Անհարմար պայմաններ՝ թանկ գներով
Ինչքան էլ որ դժգոհում ենք, թե Հայաստանում հանգիստը կազմակերպելն ավելի թանկ է արժենում, քան արտասահմանում, միեւնույն է, դժգոհողների մեծամասնությունը, հավանաբար չդավաճանելով իր հայրենասիրական «սկզբունքներին», բավարարվում է Հայաստանով՝ հանգստանում է, օրինակ, Սեւանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, Հանքավանում եւ այլն:
Բայց ինչքան էլ աչք փակես այն բոլոր թերությունների ու բացթողումների վրա, որ առկա են հայաստանյան հանգստի գոտիներում, հնարավոր չէ անտեսել հանգստյան տները, քոթեջներն ու լողափներն «աշխատացնողների» ստելն ու, մեղմ ասած, «քցելը»: Չեմ կարծում, թե արտասահմանյան որեւէ երկրում հանգստյան տանը նախապես տեղ պատվիրելով, կանխավճար թողնելով, վերջին օրով հանգստի մեկնած մարդուն հուսախաբ կանեն, ասելով՝ «գիտեք ձեր սենյակը սխալմամբ ուրիշի ենք տվել, եկեք ձեզ ուրիշ սենյակում տեղավորենք, հենց լավ սենյակ ազատվի՝ կտեղափոխենք»: Սա այն դեպքում, երբ մեկ հոգու համար նախապես վճարելով 15 000 դրամ, քեզ ուղեկցում են 6000 դրամանոց, խորհրդային տարիներից պահպանված գույքով լի մի խուց, որից հնության հոտ է փչում. այսպես լինում է Հանքավանում:
Այսօր Սեւանա լճի շրջակայքում մոտ 300 լողափ «աշխատացնող» տնտեսավարող սուբյեկտներ կան, որոնք միայն իրենց փողի տերն են ու իրենց տարածքում հանգստացողների անվտանգության հարցերով բացարձակ չեն էլ հետաքրքրվում: Մեքենան դեռ չմոտեցած լողափին, տարածքի աշխատողը, մեքենայիդ տակ «քցվելով», քեզ դիմավորում ու գումարն է գանձում եւ այնքան ջերմ է այդ ամենն անում, որ թույլ չի տալիս նույնիսկ «նեղություն քաշես» ու մեքենայից իջնես: Եթե պարզապես մեքենադ ես կագնեցնելու, ապա առնվազն 3000-5000 դրամ պիտի վճարես. գները պայմանագրային են՝ կախված մեքենայի մակնիշից, համարանիշից ու վարորդի «աղայությունից»: Բացի այդ՝ տաղավար հիշեցնող, ցելոֆանապատ, լողափատիրոջ խոսքով ասած՝ «բեսեդկայի» համար էլ առանձին պետք է վճարել, դարձյալ գինը՝ պայմանագրային համակարգով: Եվ եթե, օրինակ, հաճախորդներն աղջիկներ են՝ լողափ աշխատացնողը իր «լողանալո՞ւ եք, աղջկերք» հարցից հետո նոր որոշում է գինը, այսինքն, եթե լողանալու են, եւ ինքը հնարավորություն է ունենալու տեսնել լողազգեստով աղջիկների, ապա կգործի զեղչերի ճկուն համակարգ: Ինչ վերաբերում է Սեւանա լճի ափին տեղակայված «դոմիկներին», ապա վերջիններիս գները պայմանավորված են մի շարք գործոններով: Շաբաթ-կիրակի օրերն ավելի թանկ են, որովհետեւ ոչ աշխատանքային օրեր են, եւ, բնականաբար, հանգստացողներն ավելի շատ են: Բացի այդ, «դոմիկը» վարձակալելիս էլ տերերը նայում են հագած-կապածիդ, մեքենայիդ ու դրա համարանիշին: Երբ արդեն վարձում ես, փորձում են հետաքրքրվել՝ ո՞վ ես կամ ինչո՞վ ես զբաղվում: Եթե, օրինակ, ոստիկան ես, ապա «դու մեր ախպերն ես», ասում են նրանք: Իսկ «ախպերներից» «քաշվելով», կամ էլ նրանց հարգելով, գրեթե, ձրի է: «Դոմիկների» գները մեկ օրվա համար սկսվում են 18000- 20000 դրամից, բայց՝ միայն լավ սակարկելուց հետո: Օրինակ «Ոսկե Իշխան» լողափում գինը պարբերաբար տատանվում է 15000-25000-ի միջեւ, «Ծովաստղ» լողափում գները սկսվում են 15000 դրամից: Ի դեպ, «Ծովաստղում» այս տարի զեղչեր են գործում, որովհետեւ լողափը վաճառվում է՝ գինը $250 000 է:
Բոլորն էլ գիտեն, որ «սեւանային» ծառայություններից օգտվելու դիմաց իրենցից գանձված գումարների հիմնական մասը անօրինական է, բայց այս ամենը գիտակցելով հանդերձ՝ շարունակում են նպաստել ապօրինություններին: Լողափ «աշխատացնողներից» յուրաքանչյուրն իր «սեփականաշնորհած» տարածքը «գովերգելու» համար մատնանշում է իր հատվածի բարձր մակարդակը, ինչն էլ, ըստ իրենց, պայմանավորված է հետեւյալով՝ «մեր դոմիկներում գիշերը կարաս հանգիստ քնես, հաստատ ոչ մեկ չի գա դուռդ ծեծի…»: Բայց այն, որ դուռդ էլ կծեծեն, մեքենադ էլ կթալանեն ու էլի շատ բաներ կանեն, հաստատ անխուսափելի չէ, իսկ քո անվտանգությունն էլ, բնականաբար, ապահովված չէ:
Քանի որ լողափերն իրարից մի փշալարով, կամ պղնձե լարով են բաժանվում, հետեւաբար, հնարավորություն ունենք «վայելելու» միաժամանակ հայկական, ռուսական, արտասահմանյան տարբեր ոճերի երաժշտություն: Ամեն մեկն իր մեքենայում իր նախընտրած երաժշտությունն է բարձր միացնում, դռներն ու պատուհանները բացում ու հագուստով ջուրը մտնում: Հավանաբար, միայն հայ կանայք կարող են հարդարված մազերով, մոտավորապես երեկոյան զգեստով ու իրենց ունեցած ամբողջ ոսկեղենով պատված Սեւան գնալ ու հենց այդպես ջուրը մտնել, կամ ափի մոտ բարձրակրունկ կոշիկներով սրբիչով սպասել երեխային չորացնելու:
Սեւանը «սեփականաշնորհածները» ամեն ինչից փորձում են փող աշխատել, անգամ մարդկանց կյանքի գնով: Ավելորդ չէ անդրադառնալ նաեւ լճում երեւացող մետաղի ջարդոններին, որոնք երեւի 20-30 տարի առաջ նավ են եղել: Քայքայված նավակների տերերն այն շահագործում են՝ մեկ հոգուն լճում մեկ անգամ պտտացնելու դիմաց վերցնում 1000 դրամ:
Ինչ վերաբերում է սկուտերատերերին, ապա վերջինները նույնպես լավ բիզնես են անում՝ 1 րոպեի դիմաց գանձելով 1000 դրամ:
Ժողովրդի մեջ շրջանառվող անեկդոտը, թե հարուստները գնում են Սեւան, միջին խավը՝ Անթալիա, աղքատները՝ Քոբուլեթի, հավանաբար, մոտ է իրականությանը, որովհետեւ այն գումարը, որ անտեղի վատնվում է Սեւանում, ավելի շատ է կազմում, քան Հայաստանից դուրս հանգստանալիս: