Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅԱՆԸ

Հուլիս 28,2010 00:00

\"\"Հարցազրույց թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանի հետ:

– Հոկտեմբերին՝ Ձեր միավորման նախաձեռնությամբ, կանցկացվի «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի առաջին միջազգային փառատոնը: Հայաստանյան դրամատուրգիական ներուժը բավարա՞ր է նման միջոցառմանը ներկայանալու առումով, մենք ի՞նչ նյութով կարող ենք հանդես գալ:

– 2009թ. Մոլդովայում ԱՊՀ մասնակից երկրների ֆորումին «Ներկայի վերականգնումը» արդի դրամատուրգիայի նախագիծը ներկայացրի Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) քննությանը, վերջինի կողմից արժանանալով հավանության: Միջոցառումից վերադարձա հետեւյալ հստակ հիմնավորումներով. բեմադրիչները եւ դերասանները այս կամ այն չափով ունեն ստեղծագործական շփումների հնարավորություն (հյուրախաղեր, վարպետության դասեր եւ այլն): Մինչդեռ դրամատուրգները, գոնե՝ Հայաստանի, զուրկ են նման հնարավորությունից: Ի՞նչ դրամատուրգիա է ստեղծվում այսօր ԱՊՀ երկրներում: Հարցի պատասխանն իմանալու միակ աղբյուրը, այն էլ՝ ոչ բավարար, համացանցն է: Սակայն ոչինչ չի կարող փոխարինել կենդանի շփմանը, խնդիրներն անմիջականորեն արծարծելու եւ դրանց պատասխանները համընդհանուր ջանքերով պարզելու հնարավորությանը: Թե ինչ նյութով ենք ներկայանալու՝ ցույց կտա նախնական մրցույթը, որն ընթանում է այս օրերին: Ստեղծվել է հանձնախումբ, որը քննում է հայտերը, իսկ առաջիկայում տեղի կունենան ներկայացված պիեսների ընթերցումները: Յուրաքանչյուր երկրից (մոտ 15) ընդունվում է 1 պիես: Ընդ որում, դրամատուրգներից բացի, հրավիրել ենք նաեւ բեմադրիչների, այն հեռանկարով, որ հնարավորություն ստեղծվի հետագա համատեղ բեմադրական նախագծերի իրականացման համար:

– Դրամատուրգիական ի՞նչ խնդիրներ կշոշափվեն ընթերցումներին հաջորդող քննարկումների ժամանակ:

– Ենթադրում եմ, որ ստեղծագործական խնդիրներից բացի, շատ է խոսվելու համընդհանուր սոցիալական, հոգեբանական վիճակի մասին, այլ կերպ ասած՝ բուն արվեստից դուրս խնդիրների մասին, որովհետեւ, կարծում եմ, որ կենսական թեմաները իրենց հում վիճակով երբեք այսքան գերակշիռ չեն եղել դրամատուրգիական արվեստում: Կյանքի հիվանդագին եւ խեղաթյուրված կողմերից բացի, պետք է նաեւ ունակ լինենք տեսնելու մարդկայինն ու գեղեցիկը: Ինչ վերաբերում է մասնագիտական խնդիրներին, ապա կարեւորագույնը արդի դրամատուրգիայի հիմնական միտումները ճշտելն է: Ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ զուտ մասնագիտական հմտությունները, դրամատուրգիական տեխնիկայի, պիեսի ստեղծման բաղադրիչները…

– Ի՞նչն է պակասում մերօրյա հայ դրամատուրգիայում:

– Կյանքի հանդեպ հետաքրքրությունը, հեգնական հայացքն ու հումորը, անտեսվում է կյանքի տված առատ դրամատուրգիական նյութը: Դրամատուրգիան մեկ անձի շախմատ է, դրամատուրգը պետք է կարողանա մտածել բոլոր կերպարների տեսանկյունից՝ արդարացնելով յուրաքանչյուր գործող անձին:

– Իսկ դրան հասնելու ճանապա՞րհը…

– Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կասկածի տակ առնել սեփական ճշմարտացիությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել