Նախկին դատախազի սպանությունը բացահայտված չէ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Լոռու մարզում հանցագործությունների թիվն ավելացել է. լոռեցիներն այս տարվա առաջին կիսամյակում 117 դեպքով ավելի են հանցանք գործել, քան 2009-ի նույն ժամանակահատվածում:
Այս տարվա առաջին կիսամյակում Լոռիում գրանցված 768 հանցագործությունները կազմել են հանրապետությունում գրանցված 7692 հանցագործությունների 9,9%-ը:
«Հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է իրականացված ակտիվ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներով, ինչպես նաեւ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու դեպքերը բացառելու փաստով»,- կիսամյակի ցուցանիշները ներկայացնելիս երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Անուբախ Համբարյանը:
Բացահայտված հանցագործությունների թվում է նաեւ նախկին տարիներին կատարված 56 հանցագործություն: Այդ թվում, այս տարի բացահայտվել են անցած տարիների հնչեղ սպանություններից երկուսը. 2000թ. Ալավերդի քաղաքում կատարված սպանությունը, մյուսն էլ Լոռու մարզի Բազում գյուղի տարածքում տեղի ունեցած սպանության փորձն է:
Իսկ ահա Լոռու մարզի նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը մինչ օրս բացահայտված չէ: Նշենք, որ Լոռիում հանցագործությունների ընդհանուր աճի պարագայում առավելապես աճ է գրանցվել ծանր հանցագործությունների դեպքում՝ 9 դեպքով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
Միջին ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են:
Կիսամյակային տվյալները ցույց են տալիս, որ լոռեցիների շրջանում ավելացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը. 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 51 հանցագործություն. նախորդ տարի այս թիվը 39 էր: Թմրամիջոցների իրացման դեպքերն էլ ավելացել են հինգով:
Թրաֆիքինգի դեպքեր չեն արձանագրվել:
Այս տարի եւս Անուբախ Համբարյանն առավել կարեւորեց անչափահասների խնդիրը: Բանն այն է, որ 2010թ. առաջին կիսամյակում 47 անչափահասներ կատարել են 53 հանցագործություն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործություն կատարած անչափահասների թիվն աճել է 8-ով, իսկ նրանց կողմից կատարված հանցագործություններն աճել են 7 դեպքով:
Հայտնաբերված կոռուպցիոն բնույթի հանցագործություններն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով 41-ն են:
Ինչ վերաբերում է ապօրինի անտառահատումներին, նշենք, որ հայտնաբերվել է անտառահատման 20 դեպք, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 2 168 550 դրամի վնաս, վերականգնվել է 199 330 դրամը, մնացածը վերականգնման փուլում է: