Հարազատները չեն հավատում ՊՆ-ի առաջ քաշած՝ Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածին:
Տավուշի մարզի զինվորական դիրքերում հուլիսի 27-ին հրազենից մահացել է 31-ամյա պայմանագրային զինծառայող, հենակետի ավագ, մասնագիտությամբ արեւելագետ, Թեհրանում Հայաստանի դեսպանի նախկին կցորդ Արտակ Նազարյանը: Նա պայմանագրային ծառայության էր անցել անցյալ տարվա դեկտեմբերին:
Lragir.am-ի փոխանցմամբ, հուլիսի 6-ին Արտակի մայրը այցելել էր որդուն եւ մի քանի օր մնացել, իմանալով, որ որդին խնդիրներ ունի սպաների հետ: Արտակի դիակը բերվել է Երեւան: Ծնողներին ասել են, թե նա ինքնասպանություն է գործել՝ ինքնաձիգից կրակելով բերանի մեջ: Հարազատները, սակայն, չէին հավատում այս վարկածին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Հուլիսի 27-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանը (ծնված 1979թ.), ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում: Կատարվում է հետաքննություն»:
Ի դեպ, ժամը 08.00-ի սահմաններում կատարվածի մասին պաշտպանության նախարարությունը ծնողներին հայտնել էր ժամը 17-ին: Երեկ փորձագիտական կենտրոնում ավարտվեց Ա. Նազարյանի դիահերձումը, որին ներկա գտնվեցին հարազատները: Ըստ մեր աղբյուրի, արտաքին զննությամբ Արտակի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բռնության հետքեր, թեւերի վրա հայտնաբերված վնասվածքները բնորոշվել են որպես բութ առարկայով հասցված: Նա վնասվածքները ստացել է մահվանից 6 ժամ առաջ:
«Որդուս սպանել են ժամեր առաջ, իսկ իրենք արդեն զբաղված են գործը կոծկելով»,- ըստ «Ա1+»-ի, ասում է Արտակի մայրը: Հարազատները Արտակի հետ խոսել են շաբաթ օրը, եւ մայրն ասում է, որ «տղաս ահավոր լարված ու անհանգիստ էր, տագնապը մեջը»: Մինչ այդ ծնողներն իմացել են, որ Արտակը խնդիրներ ունի զորամասում: Հրամանատարական կազմից կոնկրետ անձինք մշտապես հետապնդել ու ճնշել են Արտակին: Նրան համարել են թույլ հրամանատար, ով զինվորներին չի ծեծում եւ այլն: «Մամ ջան, ես ուրիշ հրամանատար եմ ուզում լինել զինվորների համար, այստեղ ուրիշ տեսակի մարդիկ են աշխատում: Ես չեմ ուզում նրանց նմանվել: Ես ուզում եմ հայրենասիրական մղումներ առաջացնել զինվորների մեջ»,- ասել էր մորը 10 օր առաջ հանդիպման ժամանակ: Տանից Արտակին հայոց պատմության գրքեր ու քարտեզներ են ուղարկել:
Հարազատները կտրականապես մերժում են Արտակի ինքնասպան լինելու հնարավորությունը: «Հանգիստ ու հավասարակշիռ մարդ էր եւ երբեք նման քայլի չէր գնա»,- համոզված են հարազատները, ովքեր վճռականություն են հայտնում, որ մինչեւ վերջ պայքարելու են գործը բացահայտելու եւ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:
Արտակ Նազարյանը մեր գործընկեր Ծովինար Նազարյանի եղբայրն է:
Ծովինարը գտնվում էր Վաշինգտոնում եւ Հայաստան կվերադառնա հուլիսի 30-ին: «Առավոտը» ցավակցում է Նազարյաններին եւ հայտնում իր զորակցությունը: