Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՐՋԱՊԱՏՈՂ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ»

Հուլիս 28,2010 00:00

«Ես իմ ափսեի մեջ չեմ»

\"\"Վերնագրում գրված արտահայտությունների անհեթեթ լինելը պարզ է բոլորին, թեեւ այդ օրինակները նույնպես վերցված են մամուլից, բայց դեռեւս տարածում չեն ստացել եւ, փառք Աստծո, որ դեռեւս ընդհանուր առմամբ չենք իջել այդ մակարդակին: Սակայն դրա հետ մեկտեղ գործածում ենք բազմաթիվ ոչ հայեցի, շինծու բառեր ու արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «բարձր արագություն», «բարձր էներգիա», «բարձր տեխնոլոգիա», անգամ «բարձր դատարան» եւ նմանատիպ այլ արտահայտություններ, որոնց հաճախ կարելի է հանդիպել մամուլում, հեռուստաեթերում, առօրյա խոսակցությունների ժամանակ: Որտեղի՞ց են այս անհեթեթությունները: Պատասխանը հայտնի է՝ ռուսերեն համապատասխան արտահայտությունների մեխանիկական, չմտածված թարգմանություններից եւ հայերենի տարրական չիմացությունից: Ռուսերեն «ՉօրՏՍՌռ» բառը մի՞շտ է որ հայերենում պետք է թարգմանել «բարձր»: Եթե խոսքը վերաբերում է արագությանը կամ էներգիային, ապա պետք է հիշել, որ դրանք լինում են կամ մեծ, կամ փոքր, բայց ոչ ցածր կամ բարձր, հետեւաբար ճիշտ է ասել «մեծ արագություն», կամ «մեծ էներգիա» (օրինակ՝ «մեծ էներգիաների ֆիզիկա»): Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, ապա պետք է նկատի ունենալ, որ տեխնոլոգիան չի լինում «բարձր» կամ «ցածր», այլ լինում է «հին» կամ «նոր», «լավը» կամ «վատը», հետեւաբար՝ «ՉօրՏՍՌպ ՑպւվՏսՏչՌՌ» արտահայտությունը հայերեն կարող է լինել, օրինակ, «նուրբ տեխնոլոգիաներ»:

Ռուսերեն «ՉօրՏՍՌռ րցՊ» արտահայտության պարագայում «ՉօրՏՍՌռ» բառն ունի «վսեմ, հարգելի, հարգանքի արժանի, պատվավոր» իմաստը, հետեւաբար այն հայերեն կարող է լինել, օրինակ, «հարգարժան կամ պատվելի դատարան»:

Բերված օրինակները շատ չնչին մասն են կազմում ներկայումս մեր լեզվում չափազանց տարածում ստացած սխալ, ոչ հայեցի, երբեմն անգամ անհասկանալի արտահայտությունների համապատկերում: Ցավալին այն չէ, որ երբեմն ոչ ճիշտ արտահայտություններ են լինում, դրանից խուսափել պարզապես հնարավոր չէ, ցավալին այն է, որ ժամանակի ընթացքում այդ ոչ ճիշտը ոչ թե ուղղվում է, այլ վերածվում լեզվական կաղապարի, եւ արդեն առանց մտածելու սկսում ենք աջ ու ձախ դրանք օգտագործել:

Այսօր անընդհատ կարդում ու լսում ենք, որ «խոսքը գնում է», «բանը նրանում է», «ֆուտբոլիստը բարձր արագության տակ…» կամ «սուր անկյան տակ», «խաղում են առաջին համարով», «հարվածից հետո անդրադարձ կար», «ընդունվել է այնինչի կողմից», «ստորագրվել է այսինչի կողմից», «հիվանդի մոտ ջերմություն կա», «Մոսկվայի տակ հանգստանում էինք», «օրինակի վրա երեւում է», «տեղումներ ձյան (անձրեւի) տեսքով», «սիրահարվել եմ նրա վրա», բազմաթիվ մակաբույծ բառեր ու արտահայտություններ՝ «հանդիսանում է», «իրենից ներկայացնում է», «կայանում է նրանում» եւ այլն, եւ այլն: Ի դեպ նշենք, որ այս ցավը վերջին տարիների երեւույթ չէ, այն սկիզբ է առել սովետական շրջանում, երբ թարգմանում էին ռուսական կրթություն ստացած գրագետները, որոնք հայերենին տիրապետում էին միայն խոսակցական, «փողոցային» մակարդակով: Այստեղ, ի միջի այլոց, նշենք, որ որեւէ օտար լեզվի կատարյալ իմացությունն անգամ ոչինչ է, եթե այդ մարդը չի տիրապետում հայերենին: Իհարկե, նա իրեն շատ ազատ եւ լավ կզգա, ասենք, Լոնդոնում կամ Մոսկվայում, բայց Հայաստանում, առանց հայերենի իմացության, նրա լեզվի իմացությունը չի կարող պիտանի լինել ո՛չ իրեն, ո՛չ հանրությանը:

Չափազանց վտանգավոր է նաեւ լեզվի «մաքրամոլների» ձգտումն ամեն ինչ թարգմանել, օգտագործել միայն հայերեն բառեր. եւ սկսում են, յուրաքանչյուրն իր հանգին, հորինել, հնարել հայերեն բառեր՝ մոռանալով, կամ չիմանալով, որ այդ նոր բառը պետք է լեզվական համապատասխան պահանջների բավարարի:

Մենք հաճախ չենք էլ նկատում, որ շատ դեպքերում, երբ ուզում ենք կարդացածից ինչ-որ բան հասկանալ, մտքում հայերենը թարգմանում ենք ռուսերեն, որ հայերենը հասկանանք: Այսինքն՝ եթե որեւէ արտահայտության ռուսերենը չգիտենք, ապա դրա բառացի թարգմանությունը կլինի լրիվ անհասկանալի:

Այս հոդվածը գրելու նպատակը ոչ թե տարբեր տիպի անհեթեթ բառերն ու արտահայտությունները մատնանշելն է, ինչին հաճախ կարելի է հանդիպել ե՛ւ մամուլում, ե՛ւ հեռուստաեթերում, այլ հիմնախնդրի լուծումը գործնական հարթություն տեղափոխելը: Այսինքն՝ կարծում ենք, որ լեզվի հետ առնչվող բազմաթիվ հարցադրումները եւ դրանց լուծման ուղիները կարելի է գտնել համատեղ հասարակական քննարկումների միջոցով եւ իսկապես լուծել: Պարզապես անհրաժեշտ է շեշտել ոչ թե այս կամ այն սխալի առկայությունը, այլ ինչպես, ինչ ճանապարհով այն վերացնել:

Մի դեպքում այդ խնդիրը պետք է լուծի Լեզվի տեսչությունը, մի այլ դեպքում Կրթության եւ գիտության նախարարությունը, մյուս դեպքերում հրատարակչությունները, հեռուստաընկերությունները եւ այլն: Միայն թե անհրաժեշտ է ցանկություն եւ հետեւողականություն: Այսպես՝ ինչն է խանգարում օրաթերթի (հեռուստաընկերության) խմբագրությանը՝ գտնել մի կարգին լեզվաբանի եւ խնդրել ցույց տալ լույս տեսած համարներից (հաղորդումներից) մեկի լեզվաոճական թերությունները:

Խնդիրն այն է, որ լրագրողներից շատերը չգիտեն, որ իրենք սխալ են գրել կամ հաղորդել, որովհետեւ նրանք դարձել են լեզվական կաղապարների գերին, եւ եթե նրանց սովորեցնեն, ապա շատ արագ կարող են շտկել իրենց սխալները: Կարծում եմ, որ դրա համար մեծ միջոցներ անհրաժեշտ չեն, դա կարելի է իրականացնել առանց մեծ ծախսերի, անգամ՝ առանց ծախսերի: Ինչ վերաբերում է դպրոցական եւ բուհական դասագրքերին, ապա այստեղ մեծ անելիքներ ունի Կրթության եւ գիտության նախարարությունը, որովհետեւ անհրաժեշտ է դրանք բոլորը պարտադիր կարգով ենթարկել լեզվաոճական խմբագրության:

Այստեղ նկատենք նաեւ, որ դպրոցներում եւ բուհերում հայերեն սովորում են ոչ միայն հայոց լեզվի ու գրականության ժամերին, այլեւ մյուս բոլոր առարկաների միջոցով: Հատկապես կարեւոր է, որ աշակերտները գրավոր հանձնարարություններ կատարեն այլ առարկաներից, սովորեն իրենց մտքերը գրավոր արտահայտել: Չմոռանանք, որ գրավոր խոսքն օգնում եւ սովորեցնում է մտքերը ճիշտ արտահայտել եւ լեզվամտածողության ձեւավորման լավագույն եղանակն է:

Թող չստեղծվի այն տպավորությունը, թե ինքս ինձ համարում եմ լեզվի գիտակ եւ ուրիշներին ցանկանում եմ սովորեցնել. ամենեւին, բոլորիս խնդիրն է, յուրաքանչյուրն իր հնարավորությունների շրջանակներում, նպաստել առկա արատավոր շրջանից դուրս գալուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել