից) որպես ապացույց չհամարելու վերաբերյալ առաջարկության առնչությամբ որոշվել է հանգամանալից ուսումնասիրություններ կատարել եւ դրանց արդյունքներով կայացնել վերջնական որոշում:
Դատավորների կողմից խոշտանգումների եւ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ արված բոլոր հայտարարություններին արձագանքելու, ինչպես նաեւ այդ առնչությամբ տեղեկություններն իրավասու մարմիններին փոխանցելու վերաբերյալ առաջարկությունը համարվել է կիրառելի:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերում քրեական հետապնդում, ինչպես նաեւ սանկցիաներ կիրառելու հիմքերի վերանայման անհրաժեշտությունը, ինչպես նշված է արդարադատության նախարարության կազմած ուղեցույցում՝ համարժեք է գնահատվել նաեւ ԱԺ պատգամավորների կողմից. «Ընդ որում, հարցի անհրաժեշտությունը նկատվել է մինչեւ զեկույցի առաջ գալը, քանզի ԱԺ պատգամավորներն օրենսդրական նախաձեռնության կարգով արդեն իսկ պաշտոնական շրջանառության մեջ էին դրել մի շարք օրինագծեր, որոնցով համապատասխան փոփոխություններ ու լրացումներ են նախատեսված»:
Կալանավորման հարցի վերաբերյալ ցանկացած բողոք կալանավորված անձի ներկայությամբ քննության առնելու վերաբերյալ առաջարկությունը համարվել է անվերապահորեն ընդունելի. «Այդ առնչությամբ նաեւ հանձնարարված է Դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլի ծրագրի պատասխանատուներին միջոցներ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկները, ինչպես նաեւ ձերբակալվածներին ու կալանավորվածներին պահելու վայրերն ապահովել համապատասխան էլեկտրոնային համակարգերով, ինչը հնարավորություն կտա քննության ընթացքում անմիջական հեռակապ հաստատել կասկածյալի կամ մեղադրյալի հետ»:
Դատարանների կողմից խափանման միջոց ընտրելիս ՀՀ վճռաբեկ դատարանի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերով ղեկավարվելու վերաբերյալ առաջարկությունը եւս համարվել է անվերապահորեն ընդունելի, եւ ընդունվել է որոշում՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին:
Ուղեցույցում նշված է. «Կողմերի նկատմամբ դատավորների կողմից հավասար վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ առաջարկությունը վերաբերում է դատավորների վերապատրաստման ոլորտին, ուստի համապատասխան առաջարկություն է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին՝ ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով հիշյալ հարցադրումը վերապատրաստման ծրագրերում ընդգրկելու համար միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»:
Դատավորների դեմ բերված բողոքների պատշաճ քննարկման եւ այդ կապակցությամբ բավարար հիմքերի առկայության դեպքում կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունը եւս համարվել է միանշանակ ընդունելի, ինչի առնչությամբ առաջարկվել է ՀՀ արդարադատության խորհրդին նկատի ունենալ սույն նկատառումը եւ հաշվի առնել իրենց հետագա գործունեությունում:
Զեկույցում առաջարկ կա դատական կարգադրիչների ծառայության վարքագծի կանոնակարգի մասին, որի առնչությամբ նշված է. «Սույն փաստաթուղթը պատրաստելու պահին դատական դեպարտամենտում արդեն իսկ մշակվել է դատական կարգադրիչների վարքագծի կանոնների նախագիծ, որը Դատավորների նախագահների խորհրդի առաջիկա նիստում դրվելու է քննարկման»:
Խոշտանգումների կիրառման անթույլատրելիության հարցերով բժշկական անձնակազմի, ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի պատասխանատու ծառայողների համար դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ առաջարկության կապակցությամբ «համապատասխան գրություններ են ուղարկվել պատասխանատու պետական կառույցների ղեկավարներին»:
Իրավական օգնության քաղաքականությունը վերանայելու վերաբերյալ առաջարկության առնչությամբ հայտնվել է, որ համապատասխան դրույթներ են ներառվել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ պաշտոնական շրջանառության մեջ դրված «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծում:
Զեկույցի հարցադրումների առնչությամբ մշակված օրենսդրական դրույթները նպատակահարմար են գտել ներառել Քրեական դատավարության օրենսգրքի մշակվելիք նախագծում, որի վերջնական տեքստը պատրաստելու համար ՀՀ նախագահի կարգադրությամբ վերջնաժամկետ է նշանակվել 2011թ. մարտի 1-ը: