Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ կանանց նիհարելու մոլուցքը ինքնագնահատական ձեռք բերելու նպատակ ունի»

Հուլիս 28,2010 00:00

Այս կարծիքին է ամերիկացի դիետոլոգը

Նորվեգացի գիտնականների հրապարակած տվյալներով՝ կանանց դեպրեսիաների 70%-ի պատճառը տարատեսակ սննդակարգերն ու սնունդն է: Մասնավորապես, չիփսերի, պիցաների եւ սեւ շոկոլադի հաճախակի օգտագործումը հանգեցնում է անկումային տրամադրության: Ապացուցվել է նաեւ ջրի ազդեցությունն ու օգտակարությունը սթրեսային իրավիճակներում: Բոլոր այն կանայք, ովքեր մեկ օրվա ընթացքում օգտագործում են 2 լիտր ջուր, դեպրեսիաներով տառապելու հավանականությունը նվազեցնում են կրկնակի:

Դիետոլոգ Ջուլիետա Շելթոնն ապրում է ԱՄՆ-ում եւ անհատական սննդակարգերի ստեղծմամբ զբաղվում է 21 տարուց ավելի, համաձայնեց հարցազրույց տալ սննդակարգերի թեմայով՝ միայն մեկ նախապայմանով. «Անպայման պետք է գրեք այս նախադասությունը. հայ աղջիկները նախ եւ առաջ պետք է ընդունեն ու սիրեն իրենք իրենց այնպիսին, ինչպիսին որ այդ պահին են, եւ հետո, նոր միայն որոշեն սննդակարգ պահել: Մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում եմ եւ, մասնագիտությամբ լինելով նաեւ հոգեբան, ուզում եմ առանձնացնել մի շատ կարեւոր նախապայման, որը ստիպում է հայ կանանց ու աղջիկներին սննդակարգ պահել: Նրանք չունեն ինքնավստահություն եւ կյանքի որեւէ նպատակ, որը չի առնչվում խոհանոցին կամ երեխաներին: Սա բավականին լուրջ խնդիր է: Լինել հոգատար մայր եւ սիրող կին՝ հրաշալի է, սակայն դա դարձնել հիմնական զբաղմունք, սարսափելի է: Այն կարող է կասեցնել ինքնազարգացումը, բերել ինքնակործանման»:

Ըստ Ջուլիետա Շելթոնի, այսօր կան սննդակարգի համար նախատեսված տարբեր միջոցներ՝ դեղահաբեր, թեյեր, հատուկ մարզասարքեր, նույնիսկ դեղաբույսեր. «Կարելի է օգտվել այդ ամենից, սակայն նախ եւ առաջ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր մարդու սննդակարգը պետք է կազմել ու դեղահաբ նշանակել՝ նախ արյան բաղադրությունը ստուգելուց հետո, հետագայում անվերադարձ սխալներից խուսափելու համար: Սակայն այս դեպքում էլ չեն բացառվում սխալները: Դիետոլոգների կողմից մշակված հեքիաթներից պատմեմ մի քանիսի մասին: Նախ, իբր շոկոլադից չեն գիրանում: Սա առնվազն լավ հորինված հեքիաթ է: Շոկոլադի մեկ կտորը օրվա մեջ անհրաժեշտություն է, բայց 5 կտորը վտանգ է օրգանիզմի համար: Քաղցրավենիքներն արգելված պտուղ չեն, մոռացեք այդ մասին: Կարող եք օգտագործել ամեն օր, դրանից չեն գիրանում, բայց ոչ թե գերհագենալ մեկ ժամվա մեջ, այդ դեպքում հետեւանքներից չեք խուսափի: Երրորդ հեքիաթը՝ սուրճի մեծ քանակությունը օգնում է նիհարել: Սա առասպել է եւ սրտային հիվանդությունների առաջացման պատճառ: Իբր կաթնային ուտելիքներից հրաժարվելը օգնում է նիհարել: Իրականում կարող ես հրաժարվել կաթնամթերքից, եթե ցանկանում ես զրկվել ատամնաշարից եւ եղունգներից: Ասում են՝ կարտոֆիլի օգտագործումը նպաստում է նիհարելուն: Սա հեռու է իրականությունից: Կարտոֆիլը չափից ավելի է ծանրացնում օրգանիզմը եւ մարսողությունը: Միշտ հիշեք, օրգանիզմը սննդակարգն ընդունում է որպես էքստրեմալ վտանգավոր իրավիճակ եւ սկսում է պայքարել դրա դեմ: Սննդակարգի պետք է անցնել աստիճանաբար, նվազեցնելով ուտելիքների քանակը, այլ ոչ՝ զրկվելով դրանից»:

Ըստ Ջուլիետա Շելթոնի, նիհարել կարող են միայն այն դեպքում, երբ մոռանան «սննդակարգ» բառի մասին, անգամ, եթե կշեռքը ցույց է տալիս 320 կգ: «Աշխատեք, վայելեք ձեր աշխատանքի արդյունքները, իսկ եթե նվիրել եք ձեր կյանքը ընտանիքին, աշխատանքի վերածեք այդ նվիրվածությունը: Եղեք ինքնաբավարարված: Եվ քաշն աստիճանաբար, ինքն իրեն կնվազի»,- համոզված է դիետոլոգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել