Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկայեֆը իր ապագա կարիերայի հետ կապված բավականին հետաքրքիր հայտարարություն է արել:
«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ հանրաճանաչ ֆուտբոլիստը fransefootball.fr մարզական հրատարակությանը ասել է, թե մտադիր է մարզել Հայաստանի ազգային հավաքականը: «Ճիշտ է, ես առայժմ պաշտոնական շփումներ չեմ ունեցել եւ Հայաստանի ազգային հավաքականից առաջարկ չեմ ստացել, սակայն, եթե ինձ երբեւէ առաջարկեն մարզչի պաշտոնը, այդ մասին կմտածեմ: Հայրս՝ Ժանը, ժամանակին քիչ էր մնում ղեկավարեր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Հաճելի կլիներ, եթե այդ պաշտոնը ինչ-որ մի ժամանակ ես զբաղեցնեի: Դա հետաքրքիր արկած կլիներ»,- ասել է Ջորկայեֆը, որի մայրը հայուհի է:
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման վերջին աղյուսակում զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը: Մեր ընտրանու միջազգային հեղինակությունը բարձրացրել է վաղամեռիկ Յան Պորտերֆիլդը, որի կորուստը կանգնեցրել է մեր ընտրանու վերընթացը:
Մինչ Ջորկայեֆի այս առաջարկը կհասնի Հայաստանի ֆուտբոլային գործիչներին, անվանի ֆուտբոլիստը ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ էլ սեփական հիմնադրամ է ստեղծել: Այն կրում է Ջորկայեֆի անունը եւ նպատակադրված է օգնել դժվար տարածաշրջաններում ֆուտբոլի զարգացմանը: