Երեքշաբթի օրը հայտնաբերվել են դեռ նախորդ օրը Ռումինիայում իսրայելական ռազմական ուղղաթիռի կործանման արդյունքում զոհված բոլոր յոթ անձանց դիերը, որոնց թվում վեց իսրայելցի եւ մեկ ռումինացի է եղել: Իսրայելական ուղղաթիռը, որը մասնակցում էր «Blue Sky 2010» որոնողափրկարարական համատեղ ուսումնական վարժանքներին, թանձր մառախուղի պայմաններում հարվածել էր սարին եւ կործանվել: «CH-53» ուղղաթիռը պատկանում էր իսրայելական ռազմաօդային ուժերին: BBC-ի մատուցմամբ, Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, ըստ որի, ուղղաթիռը վայր է ընկել երկրի կենտրոնական հատվածում գտնվող Զարնեշտի քաղաքի մոտակայքում: Ուղղաթիռում եղել են չորս իսրայելցի օդաչու, երկու մեխանիկ եւ մեկ ռումինացի ավիատեխնիկ:
Աղբյուրի մատուցմամբ, իսրայելական այդ մոդելի ուղղաթիռներն արդեն հինգ անգամ վթարի են ենթարկվել: Ամենախոշոր ավիավթարը տեղի է ունեցել 1997-ին, Լիբիայի հետ սահմանի մոտակայքում, որի արդյունքում 73 զինծառայող է զոհվել: