Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԴՐԱՆՑԻՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

Հուլիս 28,2010 00:00

Հուլիսի 7-ին եւ 8-ին անդրադարձել ենք Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղում բռնկած խոզերի զանգվածային անկումներին: Թեեւ անասնաբույժներն ի սկզբանե ենթադրում էին, որ խոզերի անկումը պաստերելյոզ եւ արմանելոզ հիվանդությունների միաժամանակյա վարակն է, սակայն գյուղացիները ենթադրում էին, որ աֆրիկյան ժանտախտն է պատճառը: Հիվանդության պատճառը հաստատված է՝ Խդրանցում աֆրիկյան ժանտախտ է: Անվտանգության նկատառումներից ելնելով ու վարակի տարածումը կանխարգելելու համար հարկադիր մորթի էին ենթարկել գյուղի բոլոր խոզերը, իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ: Խդրանցի գյուղապետ Անդրանիկ Բաբայանի փոխանցմամբ՝ կազմվել է արձանագրություն եւ ներկայացվել մարզպետարան: Ըստ արձանագրության՝ 19 սատկած, 41 հարկադիր մորթի ենթարկված, ընդհանուր 2813 կգ կենդանի քաշով խոզ է ոչնչացվել գյուղում: Գյուղացիները զրկվել են եկամտի աղբյուրից, այսօր նրանց միակ հույսը փոխհատուցումն է: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը նշում է, որ իրենք արձանագրությունը կներկայացնեն գյուղնախարարություն, սակայն պարզ չէ՝ փոխհատուցում կլինի՞, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին էլ նման դեպքեր եղել են, ակտեր են կազմվել, վնասի չափերը հաշվարկվել-ուղարկվել են գյուղնախարարություն, սակայն փոխհատուցում չի տրամադրվել:

Հ. Գ. Հայաստանի հյուսիսում էլ՝ Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, տարածված է խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը, եւ արդեն մի քանի հարյուր խոզ է սատկել կամ հարկադիր ոչնչացվել: Փոխհատուցում այնտեղ էլ չի տրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել