Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԵԼ ԵՆ ԳԵՐԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հուլիս 28,2010 00:00

«Վիքիլիքս» կայքէջը հայտարարում է Աֆղանստանի ռազմական գործողությունների վերաբերյալ նոր փաստաթղթեր գաղտնազերծելու մտադրության մասին: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ հավելելով, թե պարբերականի հիմնադիր եւ խմբագիր, ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանջին երկուշաբթի օրը Լոնդոնում հայտարարել է, որ կայքէջի տրամադրության տակ կան Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ դաշնակիցների կողմից մղվող պատերազմի մասին հազարավոր գաղտնի նյութեր, որոնք անպայման կհրապարակվեն։ Նախօրեին հայտնի դարձավ, որ «Վիքիլիքս» կայքէջը Աֆղանստանի պատերազմի թեմայով արդեն իսկ շուրջ 92 հազար փաստաթուղթ է գաղտնազերծել։

ԱՄՆ-ը դատապարտել է տեղեկատվական այդ արտահոսքը՝ հայտարարելով, որ այն վտանգում է Աֆղանստանում տեղակայված բազմազգ ուժերի զինծառայողների կյանքը եւ սպառնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը։ Ընդսմին, Ջուլիան Ասանջին հայտարարել է, որ իրենց տրամադրության տակ եղած նյութերից ստացվող առաջին տպավորությունն այն է, որ «այստեղ կան պատերազմի հանցագործության մասին վկայող փաստեր»։

«ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, Պենտագոնը դեռ չի հստակեցրել, թե որքան է կայքի կողմից աֆղանական պատերազմական գործողությունների վերաբերյալ հրապարակման հասցրած վնասի չափը: ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Դեյվ Լեյպանն ասել է, որ բոլոր նյութերն ուսումնասիրելու եւ ամերիկացի զինծառայողներին եւ կոալիցիոն դաշնակիցներին հասցված վնասի չափը որոշակիացնելու համար, եթե ոչ շաբաթներ, ապա օրեր են պետք: Փորձագետները պնդում են, որ այդ վնասը ահռելի է: Լեյպանը հրաժարվել է մեկնաբանել այդ փաստաթղթերի բովանդակությունը, բայցեւ հայտարարել է, որ «դրանց հրապարակումը չի նշանակում, որ այդ փաստաթղթերից «գաղտնի» գրիֆը հանված է»: Նա նաեւ հայտարարել է, թե Պենտագոնը ներքին հետաքննություն է սկսել՝ այդ փաստաթղթերը ԶԼՄ-ներին փոխանցողի ինքնությունը պարզելու համար:

Հիշեցնենք միայն, որ արդեն հրապարակված փաստաթղթերը վկայում են Աֆղանստանում կոալիցիոն ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում արձանագրված հսկայական թվով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների սպանությունների մասին: Դրանք մեծ մասամբ բացատրվում են նաեւ նրանով, որ այդ գործողություններն իրականացրել են «Task Force 373» գերգաղտնի ստորաբաժանումները՝ ամերիկյան «Մահվան էսկադրոնը», որի գործառույթը եղել է «Թալիբան» շարժման բարձրաստիճան ղեկավարների «որսն» ու ոչնչացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել