Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս 28,2010 00:00

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը հանրապետության հանրահայտ գիտնականներից է, ում գիտական հետազոտություններն ու մենագրություններն արժանի \"\"գնահատական են ստացել աշխարհի շատ երկրներում:

Բժիշկ, գիտնական, գիտության, բարձրագույն կրթության եւ առողջապահության կազմակերպիչ. սրանք են այն հիմնական որակները, որոնք բնորոշում են Էմիլ Գաբրիելյան մարդուն: Ասվածի վառ օրինակը նրա անցած ուղին է:

1954-ից մինչեւ 1959 թ-ն, որպես վիրաբույժ ու գլխավոր բժիշկ, աշխատել է Արթիկում: 1959-ից 1975 թ-ն աշխատել է Երեւանի բժշկական ինստիտուտում՝ ասիստենտից մինչեւ ինստիտուտի ռեկտոր: Այս ժամանակաշրջանում բժշկական ինստիտուտի գործունեությունը լի էր բուհի համար յուրահատուկ, խիստ կարեւոր իրադարձություններով: 1975-ին նա նշանակվել է առողջապահության նախարար: Շուրջ 15 տարի ճանաչված գիտնականը ծառայել է հայ ժողովրդի առողջության պահպանման եւ կազմակերպման դժվարին գործին՝ համատեղելով գիտամանկավարժական գործունեության հետ: Նրա պաշտոնավարման տարիներին բացվել են բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ինստիտուտներ եւ հեռահաղորդակցական հնարավորություններով լաբորատորիաներ, որոնցից ՀՀ ախտորոշիչ կենտրոնն առաջինն էր ԽՍՀՄ-ում:

Նրա գիտելիքներն ու կազմակերպչական տաղանդը լավագույնս դրսեւորվել են 1988-ի երկրաշարժի օրերին: Ուժերի գերագույն լարումով, առողջապահության նախարար Է. Գաբրիելյանը համակարգել է տուժածներին բժշկական եւ բարոյական օգնության ցուցաբերման խնդիրները: 1992-ին Է. Գաբրիելյանը ստեղծել է հանրապետության համար նոր ու խիստ կարեւոր կազմակերպություն՝ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որի անփոխարինելի ղեկավարն էր մինչեւ իր կյանքի վերջին օրերը:

1994-ից Է. Գաբրիելյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր: 1994-2005 թթ. զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի, բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնները: Նա նաեւ դեղագիտության Ֆրանսիական ազգային ակադեմիայի թղթակից-անդամ էր, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի, ՀՀ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի դեղաբանների գիտական ընկերության նախագահ, Դեղաբանների ռուսական գիտական ընկերության նախագահության պատվավոր անդամ, «Դեղեր եւ բժշկություն» բժշկագիտական տեղեկագրի գլխավոր խմբագիր, մի շարք գիտական ամսագրերի խմբագրակազմի անդամ:

Մեծ քաղաքացու, բժշկի, գիտնականի, առողջապահության կազմակերպչի, ուսուցչի եւ լուսավոր մարդու վախճանն անդառնալի կորուստ է մեր հանրության համար: Նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա մեր սրտերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել