Արարատի մարզի Սուրենավան եւ Արմաշ գյուղերը «ջրաֆիկացվել» են, սակայն գյուղացիները այդ ջրի երեսը օրերով չեն տեսնում:
Մի քանի տարի առաջ ՀՀ նախագահական ընտրությունների օրերին՝ քարոզարշավի շրջանակներում, նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այցելում է Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղ՝ մասնակցելու գազատարի բացման արարողությանը, որը իշխանությունները որպես նվեր էին արել մազրեցիներին։ Սակայն, ինչպես հետո պարզվեց, փաստ էր, որ ոչ մի գազ էլ Մեծ Մազրա չէր հասել, եւ Ռ. Քոչարյանը գազատարի փոխարեն ընդամենը գազի բալոնի բացում էր արել: Այս պատմությունն իսկական անեկդոտ էր դարձել գյուղի բնակիչների շրջանում, նրանք, Քոչարյանի հեռանալուց հետո, հռհռալով պատմում էին, թե ինչպես են նախօրեին այդ տարածքից ընտրված պատգամավորն ու Մեծ Մազրայի գյուղապետը ոտ ու ձեռ ընկած գազի բալոնը թաղել հողի մեջ ու նրանից միացված խողովակները հասցրել մինչեւ փողոց, որպեսզի Ռ. Քոչարյանի առաջ «մաքուր» դուրս գան եւ ապացուցեն, որ իրենց վրա դրված պարտականությունը մինչեւ վերջ կատարել են, եւ Մեծ Մազրան, պատգամավորի գործուն միջամտությամբ, գազիֆիկացվել է: Այս գյուղը գազ ունեցավ ավելի ուշ, երբ պարոն Քոչարյանն արդեն նախագահ էր:
Այդ վիճակում, իհարկե, միայն Մեծ Մազրան չէ: Հանրային ծառայություններից զրկված մեր հանրապետությունում տասնյակ գյուղեր կան, որոնց հետ կապված ծրագրերն այդպես էլ միայն թղթի վրա են մնում: Վերջերս էլ համարյա գազի բալոնի պատմությունը կրկնվել է Արարատի մարզի Սուրենավան եւ Արմաշ գյուղերում, սակայն այս դեպքում ՀՀ կառավարության անդամներն ու մարզային իշխանությունները ոչ թե գազի բալոն են բացել, այլ՝ խմելու ջրի խողովակ, սակայն այդ օրվանից ի վեր այդ գյուղերի բնակիչները, կարելի է ասել, ջրի երես չեն տեսել: Մինչդեռ, մոտ 2 տարի առաջ, այս գյուղերում մեծ շուքով սուփրա-սեղան բացվեց ու հայտարարվեց, որ այսուհետ սուրենավանցիները, արմաշեցիներն ու երասխավանցիները խմելու ջրի խնդիր չեն ունենալու, քանի որ «Գառնիի ջուրը» ուղիղ մարդկանց բնակարաններ է հասնելու: «Գառնիի ջուրն» էլի հասնում է մարդկանց բնակարաններ, սակայն ոչ թե ջրատար խողովակով, այլ՝ ցիստեռններով: Այդ գյուղերում նախկինի պես ծաղկում է ջրի բիզնեսը: Ջրի մեքենան մի քանի օրը մեկ շրջում է գյուղերով եւ գյուղացիներին ջուր վաճառում: Թե ինչպե՞ս է ձեւակերպված այդ բիզնեսը, եւ այդ գումարներն ո՞ւմ գրպանն են գնում, թերեւս, հարկայինի խնդիրն է, միայն փաստ է, որ այդ վաճառված ջրի դիմաց բնակիչներին կտրոն չի տրվում: Բայց որ «ջրի գործ» անողները Արարատի մարզում ազդեցիկ մարդիկ են, եւ այդ բիզնեսից ստացվող եկամուտների առյուծի բաժինը նրանց գրպանն է գնում, արարատցիները չեն կասկածում: Բնակիչների խոսքերով, հակառակ դեպքում, իրենց ջուրը նորմալ տեղ կհասներ:
Մեզ հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ իրենք մինչեւ կոկորդները կուշտ են խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներից: Սուրենավանցիների խոսքերով, այս տարի խմելու ջուրը դեռ մի բան էլ թանկացրել են. «Քանի՞ դույլ ջուր գնենք, որ այս ամռան տապին հոգանք մեր կենցաղային խնդիրները: Ջրի երես 15 օրը մեկ էլ չենք տեսնում: Եթե պատահաբար այդ խողովակներից ջուր գալիս էլ է, ապա հետը որդեր են գալիս, ո՞վ գիտի՝ էդ ջուրը ավազաններում ինչքան է կանգնած մնում, որ որդնում է: Եկան հայտարարեցին, որ այլեւս ջրի պակաս չենք ունենալու, բայց ոտները քաշեցին՝ ջուրը կտրվեց, վերեւներում էլ մեր ջրի հարցը փակված համարեցին: Էլ չեն մտածում, որ դրանով ուղղակի նպաստում են արտագաղթին: Երիտասարդները՝ չափահաս դառնալուն պես, գյուղը լքում են, քանի որ ջրի բացակայության պատճառով դաշտ մշակելու հնարավորությունից էլ են զրկված: Ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ՝ բերք, որ գոնե դրանից ստացված եկամտով տանք խմելու եւ ոռոգման համար ջուր առնենք»,-վրդովված ասում էին սուրենավանցիները: Նրանց խոսքերով, մինչ իրենց գյուղերում ջրի խողովակներ անցկացնելն օգտվելիս են եղել արտեզյան ջրերից, ու քանի որ կառավարությունը խմելու ջրի հարցը այս գյուղերում լուծված է համարել, բնակիչներին զրկել են արտեզյան ջրերից. «Այժմ ոչ մեկը կա, ոչ էլ՝ մյուսը: Արտեզյան ջրերով գոնե հորերը լցնում էինք ու որոշ կենցաղային հարցեր այդ ջրով հոգում: Այսօր այդ էլ չունենք: Տարեցտարի փոխարեն վիճակը լավանա, ավելի վատանում է»:
Եթե Սուրենավանում գոնե 15 օրը մեկ ջուրը ճլճլում է, ապա արմաշցիները վստահեցնում են, որ իրենք ընդհանրապես ջրի երես չեն տեսնում: Այստեղ էլ բնակիչները ջուրը գնում են: Իրենցից բացի, ստիպված են լինում անասունների համար էլ ջուր գնել. «Դաշտերի ոռոգման մասին էլ չենք խոսում, հարյուր հազարներով գումար ենք տալիս, որ ոռոգենք, մեկ էլ կարկուտը միանգամից բերքը փչացնում է, ու գյուղացին մնում է պարտքերի տակ՝ ճռռալով»:
Մեր այցելած բոլոր գյուղերում էլ խանութպանները պատմում էին, որ հատուկենտ գյուղացիներ են, որ իրենցից կանխիկ գումարով են առեւտուր անում: Յուրաքանչյուր խանութում «նիսյայի» հաստափոր ցուցակներ կային, եւ այդ պարտքերը մասամբ մարվում են թոշակի եւ նպաստի օրերին: Գյուղացիները շատ հաճախ ջուրն էլ են պարտքով գնում. «ջրի մարդիկ» ոչ հաճախ, բայց գումար չունեցող գյուղացիներին երբեմն ընդառաջում են եւ ջուրը «նիսյայով» տալիս:
Երեկ առավոտից Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը խորհրդակցության էր, եւ մեր զանգերին ի պատասխան՝ մարզպետարանից հայտնում էին, որ նրա հետ չենք կարող խոսել, քանի որ մարզպետը խիստ զբաղված է: Պարոն Բարսեղյանից ցանկանում էինք ճշտել, թե տեղյա՞կ է արդյոք, որ իր ղեկավարած մարզում մի քանի գյուղեր զրկված են ջրից, եւ դրա հետ կապված նորանշանակ մարզպետն ի՞նչ ծրագրեր ունի:
Ավելի ուշ, բնակիչների դժգոհությունները փոխանցեցինք մարզպետարանի այլ պատասխանատուներին: Մեզ հետ զրույցում մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Եփրեմ Հակոբյանը վստահեցրեց, որ այդ գյուղերի բնակիչների 90%-ը սահմանված գրաֆիկով ջուր ստանում է. «Այդ գյուղերն օրական 350 տոննա ջուր են ստանում, ինչը լրիվ բավարարում է նրանց»:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում, եթե բնակիչները միանգամայն բավարարված են ջրով, ինչո՞ւ են ավելորդ գումարներ ծախսում ու ջուր գնում, կամ ինչո՞ւ է Արարատի մարզում ծաղկում ջրի բիզնեսը, պարոն Հակոբյանն ասաց. «Գուցե ոռոգման նպատակով են գնում»:
Այնուամենայնիվ մարզպետարանից խոստացան խնդիրն ուսումնասիրել:
Նկատենք, որ սանիտարական անվտանգության համար, որպես կանոն, խմելու ջուրը քլորացվում է, ուստի, գյուղացին, հաստատ, խմելու ջուրը չի օգտագործի ոռոգման նպատակով, հակառակ դեպքում, այդքան դժվարությամբ մշակած այգիները հետզհետե կչորանան: