Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչն իր գրպանից է վճարում

Հուլիս 28,2010 00:00

Թեստային համակարգի կիրառումը ուսուցիչների վրա «թանկ է նստում»

Ավարտվեց 2009-2010 ուսումնական տարին: Նորություն չէ, որ վերջին շրջանում հանրակրթության ոլորտը գտնվում է բարեփոխումների հորձանուտում: 2008-2009 ուսումնական տարում փոխվեց գնահատման սանդղակը (5-բալանոցին փոխարինելու եկավ 10-ը): Հանրակրթության ոլորտում բուռն վիճաբանությունների, տարակարծությունների տեղիք տվեց նաեւ անցյալ ուսումնական տարվանից ներդրված գրավոր հարցման թեստային համակարգի կիրառումը: Ստորեւ չենք անդրադառնա այդ համակարգի ուսումնական եւ բովանդակային խնդիրներին, քանզի այն մի ամբողջ հոդվածաշարի նյութ է: Խոսենք թեստերի կիրառման տեխնիկական հարցերից: Ըստ պատասխանատուների հրահանգների՝ յուրաքանչյուր կիսամյակ բոլոր առարկաներից (բացի ֆիզկուլտուրա եւ ռազմագիտություն) միջինը պետք է տրվի 2-3 թեստ, իսկ կիսամյակի վերջում՝ ամփոփիչ: Հանրապետության հազարավոր ուսուցիչներ թեստերի կիրառման ժամանակ խնդիրների առջեւ կանգնեցին: Գաղտնիք չէ, որ հանրապետության ոչ բոլոր կրթօջախներն են համալրված համակարգիչներով (ուսուցիչներից շատերը տանն էլ չունեն անհատական համակարգիչ): Մանկավարժը ստիպված թեստերը համակարգչային շարվածքի պետք է բերի իր ազգականների, ծանոթների մոտ, իսկ վատագույն դեպքում՝ ինտերնետ ակումբում: Հանրապետությունում, ամենայն հավանականությամբ, կլինեն հազիվ 3 տասնյակի հասնող դպրոցներ, որոնք ունեն պատճենահանման սարքեր, որոնք, լավագույն դեպքում, մասամբ կարող են օգտավետ լինել թեստերի բազմացման համար, քանզի, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ տեխնիկական առումով, դրանք անկարող են մշտապես բավարարել: Բացի դրանից, հանրապետության շատ կրթօջախներում կա մանկավարժների մի հոծ զանգված, որը չի տիրապետում համակարգչային տարրական գիտելիքների. հետեւությունները թողնում ենք ընթերցողներին:

Թեստերի կիրառման հետ կապված եւս մի խնդրահարույց հարց. ըստ ընդունված կարգի՝ լեզուներ եւ մաթեմատիկա դասավանդող ուսուցիչներին վճարել եւ վճարում են տետրերի ստուգման համար: Սակայն թեստերի կիրառումից հետո անհավասար վիճակում հայտնվեցին մնացած առարկաների մանկավարժները, որոնք թեստերի ստուգման համար ոչ մի լումա չստացան: Թեստերի կիրառման հետ կապված այս բոլոր տեխնիկական, մեղմ ասած, անհարթությունները լուծելու համար ամեն ամիս ուսուցչից պահանջվում է որոշակի գումար, իմ հաշվարկներով՝ մոտ 5-6 հազար դրամ: Ի դեպ, կրթության պատասխանատուներին 2009 թվականի սեպտեմբերին, երբ թեստերի կիրառման հետ կապված վերոհիշյալ խնդիրները մատնացույց էինք անում, աղոտ եւ անորոշ խոստումներ էին տալիս ֆինանսական փոխհատուցման վերաբերյալ, որոնք բոլորի համար էլ պարզ էր՝ առայժմ անիրագործելի էին:

1 ամսից կմեկնարկի նոր ուսումնական տարին, ուստի դիմում եմ ՀՀ կառավարությանը, որն այս օրերին, համոզված եմ, զբաղված է 2011-ի պետական բյուջեի կազմման աշխատանքներով, խնդրում եմ հաշվի առնել վերոհիշյալ ֆինանսական խնդիրները, որոնց հետ բախվում են հանրապետության ավելի քան 50 հազար մանկավարժներ, եւ հնարավորինս օպտիմալ լուծում տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել