Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2010թ. 1-ին կիսամյակի ոչ միայն առաջին 300 խոշոր հարկատուների, այլեւ 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կազմակերպությունների ցանկը:
Ըստ այդմ՝ ամենաշատ հայտարարագրված աշխատողներ ունի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը՝ 7617, նրան հաջորդում է «ՀայՌուսգազարդը»՝ 6017, ապա «Հարավկովկասյան երկաթուղին»՝ 4411, 4-րդը «ԱրմենՏելն» է՝ 3227 հայտարարագրված աշխատողով, որից հետո «Հայփոստը»՝ 3168, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 3087, «Նաիրիտը»՝ 3074, 8-րդը «Ղ-տելեկոմն» է՝ «ՎիվՍելլ-ՄՏՍ»-ը՝ 1852 աշխատողով, 9-րդում է ՀԱԷԿ-ը՝ 1798 գրանցված աշխատողով եւ 10-ում՝ «Հայջրմուղկոյուղին»՝ 1762 աշխատակիցով:
Երբ այս ցուցակը համադրում ենք նախորդ եռամսյակ հրապարակված 3 մլն դրամ եւ ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած խոշոր ապահովադիրների» ցուցակին, մի քանի զարմանալի բաներ ենք նկատում: Նախ նշենք, որ այս ցուցակները իրար հետ համեմատելը գուցե ոչ կոռեկտ թվա, սակայն նկատենք, որ որքան շատ պարտադիր սոցապահովության վճար է վճարել ընկերությունը, այնքան շատ պետք է որ լինեն նրա գրանցված աշխատակիցները, այնպես որ՝ ինչ-որ տեղ կարելի է համեմատել այս ցանկերը: Եվ այսպես, եթե 2010թ. հունվար-մարտ ամիսների կտրվածքով խոշոր ապահովադիրների եւ 2010թ. հունվար-հունիս ամիսներին 100 եւ ավելի աշխատակից ունեցող կազմակերպությունների ցուցակներում առաջին քառյակը նույնն է, ապա դրանից հետո որոշ հարցեր են առաջանում: Մասնավորապես՝ ցուցակում չկան պետական բուհերը, օրինակ՝ ԵՊՀ-ն, որն այս տարվա 1-ին եռամսյակին գրավել էր խոշոր ապահովադիրների ցանկի 6-րդ տեղը (մուծելով 167 միլիոն դրամ), ինչպես նաեւ այդ ցանկի 11 եւ 12-րդ տեղերում հայտնված Մանկավարժական եւ Բժշկական համալսարանները, Տնտեսագիտականը, Ագրարայինը, ՀՊՃՀ-ն եւ այլն: Այս բոլոր բուհերը չկան ցուցակում, ինչը նշանակում է, որ կամ նրանք չունեն նույնիսկ 100 աշխատակից, այսինքն՝ շատ ավելի քիչ աշխատող են գրանցել, քան, ասենք, «Անանիա Շիրակացի» ճեմարանը, Երեւանի մի շարք պոլիկլինիկաներ, «Դավիթ» երթուղային տաքսին, Հյուսիսային համալսարանը, Ռուս-հայկական, «Հրաչյա Աճառյան» համալսարանները, Ֆրանսիական համալսարան հիմնադրամը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան եւ բազմաթիվ այլ ընկերություններ, կամ՝ ցանկում չհայտնվելու այլ պատճառ կա:
Ընդհանուր առմամբ 100 եւ ավելի աշխատակից է հայտարարագրել 405 ընկերություն: