Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնապահպանները չեն հավատում նախարարին

Հուլիս 28,2010 00:00

Մոտ մեկ ամիս առաջ, հունիսի 26-ին, «Գետը հեռացնում են Սեւանից» հրապարակմամբ, տեղեկացրել էինք, որ Սեւանա լճի մատույցներում, Սելիմի լեռնանցքի շրջանում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման համար փոխվում է գետի հունը, որի հետեւանքով Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու են ջրից, Արգիճի գետի Գայլաձոր վտակի ջուրն այլեւս չի թափվելու Սեւանա լիճ: Սրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ Արգիճի գետի վրա, պարզապես, վերանորոգում են խողովակները: «SOS Արգիճի» նախաձեռնող խմբի անդամները «Էկոլուրին» ասել են, որ նախարարության հայտարարությունը կեղծիք է:

Նախաձեռնող խմբի ակտիվիստներ Վարդան Գալստյանը եւ Պայծառ Աղաբաբյանը վստահեցնում են, որ մոտ 10 տարի առաջ Աղնջաձոր համայնքին ջուր տրամադրելու համար Աստղաձոր համայնքում տեղադրվել է 250 միլիմետր տրամագծով, ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված խողովակաշար: «Այդ խողովակաշարը ներկայումս փոխարինում է խորհրդային տարիների 150 միլիմետր տրամագծով երկաթյա խողովակաշարին, որն այժմ չի գործում, սակայն 2009 թվականին մոտ 2 կմ երկարությամբ լեռան կուրծքը բացել են, կառուցել են խրամուղի եւ ամբարտակ, տեղադրել 530 միլիմետր տրամագծով խողովակաշար, ինչը ենթադրել է տալիս, որ այդ խողովակաշարով մեծաքանակ ջուրը պետք է տեղափոխվի Վայոց Ձոր»,- ասել է Վարդան Գալստյանը:

Ըստ ակտիվիստների՝ մի անգամ արդեն փորձ արվել է ջուրը նորակառույց խողովակով Վայոց Ձոր ուղղելու, սակայն այն հաջողության չի հասել. ջուրը դուրս է եկել խրամուղուց եւ գահավիժել է Գայլաձոր: Այդ տարածքում կան բնական աղբյուրներ, որոնք թափվում էին Գայլաձորի մեջ, սակայն այդ շինարարությունից հետո լցվում են խրամուղու մեջ եւ կորչում:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է դադարեցնել Վայոց Ձորի ՀԷԿ-ի կառուցումը մինչեւ փաստաթղթերի ուսումնասիրությունը: Սա, սակայն, բնակիչներին հույս չի ներշնչում: «Մենք համոզված կլինենք, որ դադարեցված է, երբ կքանդվի Գայլաձոր վտակի վրա կառուցված ամբարտակը»,- ասաց Պայծառ Աղաբաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել