Սույն թվականի հունիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ, հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ թշնամին հետ էր քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: Դավադրության զոհ գնացին Մնացական Գասպարյանը, Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը եւ Պարույր Մելքոնյանը:
Հաղթանակ ավանի 19-ամյա բնակիչ Պարույր Մելքոնյանի մայրը՝ Արմինեն, ողբերգությունից մեկ ամից անց էլ չի հավատում, չի ուզում հավատալ որ որդին էլ չկա: «Ախր Պարույրին 19 տարի ինչ ձեւով պահեցինք… ոչ մի բանից չզրկեցինք, ուրախ ճանապարհեցինք բանակ, բայց ի՞նչ եղավ… ո՞վ կմտածեր…»:
Հաղթանակ ավանի թիվ 115 մանկապարտեզի տնօրեն Հայաստան Եփրիկյանը հիշում է Պարույրին. «Խելացի, համով բալիկ էր, ընդունակ, յուրահատուկ երեխա էր, շատ ճարպիկ էր, ափսոս… Մանկապարտեզի մի անկյունում հայրենասիրական պատվո տախտակ ունենք, ուր արցախյան ազատամարտի զոհերի նկարներն են: Կդնենք նաեւ Պարույրի նկարը, որ մեր սաների մեջ դեռ մանկուց հայրենասիրություն ներարկվի»:
Պարույրը նկարելու եւ քանդակելու ձիրք ուներ, սովորում էր թիվ 5 գեղարվեստի պետական ուսումնարանի քանդակագործության բաժնում, շատ էր սիրում, շատ էր կապված իր վարպետ Մովսես Սառիկյանի հետ: «Ընկալելու մեծ ունակություն ուներ, լավ ուսանող էր Պարույրը»,- ասաց Մովսես Սառիկյանը:
2009-ին էր զորակոչվել Պարույրը, մեկ տարի ծառայել էր եւ ոչ մի անգամ տնեցիներից կամ հարազատներից ոչինչ չէր ուզել, չէր տրտնջացել, միշտ ասում էր՝ լավ եմ, մի եկեք: Բայց հայրը մի անգամ տեսության գնացել էր եւ հրամանատարներից միայն դրական խոսքեր ու գովասանք լսել որդու հասցեին:
Պարույրի բանակ գնալու օրը մայրը նրա անունով շիվ էր տնկել ծաղկամանում: Մի օր քամուց ծաղկամանը շուռ եկավ ու շիվը արմատախիլ եղավ, հետո զոհվեց Պարույրը… այդ շիվը հետո նորից հողը դրեցին եւ այն արմատ գցեց, ծլարձակեց եւ ամրացավ:
«Ինչքան երազանքներ ուներ որդիս, կիսատ մնացին»,- Պարույրի մայրն էր…