Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անատոլի Հովհաննիսյանի «Հայելի»-ն

Հուլիս 28,2010 00:00

Դիպուկ ընտրված խորագիր է բանաստեղծական այս ժողովածուի համար, ընդ որում՝ սա ոչ թե հարթ, միամակերես հայելի է, այլ հավաքված է բազում բեկորներից, որոնցից յուրաքանչյուրը ներքին տառապագին ապրումների մի թանկագին մասունք է արտացոլում, ի վերջո, կազմելով բանաստեղծական միաձույլ մի աշխարհ, որի դիմաց նրբազգաց ընթերցողն անտարբեր չի կարող մնալ։ Այս հայելին կոչված չէ արտացոլելու հեղինակի կամ ընթեցողի կերպարանքը, նրանք, ովքեր դա են փնտրելու, կարող են հուսախաբվել։ Տառապանքի հայելու տարբեր բեկորներում յուրաքանչյուր ընթերցող կարող է իր տառապանքից արտացոլում տեսնել, մանավանդ որ՝ անտառապանք ընթերցող չկա։ Ահա այդ բեկորները միանալով իրար, կազմում են հեղինակի տառապանքների հայելին։ Միաժամանակ թե՛ բանաստեղծորեն, թե՛ մարդկայնորեն Անատոլի Հովհաննիսյանը նպատակ չի հետապնդում սեփական տառապանքով ուրիշներին ավելի տառապեցնելու, այլ գիտակցորեն, կամ՝ ոչ, սփոփանքի զգացում է առաջացնում, ինքն իր մեջ ներդաշնակ, որ թույլ է տալիս կոչել նաեւ սփոփանքի հայելի։

Ես առաջին անգամ կարդացի այս հեղինակի ստեղծագործությունները, ի դեպ՝ դրանք այնքան էլ շատ չեն եղել, որ անփութությամբ վրիպած լինեի։ Սա հեղինակի երկրորդ ժողովածուն է ընդամենը, որ հեղինակի հետ զրուցելու կանչի պես ներկայացավ, մի բան, որ չափազանց քիչ է պատահում արդի խառնափնթոր ու խժալուր «բանաստեղծական» աղմուկի մեջ։ Ահա մեկը, որ իր աստվածատուր շնորհի հանդեպ խորին հարգանքով, գիտակցության լաբիրինթոսում գլուխը չկորցրած, միմիայն սեփական բանաստեղծական ընկալումների եւ միմիայն սեփական ձեւակերպումների համակարգով է ներկայանում ընթեցողին, եւ նրա ինքնապավինումը արդարացված է լրիվ։ Սիրո զուսպ, բայց անհագ կարոտին, հայրենիքին, հարազատներին, համր լուսնին հղված բանաստեղծություններն ամենից առաջ հմայիչ են անակնկալ փոխաբերությունների, համեմատությունների ու նաեւ դրանց փոխարեն՝ նույնացումների գրեթե անթերի համակարգով։

Զարկերակներս տագնապ են գուժում.

Դու ժպտում ես,

Ինչպես ազդագիրը՝ բոլորին…

Դու, քեզնից էլ անտեղյակ,

Ապրում ես իմ սրտում՝

Մոմի գրկում վառվող պատրույգի գերությամբ…

Կամ՝

Մեր միջեւ հիմա անտեսանելի, ձայնամեկուսիչ պատ է,

Եվ ձկան իմ բացուխփվող բերանը

Քեզ հոգնեցնող ծամածռություն է թվում։

Դու հանդարտ, մեղմօրոր լիճ ես,

Որտեղից այդպես էլ չեն գտել

Ջրահեղձին։

Անաղարտ բանաստեղծության հետ հանդիպումը մեծագույն ուրախություն է։ Անաղարտ բանաստեղծությունն ավելի հստակ ու որոշակի է պատկերում հեղինակի մարդկային, ազգային, քաղաքացիական, ինչ խոսք, նաեւ բանաստեղծական նկարագիրը, քան այդ թեմաներին «նվիրված» հանգավոր ու անհանգ ճառախոսությունները, երդումներն ու հավաստիացումները։ Նման նկարագիր կերտելու շնորհը ոչ բոլորին է տրված, եւ այստեղ արդեն կարեւոր չեն մասշտաբները։ Կարեւորը նրա արդարացված գոյությունն է։

Ամեն վայրկյան ես դուրս եմ գալիս

Ինքս ինձնից

Ու չեմ կարողանում

Վերադառնալ՝

Բնից անզգուշորեն ընկած

Թռչնաձագի նման…

Կամ՝

…Այս անկանգառ ընթացքով արյունոտ գնացքում

Ես ոտքի տակ ընկած

Վիրակապ եմ…

Ասված է սուր եւ ճշգրիտ։

Իսկ հեղինակին հղվող առաջա՞րկ, ցանկությո՞ւն։ Կարծում եմ՝ այո՛։ Չնայած, այնքան էլ չեմ հավատում դրանց օգտակարությանը, երբ խոսքը վերաբերվում է արդեն կազմավորված բանաստեղծին, որպիսին Անատոլի Հովհաննիսյանն է։ Այդուհանդերձ, «Հայելի» ժողովածուն իր մեջ պարունակում է կենսական էներգիա, իրապես կենսական եւ սնուցիչ։ Ես դա համարում եմ ամենագլխավորը ընդհանրապես արվեստի որեւէ ստեղծագործության համար։ «Հայելու» յուրաքանչյուր բեկոր իր մեջ մաս ունի այդ էներգիայից, որ շահագրգիռ ընթերցողին է հաղորդվում անակնկալ պատկերների միջոցով։ Ցանկալի է, որ ընթերցողը ոչ թե ճիգ գործադրի՝ այդ էներգիան որսալու, այլ ապրի դրա վայելքը, կլանի դա համեմատաբար անդիմադիր ձեւով, ինչը սովորաբար լինում է, երբ դրա մատուցումը կատարվում է բանաստեղծական արվեստի կատարյալ միջոցներով։ Խոսքը ազատ կամ դասական հանգավոր ձեւերի նախընտրության մասին չէ, այլ էներգիան իրենց մեջ կրող եւ փոխանցող տողերի կուռ կառուցվածքի։ Բանաստեղծական արվեստն իր զինանոցում ունի բավական հնարավորություններ այդ խնդիրն առաջնակարգ ձեւով լուծելու համար. եւ այդ դեպքում Անատոլի Հովհաննիսյանի բանաստեղծությունները կարող են ընթերցողական ավելի լայն շրջանակներ գրավել, ինչը ցանկալի է թե՛ ընթերցողների, թե՛ հեղինակի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել