Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆԵԾՔՆԵՐ ԵՎ ՁԵՌՆԱՄԱՐՏ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հուլիս 28,2010 00:00

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց 2010թ. ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին ապօրինի բերման ենթարկված, իսկ այնուհետեւ կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատական նիստը:

Մեղադրյալի աթոռին են Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, նույն բաժանմունքի օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը, ավագ օպեր-լիազորներ Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը: Աշոտ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրօրի 309 հոդվածի երրորդ մասով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, իսկ մնացած 3-ը՝ 308 հոդվածով, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

Երեկ դատարանում պետք է վկայություն տար Չարենցավանի ոստիկանության նախկին պետ Նորայր Հեբոյանը: Վերջինս մեկ օր առաջ դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ առողջական խնդիրների հետ կապված հանրապետությունից դուրս է մեկնել եւ խնդրում է դատարանին, որպեսզի նախաքննական մարմնում իր կողմից տրված ցուցմունքները հրապարակեն եւ դատարանը ընդունի որպես հիմք: Մեղադրող Հարություն Հարությունյանը, Վահան Խալաֆյանի փաստաբանն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները դատարանին միջնորդեցին դատական նիստը հետաձգել, որ այդ ընթացքում դատավորը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հաջորդ դատական նիստին կարեւորագույն վկան ներկա լինի:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց բավարարել կողմերի միջնորդությունը, սակայն դեռ Հեբոյանին բերման ենթարկելու որոշում չկայացրեց, նշելով, որ մեկ անգամ էլ ծանուցագրով Հեբոյանին կհրավիրեն դատարան: Իսկ եթե նախկին ոստիկանապետ Հեբոյանը դատարանի նկատմամբ ցուցաբերի անհարգալից վերաբերմունք, ապա դատարանը կկայացնի բերման ենթարկելու որոշում:

Երբ դատավորը հայտնեց, որ դատական հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 18-ին եւ դուրս եկավ նիստերի դահլիճից, սպանված Վահան Խալաֆյանի հարազատներն ու մտերիմները սկսեցին անեծքներ տեղալ Վահանին խոշտանգումների ենթարկած անձանց հասցեին: Նրանց անեծքներին արձագանքեցին մեղադրյալ Աշոտ Հարությունյանի հարազատները, իսկ նրանց միջից տարիքով մի կին սկսեց հայհոյել Խալաֆյաններին, ինչից հետո խոսքից անցան ձեռնամարտի: Դատական կարգադրիչներից մեծ ջանքեր եւ 15 րոպե պահանջվեց ձեռնամարտը դադարեցնելու եւ մթնոլորտը հանդարտեցնելու համար:

Դատարանի բակում արդեն մեղադրվող ոստիկանների հարազատները մեղադրում էին լրագրողներին, ֆոտոթղթակիցներին ու Խալաֆյանների հարազատներին՝ շոու սարքելու մեջ:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել