Հանցակազմը «ներկա» լինու՞մ է Գյումրիում
Գյումրու կենտրոնում՝ ոստիկանության ու Շիրակի մարզպետարանի հարեւանությամբ գտնվող Տեքստիլագործների թիվ 2-րդ հանրակացարանում, հացադուլ հայտարարած Սաթենիկ Հարությունյանը օրերս մեր օրաթերթին բողոք էր ներկայացրել Շիրակի մարզի իրավապահների դեմ: Հիշեցնենք, որ Սաթենիկ Հարությունյանը այդ ծայրահեղ միջոցին դիմել էր այն պատճառով, որ ԴԱՀԿ-ն ապամոնտաժել էր նրա ելումուտի ճանապարհը, աստիճանավանդակը՝ տիկնոջ 4 հոգանոց ընտանիքին վթարային շենքի երկրորդ հարկում հարկադիր կալանքի ենթարկելով: Նշենք, որ կիսավեր շենքը վաճառված է, եւ սեփականատերերի պահանջով վտարում են Հարությունյանների անօթեւան ընտանիքին: Վերջիններիս ճանապարհը բացվեց միայն նախագահ Սերժ Սարգսյանի Գյումրի կատարած այցելության ժամանակ, երբ նրանց դուստրը՝ Անահիտ Հարությունյանը, նախագահին անձամբ ներկայացրեց իրենց գլխին եկածը ու մարզի բարձրաստիճան պաշտոնյաներին, այսպես ասած, անհարմար դրության մեջ դրեց: Դրանից մեկ օր անց նախագահի խիստ հանձնարարականով Շիրակի մարզպետարանը վերանորոգեց ԴԱՀԿ-ի ապամոնտաժած աստիճանավանդակը (տես՝ լուսանկարում): Սակայն Սաթենիկ Հարությունյանը շարունակում է բողոքել մարզի պաշտոնյաներից, մասնավորապես, իր հարեւաններից՝ ոստիկաններից, որոնք, ըստ նրա, իրեն հրավիրել են ոստիկանություն՝ հարկադրելով ցուցմունք տալ, որ ինքը որեւէ մեկի դեմ բողոք չունի: «Եթե աստիճանավանդակը նախագահի հանձնարարականով վերանորոգել են, դա չի նշանակում, որ իմ հարցերը լուծել են, եւ ես որեւէ մեկի դեմ բողոք չունեմ: Վերջը պիտի պատասխան տա՞ն ինձ այս վիճակին հասցնողները: Իմ ընտանիքին սթրեսի մեջ են պահել, մի՞թե ԴԱՀԿ-ի աշխատակիցների մասնագիտական պարտականությունների մեջ մտնում է նաեւ մարդկանց ծաղրելն ու անարգելը: Նրանք խախտել են իմ տեղաշարժվելու սահմանդրական իրավունքը, իմ առողջությանը վնաս են պատճառել, եթե Սերժ Սարգսյանը այդ օրերին Գյումրի չգար, միգուցե իմ առողջական վիճակը կտրուկ վատանար, եւ իմ ընտանիքը իրոք սովամահ լիներ: Բոլորդ էլ գիտեք, որ եթե անգամ կրակի մեջ այրվես, մեր մարզի պաշտոնյաները թքած ունեն: Դռներս բացող չեղավ: Ու սա պիտի անպատի՞ժ մնա, գոնե հանգիստ թողնեն, չհրավիրեն ոստիկանություն ու պնդեն, թե գրի, որ բողոք չունես: Ո՞վ էր իրենց խնդրում տարիներ ի վեր պետականորեն կառուցված աստիճանավանդակը ապամոնտաժել, որ հիմա էլ վերակառուցել են ու իբրեւ թե ինձ լավություն են արել»,- զայրանում է Սաթենիկ Հարությունյանը: Նրա ներկայացնելով, տնային կալանքում, հացադուլի մեջ գտնվելու ժամանակ իր ամուսինը բողոք է ներկայացրել ոստիկանություն, սակայն վերջիններս հրաժարվել են քննել այն՝ պնդելով, որ հացադուլավորն անձամբ պետք է ցուցմունք տա: Ու քանի որ հացադուլավորը չի կարողացել վթարային շենքի երկրորդ հարկից իջնել ցած՝ ոստիկաններին ներկայանալու համար, գործի քննությունը ձգձգվել է: Նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո էլ իրավապահները որոշել են, որ հանցակազմ չկա, տիկնոջ պահանջն էլ բավարարված է, քանի որ ելումուտի ճանապարհը բացված է: «Առավոտը» Գյումրու ոստիկանապետ Արթուր Բիչախչյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ են Սաթենիկ Հարությունյանին հարկադրում ցուցմունք տալ, որ բողոք չունի: «Ինչպես կարող է նման բան լինել, եթե մի անգամ արդեն իսկ նրանց բողոքով նյութեր են նախապատրաստվել ու քննվել մարզի քննչական բաժնում, դա բացառվում է»,- մի քանի անգամ կրկնեց ոստիկանապետը: Շիրակի մարզի դատախազությունից էլ հայտնեցին, որ գործը քննարկման մեջ է, եւ եթե տիկինը բողոք ունի, ո՞վ է արգելում, թող բողոքի: Ի դեպ, երեք ամիս առաջ մարզի քննչական մարմնի կողմից նախապատրաստված նյութերը եւս խիստ զայրացրել էին Սաթենիկ Հարությունյանին, ով Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակում հեգնել էր. «Հետաքրքիր է՝ հանուն արդարության հանցակազմը երբեւէ «ներկա» լինու՞մ է Գյումրիում»: Այնուհետեւ տիկինը նախագահին խնդրել էր. «Այս ցավալի ու ողբերգական պատմության ուսումնասիրումը չհանձնարարել Շիրակի մարզի որեւէ իրավասու մարմնի, քանի որ ամենակարող կոռուպցիան ու կաշառքը կատարել են իրենց սեւ գործը»:
Այս պատմությունն ամենայն հավանականությամբ անհարմար վիճակի մեջ էր դրել նաեւ Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանին, ով վերջերս Մարալիկ քաղաքում անցկացրած խորհրդակցության ժամանակ նեղվեց, թե իրեն դիմելու փոխարեն «մեշոկներով» բողոքներ են հասցնում նախագահին:
«Երկու ցելաֆոն բողոք ներկայացրիք նախագահին: Խնդրում եմ, նախ դիմեք ինձ, եթե չկարողանամ լուծել, նոր դիմեք կառավարությանն ու նախագահին: Սիրուն չէ, այդ նամակների մեջ երբեմն 3000 կամ 5000 դրամ են խնդրում, պետք է նամակների քանակը հասցնել նվազագույնի, դիմեք ինձ, տեսեք ինչ ծանրություն եմ վերցնում իմ վրա, բայց պատրաստ եմ լուծելու»,- ասաց Շիրակի մարզպետը: