Եվրաֆուտբոլ-2010-ը հայկական ֆուտբոլի համար պաշտոնապես ավարտվեց: Հերթական անգամ բոլոր հույսերը փշրվեցին, հերթական անգամ՝ մրցավարի վերջին սուլիչի հետ, մեզ մնաց տխուր վիճակագրությունն ու ափսոսանքը, թե այս անգամ էլ չստացվեց:
Հայկական թիմերից ոչ մեկը 2010-ին իր երկրպագուներին հաղթանակի բերկրանք չպարգեւեց՝ ընդհանուր առմամբ ութ հանդիպումներում նվիրելով միայն 1 տառապյալ գոլ: Ու հաջորդ փուլեր անցնելու մասին երազանքի ճանապարհին կանգնած արգելքի հիմնական ցուցանիշն այսօր, թերեւս, ոչ թե չտոնած հաղթանակներն են, այլ հայկական ֆուտբոլի չորս առաջատարների միասնական ջանքերով խփած միակ գնդակը: Սա լակմուսի թուղթ է մեր ֆուտբոլային ինստիտուտի՝ ակումբների իրական ներուժի, առաջնության մակարդակի, ինչպես նաեւ ձեւակերպվող ամբիցիաների համար: Իսկ ամբիցիաները, ինչպես ցույց տվեցին վերջին մի քանի շաբաթները, ամենեւին չեն համապատասխանում ուժերի իրական դասավորվածությանը:
«Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիին» հաղթելու դեպքում «Միկայի» հաջորդ մրցակիցը կլինի Անգլիայի «Լիվերպուլը»,- ոգեւորված հայտարարում էին հայրենական լրատվամիջոցները: Վիճակահանության նման քմահաճույքը շուրջ երկու շաբաթ հայկական ֆուտբոլային եւ մերձֆուտբոլային շրջանակներում քննարկվող թիվ մեկ թեման էր: Աշխարհահռչակ ֆուտբոլիստներին մեզ մոտ տեսնելու ցանկությունն ու մոլուցքը այնքան մեծ էր, որ, ասես, մոռացության էին մատնվել մեր փոխչեմպիոնի՝ Հայաստանի առաջնությունում անհաջող ու անկայուն ելույթները: Մոռացության էր մատնվել «Ռաբոտնիչկիի» հետ առաջին խաղում «Միկայի»՝ թվային առավելությունը օգտագործել չկարողանալու փաստն ու այդ պայմաններում կրած պարտությունը: Մինչդեռ, ամբիցիաները ձեւավորվում եւ հաղթանակները ձեւակերպվում են այն ժամանակ, երբ թիմը հստակ մեխանիզմ է ու օգտագործում է իրեն ընձեռված թե խաղային, թե թվային հնարավորություններն ու առավելությունները, երբ գրոհները ի վերջո եզրափակվում են գոլով, երբ հաղթանակը ոչ թե անհիմն ցանկություն է, այլ՝ հիմնավորված ամբիցիա…
«Միկայի» մարզչական խորհրդի նախագահն ու գլխավոր մարզիչը չկարողացան որեւէ բան փոխել պատասխան խաղից առաջ: Այն, ինչը պիտի փոխվեր, բնավորության պես ձեւավորվում է ու զարգանում ժամանակի ընթացքում՝ ենթարկվելով բնականոն փորձությունների ու կոփվելով: Ինչպես անհատը մեկ օրում չի կարող ամբողջությամբ վերափոխվել ու վերադասավորվել, այնպես էլ ֆուտբոլային թիմը չի կարող մեկեն կոփել կամքն ու մի կողմ թողնել բարդույթները: Մանավանդ՝ միջազգային խաղերում: Իհարկե, կարելի է առարկել (ինչն, ի դեպ, այս օրերին մասսայական բնույթ է կրում), թե «Միկան», ի տարբերություն «Ուլիսի», նման հանդիպումների բավականաչափ փորձ ունի, իսկ «Ուլիսին» հենց այդ փորձառության պակասն էլ խանգարեց հաջորդ փուլ դուրս գալ: Սակայն ակնհայտ է մի բան. «Միկայի» եւ «Ուլիսի» ֆուտբոլային «վարքագիծը» Եվրոլիգա-2010-ի որակավորման փուլում ոչնչով չտարբերվեց: Երկու թիմերն էլ ցուցադրեցին ոչ հասուն, անատամ, անվճռական, կամազուրկ, ոչ եվրոպական ֆուտբոլ:
Օրեր առաջ՝ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Փյունիկ»-«Պարտիզան» հանդիպման նախօրեին, «Պարտիզանի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոեւիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր. «Համարվում է, որ Հայաստանի հավաքականը եվրոպականին մոտ ֆուտբոլ է խաղում»: Ակումբների ցուցադրած խաղը ի՞նչ է համարվում՝ Ստանոեւիչը չէր նշել, բայց ակնհայտ է, որ ութ խաղ, վեց պարտություն, ընդամենը մեկ գոլ ու ոչ մի հաղթանակ արդյունքը եվրոպականին այնքան էլ մոտ չէ: Կամ էլ՝ մեր Եվրոպան ուրիշ է: