Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ

Հուլիս 28,2010 00:00

\"\"Ըստ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի՝ մեր երկրի խոշոր հարկատուները հիմնականում նույնն են մնացել, սակայն նրանց մուծած հարկերը մի քիչ ավելացել են:

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2010թ. 1-ին կիսամյակի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Ըստ այդմ, 1-ին տեղում է «ՀայՌուսգազարդը»՝ վճարած 10 մլրդ 38 մլն դրամով, որից գրեթե 8,7 մլրդ դրամը անուղղակի հարկերն են, որոնք մենք՝ գազօգտագործողներս վճարում ենք մեր գրպանից: 2009թ. նույն ժամանակահատվածում այս ընկերությունը, որ կրկին առաջատարն էր խոշոր հարկատուների ցուցակում, վճարել էր 8,7 մլրդ դրամ հարկ, որից 7,5 մլրդը՝ անուղղակի: Այս ընկերության հետ կապված մի հետաքրքիր դիտարկում էլ ունենք. նախորդ եռամսյակում, այսինքն՝ ձմռանը, երբ բնակչությունը, բնականաբար, զգալիորեն ավելի մեծ քանակով գազ էր սպառում, «ՀայՌուսգազարդը» մուծել է 5,2 մլրդ դրամի հարկ: Այսինքն՝ գրեթե նույնքան, որքան 2-րդ եռամսյակում՝ ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների համար:

2-րդ տեղում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-Գրիգն» է, որը պահպանել է դեռ նախորդ եռամսյակում ձեռք բերած իր դիրքերը: Նկատենք, որ 2009-ի 1-ին կիսամյակին «Ալեքս-Գրիգը» 4-րդ տեղում էր՝ 6,345 մլրդ դրամ վճարելու շնորհիվ: Այս կիսամյակ ընկերությունը վճարել է 8,55 մլրդ դրամ, որի կեսը՝ 4,48 մլրդը, նախորդ եռամսյակի վճարումներն են: Բնականաբար, այս ընկերությունը նույնպես, ինչպես «Հայռուսգազարդը», կարող է պարծենալ խոշոր հարկատուների մեջ «արծաթը» շահելու բախտով՝ միայն մեր՝ շարքային սպառողների շնորհիվ, քանի որ նրա վճարած հարկերի գերակշիռ մասը՝ 6,68 մլրդը, անուղղակի հարկերն են:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «ԱրմենՏելը»՝ վճարելով 7,278 մլրդ դրամ: «ԱրմենՏելը» նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր գրեթե նույնքան գումար՝ 7,124 մլրդ դրամ՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: Ի դեպ, հետաքրքիր է, որ նախորդ կիսամյակ այս ընկերության վճարած 7,124 մլրդ դրամից 3 մլրդը ուղղակի հարկեր էին, այսինքն՝ ընկերությունը վճարել էր իր գրպանից՝ շահութահարկից եւ եկամտահարկից, իսկ այս տարի «ԱրմենՏելի» ուղղակի հարկերը ոչ միայն չեն աճել, այլեւ պակասել են՝ հասնելով 2,26 մլրդի: «ԱրմենՏելին» կրնկակոխ հետեւում է «Ղ-տելեկոմը»՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: 4-րդ հորիզոնականում հայտնված այս ընկերությունը 2010թ. 1-ին կիսամյակին վճարել է 7,270 մլն դրամ՝ 2009-ի 1-ին կիսամյակի 6,555 մլրդի փոխարեն: Սակայն այս ընկերությունն էլ է կտրուկ պակասեցրել ուղղակի հարկերի վճարումը՝ դրանք փոխարինելով անուղղակիով: Այսպես, եթե 2009-ի 1-ին կիսամյակին «Ղ-տելեկոմը» վճարել էր 3,7 մլրդ ուղղակի հարկ, ապա այժմ՝ ընդամենը 1,4 մլրդ: Համեմատության համար նկատենք, որ 2010թ. 1-ին կիսամյակին վճարած ընդհանուր հարկերով «Ղ-տելեկոմը» «ԱրմենՏելին» զիջում է ընդամենը 8 մլն դրամով, սակայն ուղղակի հարկերի առումով զիջում է գրեթե 800 մլն դրամով:

5-րդ տեղում գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունն է, որը նույն դիրքում էր նաեւ 2009-ի նույն ժամանակաշրջանում: Այս տարի «Ֆլեշը» կատարել է 5,484 մլրդի հարկային մուծումներ՝ նախորդ տարվա 5,351 մլրդի փոխարեն: «Ֆլեշին» հաջորդում է եւս մի վառելիք ներմուծող ընկերություն՝ «Սիթի Պետրոլ Գրուպը», որը 4,780 մլրդ դրամ է մուծել՝ 2009-ի 1-ին կիսամյակի 2,669 մլրդի փոխարեն, երբ զբաղեցնում էր խոշոր հարկատուների ցուցակի 8-րդ հորիզոնականը: 7-րդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 4,286 մլրդ դրամով: Այս ընկերությունը մեկ տարի առաջ ճգնաժամի արդյունքում հայտնվել էր 32-րդ տեղում, սակայն հիմա վերադարձել է ավանդաբար զբաղեցրած բարձր դիրքեր:

8-րդ տեղում Հայաստանի էլեկտրական ցանցերն են՝ 3, 282 մլրդ դրամ վճարումով: Այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում 6-րդ տեղում էր (3,052 մլրդ): 9-րդը արտասահմանյան սիգարետների ներմուծմամբ զբաղվող «Վիդիս Դիսթրիբյուշըն» ընկերությունն է, որը մուծել է 3,172 մլրդ դրամի հարկ: Եվ լավագույն տասնյակը եզրափակում է տեղական սիգարետ արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»՝ 3,113 մլրդ դրամով:

11-րդ տեղում «Օրանժ-Արմենիան» է (2,829 մլրդ), որը նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում, բնականաբար, չկար ցուցակում, իսկ այս տարվա առաջին եռամսյակում 8-րդն էր:

12-20-րդ տեղերը, ըստ հերթականության, զբաղեցրել են հետեւյալ ընկերությունները՝ Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնը, որը գրանցել է ցնցող աճ՝ նախորդ տարվա 429-րդ տեղից հասնելով այս տարվա 12-րդ տեղը, ՀԱԷԿ-ը, «Արմենիա» միջազգային օդանավակայանները, «Ավերս» ընկերությունը, «Հարավկովկասյան երկաթուղին», որը բարձրացել է նախորդ տարվա 51-րդ տեղից մինչեւ այս տարվա 16-րդը, «Միկա Քորփորեյշնը», «Ակբա-Կրդիտ Ագրիկոլ» բանկը, «Արսօյլը», «Հրազդան ԷյՋիՓիՍիՍի» ընկերությունը, որը եւս մեծ թռիչք է կատարել՝ նախորդ տարվա 80-րդ տեղի փոխարեն հայտնվելով այս տարվա ցուցակի 20-րդ տեղում:

Ի դեպ, 17-րդ տեղում հայտնված «Միկա Քորփորեյշնի» սեփականատար Միխայիլ Բաղդասարովին պատկանող մյուս խոշոր ընկերությունը՝ «Արմավիան», որը նախորդ եռամսյակ չկար նույնիսկ 1000 խոշոր հարկատուների մեջ, բնականաբար չկար նաեւ այս կիսամյակի վերջում՝ առավել եւս 300-ի մեջ: Սակայն նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նա 117-րդն էր:

Հ. Գ. Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած այս ցուցակում այլ հետաքրքիր դիտարկումներ եւս կան, որոնք առաջիկայում կներկայացնենք մեր ընթերցողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել